«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2003-02-14 | #29, 2003-02-15 | #30, 2003-02-17


ՀՌԱԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՏԱԲԻՆ

Այսօրՙ նախագահական ընտրությունների քարոզարշավի եզրափակման հետ, իր աշխատանքներն է ամփոփում նաեւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբին զուգահեռ գործող «Հանրային ընդունարանը»։

Թեքեյան կենտրոնի շենքում տեղակայված ընդունարանը ՀՌԱԿ նախաձեռնությամբ ստեղծվել եւ գործում է հունվարի 21-իցՙ ՀՀ քաղաքացիների համար հերթական հնարավորությունը ստեղծելով ընթացք տալ իրենց դիմում-բողոքներին, առաջարկներին։ 1998-ին եւս այսպիսի ընդունարան է կազմակերպվել ՀՌԱԿ նախաձեռնությամբ։ Եվ այս անգամ էլ, կուսակցության շուրջ քառասուն անդամներ երկու հերթափոխով աշխատել են հասարակական կարգով։

Երեւանից, բոլոր մարզերից այս ընդունարանին դիմող մեր հայրենակիցների խնդիրները հիմնականում առնչվում են դատաիրավական, առողջապահության, կոմունալ-կենցաղային, կապի, գյուղատնտեսության ոլորտներին։ Հաճախակի են պետական ապարատի գործունեության ձեւից, իրենց աշխատանքից, աշխատավարձից դժգոհությունները։

Լինում են նաեւ անհեթեթ դիմումներ։ Այսպես, հանձնաժողովի գործունեության հենց առաջին օրը մեր մի հայրենակից Թեքեյան կենտրոն էր գնացել բողոքելու, որ իր որդու կինն իրեն ծեծում է։ «Լինում են եւ բարեմաղթանքներ նախագահի մեր թեկնածուին, կամ խնդրանքներՙ դառնալ իրենց կնքահայրը եւ այլն», մեզ հետ զրույցում նշեց «Հանրային ընդունարանի» ղեկավարը։

Նրա պարզաբանմամբ, ՀՌԱԿ կամավորներն ընդունում են դիմումները, ձեւակերպում բանավորները, դասակարգում դրանք համակարգչի միջոցով։ Այնուհետեւ արդեն համակարգված դիմումները հանձնվում են ՀՀ օրենսդրական դաշտն ու գերատեսչական ապարատն իմացող փորձագետների խմբին։ «Սա էլ, հնարավորության դեպքում նաեւ հարցումներ կատարելով համապատասխան մարմիններին, քաղաքացիների խնդիրների լուծման հնարավորությունների մասին տեղեկանքներ է վերադարձնում մեզ»։

«Հանրային ընդունարանն» էլ, փաստորեն, պատասխանների մասին տեղեկացնում է դիմած քաղաքացիներին։ Երեկվա դրությամբ ընդունարանը ստացել էր շուրջ 8000 դիմում։ «Սրանց 20 տոկոսը դեռեւս անպատասխան է։ Եվ սա բնական է, քանզի մեր աշխատանքի ամենաարագ տեմպերի դեպքում էլ խնդրին արձագանքելու, քաղաքացուն խորհուրդ տրվող ճանապարհը գտնելու համար ժամանակ է անհրաժեշտ», նշեց «Հանրային ընդունարանի» ղեկավարը։

Իսկ ինչպե՞ս պիտի վարվեն դեռ անպատասխան մնացած եւ այսօր դեռեւս ստացվող նամակների հետ, երբ քարոզարշավն ավարտվում է։ Ընդունարանի ղեկավարի հավաստմամբ, բոլոր նամակները հանձնվելու են նախագահի աշխատակազմինՙ անկախ նրանից, թե ով կընտրվի նախագահի պաշտոնում։

Իսկ քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր օրվա դիմումների մասին զեկուցվել է Ռ. Քոչարյանի շտաբին։

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4