Քիմիական արդյունաբերության հսկաներից մեկիՙ «Դողագործի» վերագործարկման ձգձգմանը բազմիցս ենք անդրադարձել։ Այս տարվա սկզբից ձեռնարկության 75 տոկոսի սեփականատեր ամերիկյան TS Investment ընկերությունն աշխատանքներ սկսեց արտադրության վերագործարկման ուղղությամբ։ Երեկ իր առաջին արտադրանքը թողարկեց անվադողերի կամերաների արտադրամասը։ «Դողագործի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ կամերաների պատրաստման համար ստացված ռետինային խառնուրդն ունի շատ «բարձր» որակ, ինչը մինչ այժմ չի եղել։ Արտադրության համար կարեւոր նշանակություն ունեցող արդյունաբերական գոլորշու հարցն է կարգավորվել, ինչն էական ազդեցություն էր ունենում արտադրանքի ինքնարժեքի վրա։ Երեւանի ՋԷԿ-ի տրամադրած 1 հեգակալորիա գոլորշին արժեր 9 հազար դրամ, այժմ գործարանի սեփական կաթսայատան արտադրածըՙ 3850 դրամ։
Ներկայումս նախատեսվում է ամսական արտադրել 30 հազար կամերա։ Սակայն, ըստ գործադիր տնօրենի, այդ ծավալներն առաջիկա 2¬3 ամիսներին պետք է հասցվեն մինչեւ 100¬150 հազարի։ Արտադրական հզորությունների առումով այս արտադրամասն այժմ գործում է 20 տոկոսի չափով, որը ծրագրվում է հասցնել 80¬90 տոկոսի։ Արտադրանքն իրացվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներումՙ Ռուսաստանում, Միջին Ասիայի երկրներում։ Հիմնական նպատակը շուկա մուտք գործելն է, որտեղից «Դողագործը» տարիների պարապուրդի պատճառով դուրս է մղվել։ Իսկ շուկա մուտք գործելու երաշխիքը որակյալ ապրանք արտադրելն է։
Մինչ օրս ամերիկյան ընկերությունը, որի ղեկավարը մեր հայրենակից Սարգիս Խրիմյանն է, ներդրել է 1 մլն 300 հազար դոլար։ Գործարանի մյուս արտադրամասերը վերանորոգման եւ վերազինման գործընթացում են։ Դրա ավարտից հետո կսկսվի ավտոդողերի արտադրությունը։ Սկզբնական շրջանում կարտադրվեն դիագանալ դողեր, որի գործարկման համար անհրաժեշտ է 1,5 մլն դոլար։ Աշխատանքներ են տարվում նաեւ ռադիալ դողերի արտադրություն հիմնելու ուղղությամբ։ Դա ամենայն հավանականությամբ տեղի կունենա 1,5¬2 տարի հետո, ինչի համար անհրաժեշտ կլինի մոտ 10 մլն դոլարՙ տեխնոլոգիաները կատարելագործելու եւ նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։
Ալեքսանդր Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ ապագայում կընդլայնվի արտադրատեսականին։ Կարտադրվեն մարդատար, բեռնատար, գյուղատնտեսական մեքենաների, ամբարձիչների մոտ 25 տեսակի դողեր, որը հեռանկարում կհասցվի մինչեւ 42 տեսակի։
Ի դեպ, արտադրության վերագործարկումը տեղի ունեցավ առանց ավելորդ հանդիսությունների եւ ժապավեն կտրելու արարողության։ Բացի լրագրողներից եւ գործարանի աշխատողներից, ներկա էին նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, փոխնախարար Աշոտ Շահնազարյանը։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ