Էջմիածնում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի Արմավիրի մարզ կատարած նախընտրական երկրորդ այցելության հանգրվանները Մեծամոր, Էջմիածին քաղաքներն էին, դրանց մերձակա խոշոր գյուղական բնակավայրերը։
Չնայած ամպամած եղանակին եւ տեղացող ձյանը, էներգետիկների քաղաք Մեծամորի բնակիչները սպասում էին Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմակիցների հետ հանդիպմանը։ Վերջիններից նախ ելույթ ունեցավ ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։ Նա շատ համառոտ խոսեցՙ ներկաներին հավաստիացնելով, որ գործող նախագահի բռնած ճանապարհը ճիշտ է եւ որ նա կլուծի երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները։
Ռոբերտ Քոչարյանին աջակցող մյուս քաղաքական ուժիՙ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Արարատ Մալխասյանն այն համոզմունքը հայտնեց, որ վաղվա օրն ավելի լավ կլինի, քան այսօր։ Նա կոչ արեց ժողովրդին հավատալ դրան եւ որպես ապացույց թվարկեց ներկա նախագահի իշխանության տարիների ձեռքբերումներըՙ Արցախի անկախության ամրապնդում, աղետի գոտու վերականգնում, տնտեսական զարգացում եւ այլն։
Հայկական ԱԷԿ-ի կոլեկտիվի անունից խոսեց վարչության պետ Մարտին Գեւորգյանը։ Նա ընդգծեց, որ ատոմային էներգետիկայի աշխատողներին հատկապես անհրաժեշտ է այն կայունությունը, որն այսօր կա։ Նա դրական արտահայտվեց ատոմակայանը Ռուսաստանի համապատասխան գերատեսչության կառավարմանը հանձնելու սպասվող պայմանագիրը, ինչը կնշանակի, որ այլեւս սարքավորումների պակաս չի լինի։ Իր ելույթի վերջում Մարտին Գեւորգյանը Ռոբերտ Քոչարյանին ընտրվելուց հետո հրավիրեց ատոմակայան, քանի որ նախագահի հետ էներգետիկները «խոսելու շատ բան ունեն»։
Հանրահավաքի ժամանակ ի պաշտպանություն գործող նախագահի ելույթներ ունեցան քաղաքի մանկավարժների ներկայացուցիչը, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՌԱԿ, ՀԺԱՄ կուսակցությունների տեղական կառույցները։ Վերջում իր խոսքն ասաց նաեւ երկրի նախագահը։ Նա կարեւորեց երկրի ճիշտ կառավարումը եւ ճակատագրական սխալներից զերծ մնալը։ Որպես օրինակ բերվեց Մեծամորի ատոմակայանի փակումը։ Դրանից հետո տնտեսությունը կտրուկ անկում ապրեց, թալանվեցին գործարանները, Սեւանա լճից այնքան ջուր վերցվեց, որ այժմ չի վերականգնվում։ «Մեկ սխալ որոշում եւ ինչպիսի հետեւանքներ», նշեց Ռոբերտ Քոչարյանը եւ իր ու իր քաղաքական թիմի անունից պատրաստակամություն հայտնեց ղեկավարել երկիրը, զարգացնել եղած հաջողությունները։
Մեծամորի խնդիրներին անդրադառնալով, նախագահն ասաց, որ ինքը տեղյակ է ԱԷԿ-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքերի գոյությանը։ Դա հետեւանք է բաշխիչ ցանցերում տեղի ունեցող գերկորուստների, երբ հաշվիչները հետ պտտելովՙ էլեկտրաէներգիան հաշվում են 15 դրամով, երբ հավելագրումներ են արվում պոմպակայանների վրա եւ այլն։ «Մենք փակելու ենք այդ պարտքերը, առողջացնելու ենք էներգետիկ համակարգը», ասաց Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրեց, որ առաջին քայլը, բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման տեսքով, արվել է։ Նա նշեց նաեւ, որ Մեծամորում պետք է զբաղվել դպրոցաշինությամբ, մշակույթի տների, սպորտդահլիճների կառուցմամբ ու նորոգմամբ։ «Տնտեսության զարգացումը դրա հնարավորությունը կտա», իր խոսքը եզրափակեց նախագահը։
Մեծամորից հետո Ռոբերտ Քոչարյանը հանդիպումների շարք ունեցավ Հայթաղ, Արագած, Աղավնատուն գյուղերի բնակիչների հետ։ Հայթաղում նա ծաղիկներ դրեց արցախյան ազատամարտում զոհված հայթաղցիների հուշարձանին։ Արագածը 170 տարվա պատմություն եւ շուրջ 3200 բնակիչ ունեցող գյուղ էր։ Այստեղ համայնքն իր ջանքերով կառուցել է 5 կմ երկարությամբ խմելու ջրագիծը, իսկ հիմնական խնդիրը հրդեհված մանկապարտեզի նորոգումն է։ Խոշոր գյուղական համայնք էր նաեւ Աղավնատունըՙ 3 հազար բնակիչ։
Նախընտրական հանդիպումների վերջին հանգրվանը հայության հոգեւոր կենտրոն Էջմիածին քաղաքն էր։ Այստեղ էին հավաքվել նաեւ հարեւան գյուղերի (Նորակերտ, Մերձավան, Բաղրամյան եւ այլն) բնակիչներ։ Իր խոսքի մեջ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց Էջմիածնի բացառիկ լինելու հանգամանքը։ Չկա մի հայ աշխարհում, որ Հայաստան գալով Էջմիածնում չլինի։ Այստեղ, ըստ նախագահի, պետք է զարգացնել զբոսաշրջությունը։ Փորձեր են արվում առանձին-առանձին զբաղվել քաղաքի ձեռնարկություններով։ Դրանք նախկինում պատկանել են ԽՍՀՄ ռազմարդյունաբերական համալիրին։ Առաջնահերթ կարեւորության խնդիրն Էջմիածնում մարդկանց աշխատանքով ապահովելն է։ Դրանից հետոՙ քաղաքակիրթ կենցաղը։ Արմավիր քաղաքի զգալի մասն արդեն ունի շուրջօրյա ջրամատակարարում, ինչն առաջիկա տարիներին պետք է լինի նաեւ Էջմիածնում։ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ դա արդեն կարող էր իրականություն լինել, եթե քաղաքի ղեկավարությունը պատրաստ լիներ։ Նախագահն առանձնակի գովեստով արտահայտվեց Էջմիածնի ջոկատներիՙ արցախյան մարտերին մասնակցության մասին։ «Ես դիմավորում էի Էջմիածնի ջոկատներին Ղարաբաղում, գիտեմ, թե նրանք ինչպես էին կռվում եւ որքան զոհեր են տվել», ասաց նախագահը։
Իսկ ելույթի վերջում Ռոբերտ Քոչարյանը վերստին ընդգծեց ներքաղաքական կայունության կարեւորությունը, առանց որի ոչ մի երկիր հաջողությունների չի հասնի։ «Ձեր աջակցությունն եմ ակնկալում, որպեսզի ստեղծվի ներքաղաքական կայունության պահանջարկ», ասաց նա։ Մինչ Երեւան վերադառնալը նախագահը մասնակցեց նաեւ Էջմիածնի մշակույթի տան առջեւ Մհեր Մկրտչյանի հուշարձանի բացման արարողությանը։
Հ. Գ. Էջմիածնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակՙ մայիսին նախատեսվում է հանրաքվեի դնել նաեւ սահմանադրության բարեփոխումների փաթեթը։