Մոսկովյան շախմատային փառատոնի 4-րդ եւ 5-րդ տուրերում գերազանց հանդես եկավ Աշոտ Անաստասյանըՙ հաղթելով Խուպրովին եւ Մորոզեւիչին։ Դա Աշոտի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր «A» խմբի մրցաշարում, որոնց շնորհիվ հայ շախմատիստը 3,5 միավորով տեղ զբաղեցրեց առաջատարների շարքում։ Նույնքան միավոր ունի նաեւ Արտաշես Մինասյանը, որը նախՙ ոչ-ոքի խաղաց Լոթյեի հետ, ապա հաղթեց Մալախովին։ Իսկ ահա Լեւոն Արոնյանը, որը 3 տուրից հետո 2,5 միավորով առաջատարների թվում էր, զիջեց դիրքերը։ Լեւոնը 4-րդ տուրում պարտվեց Գալկինին, հաջորդ պարտիան ոչ-ոքի ավարտեց Բրոդսկու հետ։ Առայժմ վստահ չի խաղում Ռաֆայել Վահանյանը։ 4-րդ տուրում նա հերթական պարտությունը կրեց Լիվցիցից, չնայած հաջորդ տուրում հաղթեց Ուլկոյին։ Մեր ամենափորձառու գրոսմայստերի օգտին գրանցված է 2 միավոր։ Առանց պարտության հանդես եկող Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքելով Բոչարովի եւ Սադվակասովի հետ, վաստակել է 3 միավոր։ Անհաջող մեկնարկից հետո 1,5 միավոր վաստակեց Արա Մինասյանը։ Մրցաշարում իր առաջին հաղթանակը տարավ Տիգրան Պետրոսյանը (նախորդ տուրում նրան տեխնիկական հաղթանակ էր շնորհվել)ՙ պարտության մատնելով Ուլկոյին։ Սակայն հաջորդ տուրում Տիգրանն անհաջողության մատնվեց Իոնովի հետ մրցախաղում։ Տիգրան Նալբանդյանը չորս անընդմեջ պարտություններից հետո իր օգտին առաջին միավորը գրանցեց շնորհիվ տեխնիկական հաղթանակի։ Աշոտ Նադանյանը զիջեց Իոնովին ու Ասեեւին։ Հովհաննես Դանիելյանը զիջեց Ալ Սայեդին, հաղթեց Պեւզներին։
5 տուրից հետո «A» խմբի աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են 14 շախմատիստներ։ Իսկ ահա, «B» խմբում առաջատարի դերը 4,5 միավորով ստանձնել է Յոնկմանը։ Նրանից կես միավորով հետ են մնում 14 շախմատիստներ, որոնց թվում են նաեւ Տիգրան Քոթանջյանն ու Վարդան Դանիելյանը։ Քոթանջյանը 4-րդ տուրում հաղթեց Ցումաբաեւին, հաջորդ պարտիան ոչ-ոքի ավարտեց Վարդան Դանիելյանի հետ։ Վերջինս մինչ այդ խաղաղ դաշն էր կնքել Միթելմանի հետ։ Առաջին պարտությունը կրեց Արթուր Չիբուխչյանըՙ զիջելով Սանավային։ 4-րդ տուրում Արթուրը ոչ-ոքի խաղաց Ֆիլիպենկոյի հետ։ Արթուրի հաշվին գրանցված է 3 միավոր։ Նույնքան միավոր ունեցող Դավիթ Պետրոսյանն էլ 4-րդ տուրում առաջին անգամ անձնատուր եղավՙ զիջելով Իսուպովին։ Էլինա Դանիելյանի համար էլ 4-րդ տուրի հանդիպումը Շորոխովի հետ անհաջող էր, փոխարենը նա հաղթեց Շեգունցին։ Էլինան ու Դավիթ Հարությունյանը վաստակել են 3,5-ական միավոր։ Իր օգտին առաջին միավորը գրանցեց Ջեյրանյանը։
«C» խմբի մասնակիցները 4-րդ տուրից հետո մեկ օր հանգստացան։ Լեւոն Բաբուջանյանն ու Հայկ Վարդանյանը համապատասխանաբար հաղթեցին Կոլգանովային եւ Մագլապերիձեին։ Հայ շախմատիստները 3-ական միավորով 9¬28-րդ տեղերն են բաժանում։ 4 միավորով աղյուսակը գլխավորում են Մաքսիմովը, Գիլեւը եւ Վելիկանովը։ Վարդգես Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Դե Մեստերի հետ, իսկ Տոնոյանը զիջեց Կազանկինին։