Երեկ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական գրասենյակում ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանն ընդունեց ՀՀ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության խմբինՙ գլխավորությամբ Մոհամմադ Հաշեմիի, որին ուղեկցում էին ԻԻՀ Պահապան խորհրդի գերագույն ներկայացուցիչ, տեխնիկական հարցերի պատասխանատու Մոհսեն Աբութալեբին, հատուկ զեկուցող Քազեմ Մոհամմադը եւ Մոհամմադ Զանդը։
Ծավալված զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին ՀՀ նախագահական ընտրությունների, մասնավորապես քարոզարշավի վերաբերյալ, որն, ըստ փոխատենապետի, անցավ հանգիստ, առանց լուրջ ցնցումների եւ ամենակարեւորըՙ ապահովված էին բոլոր թեկնածուների ելույթները եւ հանդիպումները ընտրողների հետ բոլոր մարզերում։ Ինչ վերաբերում էր Արտաշատի երկու հայտնի դեպքերին, ըստ փոխատենապետի, կարելի էր խուսափել, եթե մի փոքր զսպված լինեին թե՛ «դիմության», թե՛ ընդդիմության թեկնածուների ջատագովները, սակայն ի պատիվ մեր ոստիկանության, երկու դեպքերի օրինախախտները ձերբակալված են, հետեւաբար նրանց հանդեպ կկիրառվի համապատասխան հատուցում օրինազանցության համար։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումները դարձնել հաճախակիՙ հետագա համագործակցության ակնկալիքով։