«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2003-02-17 | #31, 2003-02-18 | #32, 2003-02-19


ՇԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆՙ Ի ՊԱՏԻՎ ՎԱՂԱՄԵՌԻԿ ԼԱՅՈՆԵԼ ԳԱԼՍԹԱՈՒՆԻ

Դոկտ. Գալսթաունի մահվան առաջին տարելիցի առթիվ Նյու Յորքի հայկական համայնքը մեծարման հատուկ համերգ է կազմակերպել, որը տեղի է ունենալու փետրվարի 23-ին, Ուայթ Փլեյնզի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Այս մասին տեղեկացնող Ամերիկայի Հայաստանյայց եկեղեցու Արեւելյան թեմի գրասենյակից էլ. փոստով ստացված հաղորդագրությունն ավելացնում է, որ այդ համերգին մասնակցելու է համբավավոր դաշնակահար Շահան Արծրունին, որն անձնապես շատ մոտ է եղել համեստ գիտնականին։ «Ուրիշներին օգնելու նրա պատրաստակամությունն անբաժանելի մասնիկն էր նրա անձի։ Նա բացառիկ գիտելիքներով օժտված գիտնական էր, որը հարյուրավոր հոդվածներ ուներ տպագրված ակադեմիական պարբերականներում։ Բայց միաժամանակ շատ համեստ էր», այդ առթիվ արտահայտվել է Շահան Արծրունին։

Գալսթաունի պատկառելի կյանքը սկիզբ է առել Հեռավոր Արեւելքի Ճավա կղզում։ Աբգարների ընտանիքի շառավիղը մեծացել է Ճապոնիայում, որտեղ նրա տատիկը եղել է Հայաստանի առաջին հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը։ Ապա Ամերիկա տեղափոխվելովՙ ավարտել է ուսումը եւ պաշտպանել դոկտորական ֆիզիկական քիմիայի բնագավառում։ Նա ակտիվորեն մասնակցել է հայ համայնքի կյանքին եւ ղեկավար պաշտոններ զբաղեցրել Արեւելյան թեմում, ՀԲԸՄ-ում եւ իր անմիջական օժանդակությամբ հիմնված գիտության ու կրթության հայ ազգային հաստատությունում։ Գիտնականի կյանքը միահյուսվել է երաժշտական աշխարհին, երբ ամուսնացել է հայազգի ճանաչված դաշնակահարուհի Մարո Աճեմյանի հետ։ «Նրանց միջոցով ես առաջին անգամ ծանոթացա Ալան Հովհաննեսի, Ջոն Քեյջի եւ Ուիլյամ Մասելոսի հետ։ Մեր ընկերությունը սերտացավ, երբ 1969-ին Կոմիտասի 100-ամյակի առթիվ միասին պատրաստեցինք նրա ստեղծագործությունների համապարփակ մի ձայնագրություն։ Նա մեծ դեր է խաղացել իմ կյանքում», վերհիշել է Շահան Արծրունին, որն անցյալ տարի նրա մահվան առնչությամբ նվագել է Եկմալյանի «Հայր մերի» իր դաշնամուրային մշակումը։

Այս անգամ նույն ստեղծագործությունը, որը նա անվանել է «Թախանձանք առ Աստված», մի փոքր, բայց նշանակալի տարբերությամբ Շահան Արծրունին նվիրելու է Լայոնել Գալսթաունին եւ 1978-ին անժամանակ կյանքից հեռացած նրա կնոջըՙ Մարո Աճեմյանին։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4