Նույնիսկ Ղարաբաղյան հիմնահարցը, որը նախագահական նախորդ ընտրություններում, հասկանալի պատճառով, քարոզարշավի ու բանավեճի հիմնական լեյտմոտիվն էր, ներկա ընտրապայքարում երկրորդ պլան է մղվել։ Էլ ավելի անտեսված են մնում տարածաշրջանային եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական խնդիրները, որոնք, հատկապես այս օրերին, փոքր, միջին եւ նույնիսկ հզոր երկրների ժողովուրդներին են մտահոգում։ Արդյոք նման հարցերը մեր ժողովրդին չե՞ն հետաքրքրում։ Արդյոք հասարակության լյումպենացումը դարձել է համատարա՞ծ երեւույթ։ Չենք կարծում։
Անշուշտ, մեր ժողովրդի, բոլո՛ր ժողովուրդների լայն խավերին առաջին հերթին հետաքրքրում են իրենց ապրուստը, աշխատանքի եւ աշխատավարձի հարցերը, երեխաների կրթությունը, առողջապահության խնդիրները, նպաստները, հարկերն ու տուրքերը։ Սակայն եթե մեր ժողովրդին բացատրվի պարզ ու հասկանալի լեզվով, թե տարածաշրջանային ինչպիսի փոփոխությունների հորձանուտում կարող է հայտնվել մեր փոքրիկ երկիրը, թե հնարավոր այդ փոփոխությունների արդյունքում ինչպիսի սպառնալիքներ են կախված նույնինքն Ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծման գլխին, որի համար այդքան ծանր զոհողություններ է հանձն առել այս ժողովուրդը, ապա համոզված ենք, որ ժողովուրդը, հատկապես ընտրող մեր զանգվածները պիտի հասկանան, որ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական նման անկայուն մթնոլորտում հանրապետության նախագահի փոփոխությունը պարզապես կործանարար կլինի մեր երկրի, նրա երիտասարդ ժողովրդավարության, անգամ վերականգնման հազիվ առաջին քայլերը կատարող մեր տնտեսության համար։
Ոչ ոքի ահաբեկելու նպատակ չունենք։ Արդեն իսկ ահաբեկված են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները։ Ապացույցՙ շաբաթ օրը երկրագնդի հարյուրավոր քաղաքներում ու բնակավայրերում, այդ թվում նաեւ Մ. Նահանգների տարածքում միլիոնավոր մարդկանց հզոր ցույցերը հակաիրաքյան պատերազմին «ոչ» ասելու համար։ Նրանց ցույցը սոսկ մարդասիրական մղումներ չուներ, այլեւ իրենց շահերի ու կեցության հետ կապված մտահոգություններն էին նրանց փողոց դուրս հանել։ Եվ եթե այդ պատերազմը տեղի ունենա, ինչը խիստ հավանական է, ապա տարածաշրջանային վտանգավոր զարգացումներն ընդգրկելու են նաեւ Անդրկովկասը, Հայաստանն էլ հետը։ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը հայտնվելու են կտրուկ որոշումների եւ քայլերի ստիպողության տակ։ Մենքՙ նույնպես։ Խախտվելու է հավասարակշռությունը մեր երկրի շուրջը եւ, Աստված մի արասցե, մեր երկրի ներսում։
Ժողովրդական իմաստությունը եւ քաղաքական հասունությունը պահանջում են կառչել ստեղծված ներքին կայունությունից, ամրապնդել այն, առավելագույն վստահությունը հայտնել գործող նախագահին, միաժամանակ առավելագույն պատասխանատվությունը դնելով նրա ուսերինՙ արդարամտության, հետեւողականության, երկիրը բալաստից ու կաշառակերներից ազատելու պատասխանատվությունը։
Ներկա ծանր պայմաններում Հայաստանի նախագահը թիկունքում պետք է զգա ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը։