Ասում է Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանը
Համառոտ կենսագրական
Ծնվել է 1954-ին Ստեփանակերտում։ Սովորել տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետեւՙ Երեւանի պետական բժշկական ինստիտուտի սանիտարահիգիենիկ ֆակուլտետում։ 1978-ին ավարտելուց հետո աշխատել է Ստեփանակերտի սանէպիդկայանումՙ որպես բժիշկ-համաճարակաբան։ Այնուհետեւՙ շրջանային սանէպիդկայանի գլխավոր բժշկի տեղակալ։ 1991¬93-ին եղել է նույն հաստատության համաճարակաբանության բաժնի վարիչ։ Այժմ չի աշխատում։ Հասարակական ակտիվ գործունեություն է վարում։ Վլադիմիր Սպիվակովիՙ տաղանդավոր երեխաների, ինչպես նաեւ սպիտակարյունությամբ (լեյկեմիայով) հիվանդների ողնածուծի պատվաստման հիմնադրամների պատվավոր նախագահն է։ Ունի 3 երեխաՙ Սեդրակը ծնվել է 1981-ին, Գայանենՙ 1983-ին, Լեւոնըՙ 1985-ին։
«Թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում, թե՛ սփյուռքում թող ոչ ոք չսեփականաշնորհի մեր հաղթանակը... Դա մեր բոլորի հաղթանակն է...»։ Ամիսներ առաջ Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերից իր ղարաբաղյան պատերազմ, ցավ, ցասում, ոչնչից չվախեցողի վճռականությունն արձանագրած օրագրից պատառիկներ էր կարդում ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանը։ Օրագրի մասին լուր չունեի։ Ու չգիտեի, որ ռումբերի տեղատարափի, մոմի լույսի տակ փոքրամարմին այդ կինը, երեք երեխաների մայրը շարունակաբար մի պատմություն կամ ավելի շուտ ղարաբաղյան տարեգրությունն է գրել։ Լուրջ գիր է, հուսանք մի օր կտպագրվի, կկարդանք։ Տիկին Բելլա Քոչարյանին հանդիպեցինք Բեռլինի Ֆեստունգսգրաբենի դահլիճներից մեկում, Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված համերգից հետո մատուցված ընդունելությանը, ուր թեթեւ էր տրամադրությունը, ուտեստեղենն ու ըմպելիքը։ Հետեւաբարՙ Հայաստանի Հանրապետության առաջին տիկնոջն ուղղված իմ հարցերըՙ մթնոլորտին համահունչ։
¬ Տիկին Քոչարյան, ինչպե՞ս եք ծանոթացել Ռոբերտ Քոչարյանի հետ։
¬ Միասին սովորում էինք դպրոցում, այդ տարիներին մեր հարաբերություններն ընկերական էին։ Հետագայում երբ հանդիպեցինք, երեւի այնպես ստացվեց, որ ուրիշ աչքերով իրար նայեցինք։
¬ Պարոն Քոչարյանը Ձեզ սիրո՞ւն էր սիրահետում։
¬ Այո, այո։
¬ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահն է, իսկ Քոչարյանների տանն ո՞վ է նախագահում։
¬ Մեր տանը նախագահ չկա, կա ամուսին, կա հայր, մայր, կան երեխաներ, ընտանիք։ Յուրաքանչյուրն ընտանիքում իր կարծիքն, իհարկե, ունի, բայց վերջնականը երեւի հոր կարծիքն է։ Խորհրդակցում ենք, զրուցում եւ վերջնական որոշման ենք հանգում։
¬ Տիկին Քոչարյան, մինչ Հայաստանի Հանրապետության առաջին տիկին լինելը Դուք 1994¬97 թթ. Լեռնային Ղարաբաղի առաջին տիկինն էիք։ Այսօրվա հայացքով ինչպե՞ս եք նայում անցած այդ ժամանակահատվածին։
¬ Երբ Ղարաբաղի առաջին տիկինն էի, ուրիշ տարիներ էինՙ հետպատերազմյան մի ժամանակաշրջան էր։ Ամեն ինչ տեսանքՙ թե՛ պատերազմ, թե՛ պակասություն։ Հիմա ժամանակները լրիվ փոխվել են, դեպի լավըՙ իհարկե։ Բայց ամեն ինչ այն ժամանակվանից սկսվեց։
¬ Իբրեւ առաջին տիկին Ձեր աշխատանքի բնույթը փոխվե՞լ է։
¬ Ավելի աշխուժացել է, ակտիվացել։ Հիմա, իհարկե, ավելի շատ աշխատանք կա։ Ես երկու հիմնադրամների պատվավոր նախագահ եմ։ Սպիտակարյունությամբ (լեյկեմիայով) տառապող հիվանդների ողնածուծի պատվաստման հիմնադրամի շնորհիվ ունենք համահայկական գրանցման մատյան, ուր հայ դոնորներ են ընդգրկված։
¬ Հայտնի է, ՀՀ նախագահը սպորտ շատ է սիրում, բասկետբոլը նրա հոբբին է, Դուք ի՞նչ եք նախընտրում։
¬ Սպորտ, իհարկե, սիրում եմ, բայց ավելի շատ ինձ երաժշտությունն է մոտ, սիրում եմ կարդալ, հետեւում եմ գրական նորություններին։
¬ Ընտանեկան ավանդույթի համաձայն կա՞ մի ճաշատեսակ, որ տարեդարձների, տոների ժամանակ պարտադիր լինում է Քոչարյանների սեղանին։
¬ Չէ, այդպիսի պարտադիր կերակուր չունենք։ Մեր սովորական կերակուրներն են։
¬ Ղարաբաղցու համար, ասում են, ժընգըլով հացը պարտադիր է։
¬ Այո, անփոխարինելի է, սակայն Երեւանում միշտ չի ստացվում ունենալ։ Բայց, իհարկե, ես շատ եմ սիրում ժընգըլով հացը, դա մի հրաշալի կերակուր է։
¬ Շատ կարեւոր մասնագիտություն ունեք։ Բժիշկ-համաճարակաբան Բելլա Քոչարյանն ի՞նչ է անում Հայաստանում հասարակության առողջացման համար։
¬ Կոնկրետ չեմ կարող ասել, բայց յուրաքանչյուր փոքր աշխատանք պայմաններ է ստեղծում, որ հասարակությունն առողջանա։ Իմ ուժերի չափ աշխատում եմ։
¬ Ձեր երեխաներն ի՞նչ են անում հիմա։
¬ Սովորում են համալսարանում։ Մեծ տղասՙ Սեդրակն, արդեն մագիստրատուրայում է, Գայանենՙ իրավաբանական ֆակուլտետի երրորդ, իսկ փոքր տղասՙ Լեւոնը, նույն ֆակուլտետի առաջին կուրսում են։ Լավ են սովորում, կուզենայի, որ իրենք էլ լավ մասնագետ դառնային։
¬ Կուզենայի՞ք, որ նրանք էլ քաղաքականությունն ընտրեին։
¬ Իմ ուզենալով չէ, իրենք պիտի ընտրեն, բայց այդպիսի ցանկություն, իհարկե, չունեմ։
¬ Տիկին Քոչարյան, եթե ականջալուր լինենք մերձավոր շրջապատին, ապա Ձեր մասին ամենից հաճախ ասում են, թե համեստ եք։
¬ Ինքս ինձ չեմ կարող բնութագրել։ Ինչպես ինձ պահում եմ, այնպիսին եմ։ Համեստությո՞ւն է, թե ի՞նչ է, չգիտեմ։
¬ Նաեւ ասում են, թե միշտ մատչելի եք, կարելի է Ձեզ հետ զրույցի բռնվել, այսպես ասած, թիկնապահների աուրան չկա։
¬ Ես հարգում եմ մարդկանց, փորձում եմ ընդհանուրի մեջ միավորներ գտնել։ Յուրաքանչյուր մարդ ինձ համար հետաքրքիր է։ Եթե մարդիկ ուզում են հանդիպել ինձ հետ, զրուցել, հնարավորինս դա իրագործում եմ, փորձում եմ լսել մարդկանց, նրանց հոգսերը, ցավերը, ինչքան հնարավոր է օգնում, աջակցում եմ։
¬ Սերժ Սարգսյանը մի անգամ ասաց, թե այնքան ջերմ են իմ հարաբերությունները Քոչարյան ընտանիքի հետ, որ գնացել էի նրա որդու համար աղջիկ ուզելու։ Ո՞ւմ ձեռքն ու սիրտն էիք խնդրում։
¬ Մեծ տղայիսՙ Սեդրակի մասին է։ Մենք շատ մտերիմ ենք Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ, շատ լավ կին ունի, երկու աղջիկ։ Մենք մտերիմ ենք։
¬ Գերմանահայ համայնքն այսքան շքեղ պետական ներկայություն չէր ունեցել։ Ջերմ հայացքներով ու բառերով շրջապատված ի՞նչ զգացում եք ունենում, երբ մոտենում են, մոտավորապես այսպես ասումՙ մենք թիկունք կլինենք, եւ պարոն Քոչարյանը կվերընտրվի։
¬ Իհարկե, շատ հաճելի է նման բառեր լսել, նման վերաբերմունքը շոյում եւ խրախուսում է։
¬ Ձեզ համար սփյուռքի այսպիսի վերաբերմունքն անսպասելի՞, թե՞ սպասելի էր։
¬ Ճիշտն ասած, սփյուռքում միշտ զգում էի այս վերաբերմունքը։ Որ նախագահինՙ Ռոբերտին այստեղ լավ են վերաբերվում, ինձ համար անսպասելի չէր։ Ալվարդ Պետրոսյանը մի անգամ ասաց, թե սփյուռքահայությունը նման է երեխայի, նրանց զգացմունքներն ուրիշ են։ Ըստ իս, գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը նախագահի գործունեությանը լավ է վերաբերվում։
¬ Տիկին Քոչարյան, ի՞նչ ապագա եք տեսնում Հայաստանի համար։
¬ Ես լավատես եմ։ Կարծում եմ, Հայաստանում կյանքը կլավանա, որովհետեւ երբ վերլուծում եմ, տեսնում եմ, որ հետզհետե դրականը շատանում է։ Ուրիշներն էլ են ասում, նույնիսկ Ելցինն իր վերջին այցի ժամանակ ասաց, թե 21-րդ դարը հայերի համար կլինի։
¬ Իսկ տիկին Նաինան ի՞նչ կարծիքի էր։
¬ Թե՛ Նաինա Օսիպովնան, թե՛ Բորիս Նիկոլաեւիչը հիացած էին Հայաստանով։ Շատ ուրախ եմ, որ ծանոթացա այդ զույգի հետ, շատ հաճելի տպավորություն թողեցին։ Տիկին Նաինան հրաշալի կին է, շատ բաց է եւ Հայաստանում շատ բան հիացնում էր նրան։ Նա հավանեց մեր բնությունը, մեր եկեղեցիները, ճաշերը։ Եվ գիտե՞ք, կարեւորն այն է, որ նա արտահայտվում էր, շատ անմիջական կին է։
¬ Ռուսաստանի ներկայիս առաջին տիկինն էլ եղել է Հայաստանում։ 2001-ին Լյուդմիլա Պուտինայի հետ ռուսաց լեզվին նվիրված միջոցառում էիք կազմակերպել Երեւանում։ Նրա մասին ի՞նչ կասեք։
¬ Սկզբում մենք այցով եղանք Ռուսաստանում, այնուհետեւ նրանք եկան Հայաստան, հետո տիկին Պուտինան մեր հրավերով առանձին այցելեց Հայաստան, որտեղ ռուսաց լեզվին նվիրված օլիմպիադա կայացավ։ Տիկին Պուտինան էլ հիացած գնաց։ Կարծում եմ, որ ռուս-հայկական հարաբերությունները հետզհետե ավելի կզարգանան, ավելի կջերմանան, որովհետեւ Ռուսաստանը շատ կարեւոր երկիր է մեզ համար։ Ռուսներն ավելի են համոզվում, որ մեր վերաբերմունքն իրենց երկրի հանդեպ բացառիկ է։ Հարստություն է պահպանել այդ հարաբերությունները, ինչպես նաեւՙ ռուսաց լեզուն։
¬ Ի՞նչ ուղերձ, ցանկություն ունեք։
¬ Բոլորին առողջություն, հաջողություն եմ մաղթում։ Թող լավատես լինեն, կարծում եմՙ ամեն ինչ լավ պիտի լինի։ Եթե յուրաքանչյուրս լավ աչքերով նայենք թե՛ այսօրվան, թե՛ ապագային, ամեն ինչ լավ կլինի։ Մենք պիտի միասին լինենք, չհուսահատվենք։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բեռլին, Արտատպված է «Օրեր» ամսագրից