Հասարակությունը զերծ կմնա ամեն մի ոտնձգությունից
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Քարոզարշավը մոտենում է եզրագծին, եւ ՀՀ նախագահի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանի հրավիրած մամլո ասուլիսն այս առթիվ լրատվամիջոցների անսպառ հարցերը բավարարելու փորձ էր։ Անհնար համարելով մանրամասն անդրադառնալ յուրաքանչյուր հարց ու պատասխանի, ներկայացնում ենք այն էականը, որ հնչեց ասուլիսում, եւ որը, անշուշտ, ընտրությունների շեմին առանձնակի կարեւորվելու է։
Ասուլիսի հենց սկզբում Սերժ Սարգսյանը լրագրողական ընդդիմադիր դաշտի կողմից հոգեբանական գրոհի ենթարկվեցՙ պատրա՞ստ է արդյոք պարտության ՀՀ նախագահին աջակցող քաղաքական թիմը։ «Մեր երկրում լուրջ փոփոխություններ չեն լինելու... մեր իրավապահ մարմինները, առավել քան երբեւէ, հստակ են գործում եւ խորհուրդ չէի տա որեւէ մեկին նույնիսկ թղթակցուհու միջոցով մեզ շանտաժ անել», նույնպես մարտական ոգով պատասխանեց շտաբի պետը «Օրրան» թերթի լրագրողուհուն։ Ընտրությունների երկրորդ փուլ լինել-չլինելու վերաբերյալ նա վստահություն հայտնեց, որ իրենց թեկնածուն հաղթելու է հենց առաջին փուլում։ Այդ վստահությունը լուրջ հիմքեր ունիՙ արդեն կատարված աշխատանքը եւ ապագայի վերաբերյալ հեռանկարային ծրագիրը։ Իսկ եթե երկրորդ փուլն, այնուամենայնիվ, լինի, ապա ե՛ւ թեկնածուի, ե՛ւ նրա թիմի կյանքում «բազմաթիվ անակնկալներ էլի եղել են, որոնք չեն կարողացել հանկարծակիի բերել։ Իսկ շտաբը հենց նրա համար է, որ վերլուծություններ անի եւ միջոցներ ձեռնարկի»։
Անշուշտ, նախագահական ընտրությունները ժողովրդավարության համար լուրջ փորձություն են։ Նախորդ ընտրությունները, այդ իմաստով, լիովին չեն համապատասխանել դրա չափանիշներին, բայց, ըստ Ս. Սարգսյանի, այնուամենայնիվ, մեր երկրում, ընտրությունից ընտրություն որոշակի առաջընթաց եղել է, որ արձանագրել է նաեւ միջազգային հանրությունը։ Այդ առաջընթացը հիմա էլ լինելու է, թեեւ «տարբեր ուժեր, տարբեր մարդիկ հոխորտում են, բայց կրկնում եմ, իրավապահ մարմինները, հանրապետության նախագահը պատրաստ են դիմակայելու ցանկացած ոտնձգության, պատրաստ են ապահովելու հասարակության խաղաղությունը։ Թե՛ գործող նախագահը, թե՛ նախընտրական շտաբի պետը դատապարտել են նախընտրական շրջանի սադրանքները։ Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ ազատ, արդար ընտրությունները ձեռնտու են ՀՀ նախագահին եւ նախընտրական շտաբին։ Այդ ուղղությամբ մենք ջանացել ենք առավելագույն ջանք ներդնել եւ, կարծում եմ, որ հաջողվել է», ասաց Սերժ Սարգսյանը։ Նրա համոզմամբ, ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կստանա քվեների կեսից ավելին։
Անդրադառնալով ընտրակեղծիքների անխուսափելիության վերաբերյալ ընդդիմության հավաստիացումներին, Ս. Սարգսյանը ընդգծեց, որ այդ մասին նրանք խոսում են արդեն տարուց ավելի, քանի որ մարդիկ ընդհանրապես դժվար են համակերպվում հավանական պարտությանը, եւ սովորաբար ձախորդությունները կապում են ոչ թե իրենց, այլ ուրիշների գործունեության հետ։ Նրա կարծիքով, գործընթացին ընդդիմության չափանիշներով վերաբերվելու դեպքում իրենք շատ ավելի մեծաքանակ փաստարկներ կարող էին ներկայացնել, բայց շատ ավելի լրջորեն վերաբերվելով խնդրինՙ աշխատում են վերանալ մանրուքներից եւ աղմուկ չսարքել։ Իսկ օրինակներ կան, ինչպես ԿԸՀ-ի սահմանած ժամկետների գերազանցումը, ընտրողների եւ թեկնածուների հանդիպումների ժամանակ սադրանքները, ամենատարբեր հերյուրանքների տարածումը։
Սերժ Սարգսյանը հնչած հարցերի համապատասխան վերլուծեց նաեւ քարոզարշավի կոնկրետ դրվագներ, ինչպես իր եւ Արտաշես Գեղամյանի բանավեճը Հանրային հեռուստատեսությամբ։ «Ես չէի ցանկանա անդրադառնալ Ա. Գեղամյանիՙ բանակում ծառայել-չծառայելու խնդրին, քանի որ դա իբրեւ արատ չենք ընկալում։ Մենք ուղղակի նրան համեմատել ենք 2 այլ թեկնածուների հետ եւ առաջարկել ընտրություն անել։ Բայց իր բնավորության համաձայն, պրն Գեղամյանը մեր ասածը ընդունեց իբրեւ պիտակ եւ սկսեց արդարանալ ու եթերում թափահարել պահեստի սպայի վկայականը։ Բայց ի՞նչ իմաստ ունի մարդկանց թյուրիմացության մեջ գցել։ Ես հիմա ստիպված եմ ասել, որ Ա. Գեղամյանը 1971 թ. պոլիտեխնիկն ավարտելուց հետո, իրոք, խուսափել է զինծառայությունից... Նա այդ գրքույկը ստացել է 1987 թ.-ին, Երեւանում, 60-օրյա կուրսեր անցնելուց հետո։ Էհ, չի ծառայել, չի ծառայել, դա մեծ մինուս չէ, բայց մի փախիր կենսագրությունիցդ եւ ժողովրդին թյուրիմացության մեջ մի գցիր»։
Ռ. Քոչարյանի թեկնածուական առավելությունները Ս. Սարգսյանը դիտարկեց մյուս հավակնորդների հետ համեմատության ենթատեքստում, այն պարզաբանմամբ, որ անփոխարինելի մարդիկ չկան, բայց նախընտրելին Ռ. Քոչարյանն է, որովհետեւ մյուսների հետ «համեմատության որեւէ եզր չունի, եւ նրանցից 1¬2 գլխով բարձր է»։ Այդ պատճառով իրենք առաջին պլան են մղել իրենց թեկնածուի բարեմասնությունների քարոզչությունը, ոչ թե հերյուրանք տարածելը։ Ս. Սարգսյանի համոզմամբ, ի սկզբանե ընդդիմությունը պայքարել է երկրորդ տեղի համար, այլապես կառաջադրեր միասնական թեկնածու եւ գուցե առաջին փուլում ամեն ինչ ավարտվեր։ Բայց այդպիսի խնդիր նա իրականում չի ունեցել, եւ նախընտրական դաշտում արտառոց վերադասավորումները, ինչպես, օրինակ, Պարույր Հայրիկյանիՙ Վլ. Դարբինյանի կողքին հայտնությունը հենց այդ հանգամանքով, ինչ-որ բանի, այնուամենայնիվ, հասնելու ձգտումով է բացատրվում։
Նա նաեւ օրինական համարեց որոշ նախարարների մասնակցությունը քարոզարշավին, ովքեր քարոզչությամբ զբաղվել են արձակուրդում գտնվելու կամ աշխատանքից ազատ ժամերին եւ չեն օգտագործել պետական միջոցներ։ Նախագահը չի կարող պայքարել առանց իր քաղաքական թիմի աջակցության, իսկ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է։
Ս. Սարգսյանը հավաստեց, որ Ռ. Քոչարյանի վերընտրվելու դեպքում փոփոխություններ չեն լինի նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում։ Մասնավորապես, Թուրքիայի պարագայում անհրաժեշտ է ունենալ դիվանագիտական, տնտեսական եւ այլ հարաբերություններՙ միեւնույն ժամանակ հետամուտ լինելով մեր ազգային շահերին։ Որեւէ փոփոխություն չի լինելու նաեւ Արցախի խնդրում։ «Երբեք Ռ. Քոչարյանը պարտվողական քաղաքականություն չի որդեգրել, երբեք մեր ժողովրդի արժանապատվությունն առուծախի առարկա չի դարձնելու»։ Այս առթիվ ընդդիմության շահարկումներին շտաբի պետն այսկերպ արձագանքեց. «Լավ, եթե մեզ թուրք, օտար անվանող մարդիկ հանկարծ գան իշխանության, ապա ո՞նց են լուծվելու մեր անվտանգության խնդիրները։ Եթե նրանք արդեն քարտեզներ են ներկայացնումՙ Հայաստան-Արցախն առանց այդ տարածքների, բա հետո ո՞նց են խոսելու»։
«Ազգի» այն հարցին, թե ինչպե՞ս է նախընտրական շտաբի պետը վերաբերվում քարոզարշավի ընթացքում հնչած այն ակնարկներին, թե պարտության դեպքում ընդդիմությունը կարող է դիմել ագրեսիվ քայլերի, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Ես հավատացնում եմ մեր ժողովրդին, որ ընտրությունների ցանկացած արդյունք ցանկացած մարդ ընդունելու է։ Ինչ վերաբերում է այն ուժերին, ովքեր տղայություն են անում, դուրսպրծուկի պես հայտարարում են, թե էս ենք անելու, էն ենք անելու, ապա դա լուրջ չէ։ Մեր ժողովուրդը մի լավ բան է ասումՙ մոլլան էլ չէր ուզում մեջիդ գնալ։ Դե թող ժողովուրդը Քոչարյանին քվեարկի, տեսնենք, ով չի՞ ընդունում»։
«Ազգի» մյուս հարցին, թե ո՞ւմ էր համարում ինքը ընդդիմության միասնական թեկնածու, Սերժ Սարգսյանը դժվարացավ պատասխանելՙ հավանական տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար։ Համենայն դեպս, իր բնորոշմամբ, նա ենթադրում էր ոչ այս «գաստրալյորներին», ովքեր պարզապես մարզվում էին, փորձ ձեռք բերում քարոզարշավի ընթացքում։