Առաջին քայլը ոռոգման համակարգի զարգացման ճանապարհին
Հայաստանի ոռոգման համակարգը հիմնականում կառուցվել է խորհրդային տարիներին։ Այդ ժամանակ ոռոգվող տարածքները հասել են մինչեւ 300 հազար հեկտարի։ Դրանց սպասարկման համար կառուցված մայր եւ միջտնտեսային ջրանցքների երկարությունը 3200 կմ է, չհաշված ներհամայնքային ցանցը, խորքային հորերը, պոմպակայանները եւ այլն։ Նույն խորհրդային տարիներին ջուրը հողին հասցնելու համար ծախսվել է 1,1 մլրդ կվտ.ժ էլեկտրաէներգիա։ Իսկ դա նշանակում է, որ այդ ժամանակ 1 խմ ջրի արժեքը կազմել է 18 դրամ, իսկ առանց էլեկտրաէներգիայիՙ 16 դրամ։
Վերջին տարիներին պատկերն այստեղ որոշակիորեն փոխվել է։ Ոռոգվող հողատարածքները նվազել են մինչեւ 150 հազար հա։ Դրա հետ նվազել է նաեւ մատակարարվող ջրի եւ օգտագործված էլեկտրաէներգիայի քանակը։ Այդուհանդերձ, ներկայումս 1 խմ ոռոգման ջրի գինը կազմում է 11 դրամ, իսկ առանց էլեկտրաէներգիայիՙ 6 դրամ։ Ներկայումս ոռոգման համակարգը լուրջ վերանորոգման կարիք ունի։ 1994¬2001 թթ. Համաշխարհային բանկի տրամադրած 55 մլն դոլար վարկային ծրագրով վերանորոգվեցին համակարգի վթարային հատվածները, հիդրոտեխնիկական կառույցները նորոգվել են։ Սակայն համակարգի պահպանման համար վերջին 12 տարիներին պակաս է ծախսվել 450¬480 մլն դոլար։
Հաջորդ խնդիրը ոռոգման ջրի բարձր ինքնարժեքն է։ Եթե փորձենք վերականգնել 300 հազար հա ոռոգելի հողերը, ապա անհրաժեշտ կլինի առնվազն վերոնշյալ 450¬480 մլն դոլարը ներդնել։ Սակայն այս դեպքում 1 խմ ջրի սակագինը կդառնա 21 դրամ։ Սա գյուղացու համար կնշանակի քայքայում, իսկ ոռոգելի հողերի համարՙ ամայացում։ Դա թույլ չտալու համար անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի գյուղացու համար ջուրն արժենա ոչ ավելի, քան 1 խմ-ն 10 դրամ։ Դրա համար անհրաժեշտ է բարեփոխել համակարգի կառավարումը, դարձնել արդյունավետ, ինքնահոս ջրամատակարարման ավելացման շնորհիվ նվազեցնել ջրի ինքնարժեքը, պակասեցնել ջրի կորուստները։ Ինչպե՞ս դա իրականացնել։
Առաջին փորձը կառավարության կողմից ջրօգտագործողների միությունների (ՋՕՄ) ստեղծումն էր։ Առաջին ՋՕՄ-երի արդյունքները հուսադրող էին, ինչն առիթ դարձավ հանրապետության ամբողջ տարածքով մեկ, զանգվածաբար ՋՕՄ-եր ստեղծելուն։ Սակայն կառավարությունը լուրջ սխալ գործեց նման քայլի դիմելով։ Մասնավորապեսՙ ՋՕՄ-երը ստեղծվել էին առանց տեխնիկատնտեսական հիմնավորման, որի հետեւանքով 100¬200 հա ներկայացնող այդ կազմակերպությունն ի վիճակի չէր հավասար կողմ լինել 20¬30 հազար հա սպասարկող պետական մարմնի հետ, բացակայում էր իրավական եւ նորմատիվային դաշտը։
Ոռոգման ոլորտում բարեփոխումներ կատարելու նպատակով 2001 թ.-ից սկսեց գործել Ոռոգման համակարգերի զարգացման ծրագիրը 30 մլն դոլար արժողությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է ոռոգման համակարգի կառավարումն իրենցՙ ջրօգտագործողներին հանձնելը։ Նրանք պետք է ստեղծեն ջուր սպառողների կազմակերպություններ (ՋՍԿ), որոնց Ջրային տնտեսության պետական կոմիտեն 25 տարով փոխանցելու է շահագործման իրավունքը։ Ընդ որում, կարեւոր հանգամանք է համարվում, որ օրենսդրորեն դա ամրագրված է, եւ կառավարումը չի հանձնվելու շահույթ հետապնդող մասնավոր ընկերություններին։ Դա հիմնավորվում է գյուղատնտեսության յուրօրինակությամբ։ Այսինքնՙ տվյալ դեպքում կբարձրանա գյուղմթերքների ինքնարժեքը եւ գյուղացիական տնտեսությունները կքայքայվեն։ Այդ պատճառով էլ ընտրվել է այս տարբերակը։ Նախատեսվում է ստեղծել 65 ՋՍԿ-ներ Հայաստանի ամբողջ տարածքում։ Նրանք կունենան կառավարման իրենց մարմինները, գույքը։ Այս կազմակերպությունները կստեղծվեն առնվազն մի քանի հազար հա տարածքներում։ Մի խոսքովՙ նրանք կկանոնակարգեն ջրօգտագործման բոլոր խնդիրներն իրենց ներսում։ Իրենց գործունեության համար ՋՍԿ-ներն արդեն ունեն օրենսդրական հիմք։ Ներկայումս կառավարության որոշմամբ արդեն ստեղծվել են 5 ՋՍԿ-ներՙ շուրջ 20 հազար հա տարածքի վրա։ Ապագայում այդ կազմակերպությունները կմիավորվեն ֆեդերացիաների, ապա ընկերակցությունների մեջ։
ՋՍԿ-ների ստեղծումը, ոռոգման համակարգի կառավարման արդյունավետության բարձրացումն առաջին քայլը կլինի համակարգի արդիականացման ճանապարհին։ Հետեւաբար, անհրաժեշտ է առավելագույնս ճշգրիտ գործել եւ գյուղացիներին վստահություն ներշնչել ստեղծվելիք նոր կառույցների հանդեպ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ