Մոսկովյան շախմատային փառատոնի բոլոր 3 մրցաշարերում էլ բավական հետաքրքրական մրցավեճ է ծավալվել խաղարկվող դրամական մրցանակների համար։ «A» խմբի մրցաշարում 6-րդ տուրից հետո ի հայտ եկավ միանձնյա առաջատարըՙ բելոռուսցի Ալեքսանդրովը, որը հաղթելով Լուգովոյին, վաստակեց 5 միավոր։ Ցավոք, անհաջող հանդես եկան Աշոտ Անաստասյանն ու Արտաշես Մինասյանը, որոնք զիջեցին համապատասխանաբար Յուսուպովին ու Միլովին։ Նրանք վաստակել են 3,5-ական միավոր։ Փոխարենը հաղթանակ տոնեց Արոնյանը, որը Իկոննիկովին պարտության մատնելուց հետո 4 միավորով կրկին մտավ առաջատարների շարքը։ Գաբրիել Սարգսյանն առայժմ բավարարվում է ոչ-ոքիներով։ Նա արդեն չորրորդ անընդմեջ պարտիայում է խաղաղ դաշն կնքում, այս անգամՙ Բալաշովի հետ։ Գաբրիելը «A» խմբում հանդես եկող 10 հայ շախմատիստներից միակն է, որ առայժմ անպարտելի է։ Նրա օգտին գրանցված է 3,5 միավոր։ 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Վահանյանը (3 միավոր)ՙ պարտության մատնելով Կաբանովին։ Պարտություններ կրեցին Արա Մինասյանը, Աշոտ Նադանյանը եւ Հովհաննես Դանիելյանը, ընդ որումՙ Նադանյանը զիջեց Նալբանդյանին։ Տիգրան Պետրոսյանն իր օգտին միավոր գրանցեց Մակարովի հետ պարտիայում։
«B» խմբում աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Տիգրան Քոթանջյանը, Իվանովը, Շորոխովը, Իվանեցը, Խանավան ու Շվեդչիկովը։ Տիգրանը վստահ է խաղում մրցաշարում եւ առայժմ չի պարտվել։ 6-րդ տուրում Քոթանջյանը սեւերով հաղթեց Արբակովին։ Առաջատարների խմբում է նաեւ Վարդան Դանիելյանը (4,5 միավոր), որը ոչ-ոքի խաղաց Լիսեւի հետ։ 4-ական միավոր են վաստակել Արթուր Չիբուխչյանը, Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Հարությունյանը։ Առաջին երկուսը հաղթանակներ տոնեցին, իսկ Հարությունյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի։ Մեր միակ շախմատիստուհինՙ Էլինա Դանիելյանը (3,5 միավոր) զիջեց Օգլոբլինին։ Վերջին 3 տուրերում 2,5 միավոր վաստակեց Ջեյրանյանը, որը մինչ այդ պարտվել էր։
«C» խմբում ընդհանուր առմամբ խաղացվելու է 7 տուր։ Մեկօրյա հանգստից հետո շախմատիստներն անցկացրին 5-րդ տուրի հանդիպումները։ Լեւոն Բաբուջյանը հաղթելով Նգուենինՙ 4 միավորով առաջատարների խմբում է։ Աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են Գիլեւը, Մորշիաշվիլին, Բայրախնին, Մաքսիմովն ու Պրոկուրոնովը։ 3 միավոր ունի Հայկ Վարդանյանը, որը պարտվեց Լովկովին։ Վարդգես Սարգսյանը (2 միավոր) հաղթեց, իսկ Տոնոյանը պարտվեց։