«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2003-02-14 | #29, 2003-02-15 | #30, 2003-02-17


ԹԻԿՈՒՆՔ ԿԿԱՆԳՆԵՆ ԱՐԺԱՆԱՎՈՐԻՆ

Իմ հին հարեւան գյումրեցի Գոքորը ամենալավ ընտրողը կարող է համարվել։ Ինչուՙ որովհետեւ մասնակցել է Գյումրի եկած բոլոր նախագահական թեկնածուների հետ հանդիպումներին, ծանոթացել նրանց ամեն ինչին, որ կողմնորոշվի եւ մտածված ընտրություն կատարի։ Մտածել է ու ասում է. «Այ մարդ, չի՞ լինիՙ միանգամից երեք հոգու ընտրեմ. մեկը նախագահ, մեկը վարչապետ, մյուսն էլ Ազգային ժողովի նախագահ։ Էդ էլ թող իրենք իրար մեջ որոշեն, փուչք գցեն»։ Բայց քանի որ այդպես հնարավոր չէ, Գրիգորն իր միակ ընտրությունը կատարել է ու իր պես չմտածող ծանոթ-բարեկամներին ընկերաբար ձեռ է առնում։ Գործող նախագահի մրցակից թեկնածուներից մեկի հանդիպման ժամանակ, երբ կողքին կանգնած մեկը շատ դժգոհեց, թե ինչու է թատրոնի շենքի ճակատին վաղուց փակցված պաստառին ինչ-որ մեկը բոլորի անունից հանդես եկել ու գրել. «Պարոն Քոչարյան, Շիրակը ձեզ հետ է», Գրիգորս դարձավ, թե «Տնաշեն, շատ դարդ մի՛ էնե, էդ Շիրակը մե մարդու անուն է»։ Հետո մի տեսակ կռվազան նայեց ուղիղ կողքինի աչքերին եւ հատ-հատ շեշտեց. «Բայց էդ Շիրակը կերեւա խելքը գլխին մարդ է, հալալ էղնի իրան...»։

Գյումրին սկզբում դանդաղ, բայց հիմա արդեն բավականաչափ համակվել է նախընտրական տրամադրություններով։ Եվ հետաքրքիր է, որ առօրյա զրույցներում նույնիսկ տարբեր թեկնածուների համակրող մարդիկ անպայման խոսում են նաեւ գործող նախագահ-թեկնածուի մասին, տալիս նրա արածի ու չարածի իրենց գնահատականները։ Մեկն ասում էՙ բա էսքան շենքերը որ կառուցվում ենՙ ո՞ւմ հունարն է, մյուսն էլ թեՙ լավ, իսկ որ գործ չկա, աշխատանք չկա... Մի տարեց թոշակառու, որի հետ առիթ եղավ զրուցելու, ասաց. «Ես էդ մարդուց չեմ կարող դժգոհել։ Կար ժամանակ, որ երկու-երեք ամիսը մեկ էին թոշակ տալիս, միշտ ուշացումով։ Իր օրոք թոշակ, նպաստ ժամանակին ստանում ենք։ Վերջին մի տարում էլ, երկու-երեք անգամը միասին, թոշակս համարյա 2000 դրամով ավելացել է։ Քիչը էլի քիչ է, բայց ամեն ինչ կամաց-կամաց կլինի։ Ես իրեն հավատում եմ ու իրեն եմ ձայն տալու»։

Տարիքով ավագ լրագրող գործընկերոջս հորեղբոր տղան, որի հետ ինքը մեծացել է, վերջերս մահացել էր։ Տան մեջ մենակ։ Հանգուցյալի քույրը, եղբայրը, երկու զավակները հուղարկավորությանը չէին կարողացել գալ... որովհետեւ դրսում էին։ Ամեն մեկը մի երկրում։ Այս ընկերս երկրի նախագահին ձայն չի տալու... «Այս ժողովրդից խորթացած կարիերիստների, պատեհապաշտների, քծնողների բանակը, որոնց շարքերում եղած պարկեշտ մարդիկ էլ շատ բան չեն կարող փոխել, պետք է հեռանա, ասաց մեկը։ Նոր մարդ է պետք, նրանց հետ որեւէ թելով չկապված ու չկաշկանդված, որ նրանց քշի, իշխանությունը իրոք ժողովրդին վերադարձնի։ Վերեւներից սկսվող ստվերայնությունը, կլանայնությունը վերջապես պիտի արմատախիլ արվեն։ Այդ բոլորը կարող է անել միայն Գեղամյանը, Հայաստանը դարձնել օրենքի երկիր ու օրենքի առաջ բոլորին հավասար։ Մարդը վերջապես արժեք պիտի լինի, գլխավոր արժեքը»։

Երկու հոգի կանգնած խոսում էին Ստեփան Դեմիրճյանի մասին։ Կամ վիճում։ Առավել ակտիվ վիճողն այսպիսի դատողություն արեց. «Այ, ասում են, չէ՞, թե նախագահը պետք է շարունակի իր սկսած գործը։ Դե, Դեմիրճյանի որդին էլ իր հոր կիսատ թողածը կարող է շարունակել, ի՞նչ է եղել։ Այդ ո՞վ է պատրաստի պրեզիդենտ ծնվել որ...»։

Բավական որոշակի է թվում Վազգեն Մանուկյանի ընտրողների շրջանակը. ԱԺՄ կառույցը մարզում վաղուց եւ առավել կայուն գործողներից մեկն է։ «Նրա քաղաքական փորձը, գաղափարական պատրաստվածությունն ու ղեկավարման կարողությունները մեկ անգամ չէ, որ պետք են եկել հանրապետությանը եւ այսօր էլ պետք են», նշեց հերթական զրուցակիցս։

Մտավորական տեսքով միջին տարիքի մի մարդ հարցիս պատասխանեց պատկերավոր դատողությամբ. «Քոչարյանը խավարում մի մոմ վառեց։ Դա այսօր արդեն քիչ է, բայց դա դժվար սկիզբն էր։ Չլուծված հարցեր դեռ շատ կան, բայց լավ սկիզբը կարեւոր է։ Ուրեմն պիտի թիկունք կանգնենք նրան, հնարավորություն տանք ու պահանջենք, որ երկիրն առաջ տանի։ Ես բոլոր թեկնածուներին էլ հարգում եմ, բայց ամենից շատ հավատում ու նախընտրում եմ Քոչարյանին։ Չմոռանանք նաեւ, որ մենք Ղարաբաղի հարց ունենք։ Այստեղ էլ իմ ամենաշատ սպասելիքները նրանից են»։

Իսկ մի ուսանողուհի իր կողմնորոշումն այսպես արտահայտեց. «Քոչարյանը ուժեղ եւ հայրենասեր մարդ է։ Ես եւ իմ շատ ընկերներ մեր ապագան, մեր սերնդի ապագան կերտելու գործը նրան ենք վստահում։ Եվ ուզում ենք հավատալ, որ չենք սխալվելու»։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4