Նրան պատասխանում են իսրայելցի անվանի գիտնականները
Իսրայելի պատմական հետազոտությունների ընկերության «Հիստորիա» պարբերականի 2002 թվականի օգոստոսյան համարում Հայֆայի համալսարանի հրեական պատմության բաժնի դասախոսներից պրոֆ. Մինա Ռոզենը «Արմենիա, Արմենիա» խորագրով 55 էջանոց մի երկարաշունչ հոդված է տպագրել, որտեղ քննության է առնում պրոֆեսորներ Վահագն Տատրյանի եւ Յաիր Աուրոնի գրքերը, զարմանալիորեն դրանց հրատարակումներից յոթ տարիներ անց։
Ըստ Երուսաղեմի Հայ դատի հանձնաժողովից ստացված տեղեկության, այդ միտումնավոր հոդվածում Մինա Ռոզենը Յաիր Աուրոնին մեղադրում է ազգամիջյան հարաբերությունների մասնագետ չլինելու եւ իր գրքում էթնիկական մոտեցում ցուցաբերելու մեջ։ Ռոզենը գտնում է, որ հայերն իրենք են մեղավոր իրենց ճակատագրի համար։ Մյուս կողմից, Վահագն Տատրյանին հմուտ մասնագետ համարելով հանդերձ, մեղադրում է նրան աղբյուրների միակողմանի ընտրության մեջ։
Պրոֆ. Ռոզենը նոր է մուտք գործում հայկական թեմաների ծիրը։ Նա մասնագիտացել է Օսմանյան կայսրությունում ապրող հրեաների պատմության մեջ։ Վերջերս հրատարակել է «Հրեաներն Օսմանյան կայսրությունում եւ Բալկաններում» խորագրով իր նոր հատորը։ «Հիստորիայում» տպագրված հոդվածը թուրքական ռեւիզիոնիստական հրատարակումների հանրագումարն է, երբեմն նույնիսկ դրանցից բառացի մեջբերումներով։ Հոդվածն, ըստ ստացված տեղեկության, այնքան աղմուկ է առաջացրել եւ քննադատության ենթարկվել, որ Իսրայելի գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հրատարակած «Հիստորիա» պարբերականը հունվարի 14-ին «Զալման Չազան» կենտրոնում գիտական սիմպոզիում է կազմակերպել ցեղասպանության թեմայի շուրջ։ Երկու նիստ է տեղի ունեցել չորսուկես ժամ ընդհանուր տեւողությամբ։
Առաջինում նախագահել է պարբերականի խմբագրական կազմից պրոֆ. Շուլամիտ Շահարը։ Ելույթ են ունեցել դոկտ. Աուրոնն ու պրոֆ. Մինա Ռոզենը։
Դոկտ. Աուրոնը հստակորեն շեշտել է Հայոց ցեղասպանության կանխամտածված լինելը, բերելով բազում վկայակոչումներ։ Դրանցից մեկը Հալեպի հյուպատոս Ջեքսոնի վկայությունն է, որը պատմել է, թե ինչպես 18 հազար բռնագաղթածներից ընդամենը 300-ն են տեղ հասել։ Այնուհետեւ նա հյուպատոս Դեյվիսի եւ երկու հրեաների վկայություններն է հրապարակել։ Ականատես հրեաներից մեկիՙ Դեր Զորում օսմանցի հրեա զինվոր Էյթան Բելքինդի վկայությամբ 5000 հայերի այրել են։ Ապա նա խոսել է Ահարոն Ահարոնսոնի «Պրո-Արմենիա» զեկույցի մասին։ Ահարոնսոնն օգտագործել է «կանխամտածված ծրագիր» տերմինը։
Դոկտ. Աուրոնը քննադատել է Իսրայելի արտգործնախարարության դիրքորոշումը, կոչելով այն «պասիվ ժխտում»։ Դիմելով պրոֆ. Ռոզենին, նա հարց է տվել, թե ինչպես կարելի է դեսպան Հենրի Մորգենթաուի օրագրերը կեղծված համարել, եթե դրանք պահվում են Ամերիկայի ազգային արխիվներում եւ երբեք չեն հրատարակվել։
Իր պատասխան խոսքում պրոֆ. Ռոզենը համարյա կրկնել է իր հոդվածի բովանդակությունը հատկապես շեշտելով, որ իրենց սադրիչ արարքներով հայերն արժանացել են իրենց ճակատագրին։ Նա խուսափել է դոկտ. Աուրոնի գիրքը քննարկելուց եւ պրոֆ. Տատրյանին կեղծարար է անվանել։ Դահլիճում գտնվող Հայ դատի ներկայացուցիչներից մեկը հակահարված է տվել նրան զարմանք հայտնելով, թե ինչու հատկապես հիմա նա անդրադարձել է հայկական թեմաներին, երբ քսան երկար տարիներ զբաղվել է բացառապես Օսմանյան կայսրությունում հրեաների պատմությամբ։
Երկրորդ նիստի ժամանակ ելույթ է ունեցել Հոլոքոսթի հայտնի մասնագետ պրոֆ. Եհուդա Բաուերը։ «Եթե նույնիսկ ընդունենք, որ իրենց սադրիչ արարքներով ինքնավարություն էին ցանկանում, մի՞թե դա արդարացնում է կազմակերպված բռնագաղթերն ու ոչնչացումը մի ամբողջ ժողովրդի, այդ թվումՙ կանանց եւ երեխաների», ասել է նա։ Այնուհետեւ շարունակել է. «Ցանկացած գիտնական պարտավոր է համեմատություններ անցկացնել, այլապես նա դադարում է գիտնական լինելուց։ Ոմանք մեզ մոտ վախենում են այդ համեմատություններիցՙ Հոլոքոսթը համարելով եզակի իրադարձություն։ Իմ կարծիքով, ցեղասպանություն գործած յուրաքանչյուր վարչակարգ օգտագործել է իր ձեռքի տակ եղած արդյունաբերական եւ կազմակերպչական միջոցները, այնպես որ եզակիության մասին խոսք լինել չի կարող»։
Պրոֆեսորն իր տպավորիչ խոսքն ավարտել է կենսական անհրաժեշտություն համարելով ցեղասպանությունների համեմատությունը։ Նրանից հետո նախկին լեյբորիստական կառավարության արտգործնախարարության տնօրեն պրոֆ. Շլոմո Սվիներին խոսքն սկսել է, ասելով, «Թույլ տվեք նշել, որ ես Հայկական հարցը համարում եմ ցեղասպանություն»։
Սիմպոզիումը, ըստ Հայ դատի հանձնաժողովից ստացված հաղորդագրության, ի մի է բերել ցեղասպանության եւ Հոլոքոսթի բազմաթիվ ականավոր մասնագետների, որոնց մեծամասնությունը ընդգծել է Հայոց ցեղասպանության առանձնահատկությունն ու կարգավիճակը։
«Հիստորիա» պարբերականը որոշել է այս տարվա իր ամառային համարը նվիրել ցեղասպանությանը։
Հ. Ծ.