Սիրելի հայրենակիցներ, այս օրերին, երբ որոշվում է, թե ով է դառնալու Հայաստանի նոր նախագահը, մենքՙ սփյուռքում ապրող հայաստանցիներս, ուշի-ուշով հետեւում ենք այդ զարգացումներին, քանզի ձեր ճիշտ կողմնորոշմամբ է իրականանալու սփյուռքահայության երազանքըՙ ինչպես հետդարձի, այնպես էլ Հայաստանը տեսնել հզոր, զարգացած տնտեսությամբ, ամուր դիրքերով, ճիշտ ու ճկուն քաղաքականությամբ... Այսօր այս ամենը ձեր ձեռքերում է։
Հետեւելով քարոզարշավի ընթացքին, հեռուստաելույթներին, ես իմ հայրենակիցներին կոչ եմ անումՙ այս աթոռակռվում չտարվել թեկնածուների մոգական խոստումներով, թույլ չտալ հարցականի տակ դնել Հայաստանի վաղվա օրը։ Մի՛ խաբվեք կեղծ ժպիտներին, սուտ ինքնավստահությանը։ Խոստումներ տալը հեշտ է, իրագործելն է դժվար։
Երբ թեկնածուներն ասում ենՙ «Մենք գիտենք ոնց կանե՛նք, ումով կանե՛նք» կամ «Մե՛նք ավելի կարագացնե՛նք զարգացման տեմպերը», կամՙ «Քոչարյանը սկսել է, մենք կշարունակենք»։ Մեկը հարցնող լինիՙ եթե այդքան ժողովրդին սիրում եք, ինչո՞ւ, ումի՞ց եք պահում ձեր իմացածըՙ ինչո՞ւ, մեզանի՞ց, ժողովրդի՞ց։ Ամբողջովին թալանված երկիր ժառանգելովՙ Ռ. Քոչարյանը կարողացավ սայլը տեղից շարժել, երկիրը տանել զարգացման ճանապարհով, որի հիմքերն օր-օրի ավելի են ամրանում։ Եթե այդքան շատ եք սիրում ժողովրդին ու հայրենիքը, եթե սին չեն ձեր խոստումները, ուրեմն թիկունք կանգնեք Քոչարյանին, ոչ թե Կռիլովի հայտնի առակի նման ամեն մեկդ ձեր կողմը ձգեք։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն կուսակցություններին, կոլեկտիվներին ու անհատ մարդկանց, ովքեր այս վճռորոշ պահին նախագահի կողքին են, կարողանում եմ վեր կանգնել սեփական շահերից։ Սիրելի՛ հայրենակիցներ, եկեք առաջնորդվենք մեր պապերից եկող իմաստուն խոսքերովՙ փորձված թանն անփորձ մածնի հետ չփոխենք։
ՍՈՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Բրյուսել