«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2003-02-17 | #31, 2003-02-18 | #32, 2003-02-19


ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԱՍԸ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Անշուշտ, դժվար է գերկարեւորել ղարաբաղյան շարժման փուլերից որեւէ մեկը։ Հրապարակային հանրահավաքներից մինչեւ պատերազմական լայնածավալ գործողություններ եւ հետպատերազմյան վերհառնման դժվարություններՙ փորձությունների մի շարահար շղթա։

Եթե մասնավորաբար վերաբերվենքՙ ամենադժվարը, թերեւս, սկիզբն էր։ 1988-ին առկա քաղաքական տրամաբանության կարծրատիպերը փշրելն ինքնին սխրանք էր։ Քիչ բացառությամբ, ամեն մի պաշտոնյա դեռեւս կառչած էր խորհրդային «եղբայրասիրության» փրփուրներից, ինքն էլ չհավատալով, իհարկե, դրա ճշմարտությանը։ Կար նաեւ 60-ականների քաղաքական հալածանքների վերսկսման վախը։

Ադրբեջանն ինդուլգենցիայի ընդունակ չէ, իսկ ադրբեջանական քաղաքական մամլիչի տակ ընկնելը նշանակում էր, ամենաքիչը, պաշտոնանկում ու արտաքսում Ղարաբաղից։ Այս պայմաններում շարժման առաքյալների ջանքերըՙ վերակողմնորոշել մանր ու միջին չինովնիկներին, իրո՛ք բարդ խնդիր էր։ Հիմա արդեն, հետահայացի ընդհանրացմամբ, կարող ենք հստակորեն ասելՙ եթե նրանք չհենվեին ժողովրդի «հասարակ» անվանվող հատվածի վրա, ապա շատ ավելի բարդ ու դժվարլուծելի խնդիրներ կծագեին։

Խոստովանենք, նույն այս «հասարակ» հատվածին ամենաշատը բաժին ընկավ Ղարաբաղին պարտադրված պատերազմի դառնություններից։ Իսկ պատերազմից հետո, տնտեսությունների քայքայում-թալանի ժամանակ, այս խավը պարզապես հայտնվեց «խաղից դուրս» վիճակում։ Շարժման ամենանվիրյալներին բնորոշելիս, հետեւապես, չպիտի մոռանալ, որ ամենաճակատագրական պահերին գլխավոր հերոսը եղել է հասարակ ժողովուրդը։ Բայց այդ մասին հիշվում է միայն տարելիցները նշելիս, այն էլ կարգախոսային պաթոսով։ Անհատականացումն էլ անհրաժեշտ է, այո, բայց եւ չպիտի հասնել չափազանցության։ Ոմանց համար գուցե թե այս կարծիքը կարող է ցավագին հնչել, սակայն փաստ է նաեւ, որ գոյապայքարի ակտիվիստներից շատերը տարեգրության էջերը բացելիս հաճախ իրադարձությունները ներկայացնում են առաջին դեմքի ընդգծումներով։

Այստեղ թերագնահատման խնդիր չկա։ Ազատության ու անկախության ներկա վիճակը նվաճվել է համընդհանուր նվիրվածությամբ, ամեն մեկիս անհատական կարողությունների հանրագումարով, ուստի ձեռքբերումներն էլ պետք է լինեն բոլորինս։

Այսօր դեռ վաղ է ճիշտն ու սխալը բացահայտելու նպատակով ընդհանրացնել շարժման դասերը, մանավանդ որ ընդունված չէ հոբելյանների ժամանակ փորփրել իրականության թաքնված շերտերը։ Սակայն որոշ ամփոփումներ կարելի է անել, գոնե, այսօրվա դիտվածքով։

Համաժողովրդական շարժման դինամիկան սովորաբար պայմանավորված է օրինաչափ սերնդափոխությամբ։ Մեր պարագայում, եթե միագծենք գոյապայքարի փուլերը, ապա կստացվի, որ քաղաքական ու տնտեսական «թամբի» վրա հիմնականում այն հեծյալներն են, ովքեր եղել են նաեւ 1988-90 թվականներին։ Ավելին, իրենց զգացնել են տալիս նաեւ պլուտոկրատները։ Հարց է ծագումՙ պատերազմից ավերված ու քայքայված երկրում ինչպե՞ս է առաջացել այդ խավը։ Մի՞թե նույն սոցիալական բեւեռացման արդյունք չէ սա։ Չժխտենք, վերջին 2-3 տարում հանրապետությունում իրականացվող բարեփոխումները զգալիորեն թուլացրել են սոցիալական լարումը, սակայն թալանային հարստությամբ իշխանություն նվաճած անձանց ազդեցիկ ներկայությունը դեռ կա, ուրեմնՙ բեւեռացումը եւս առկա է։ Սոցիալ-տնտեսական բեւեռացումները չեն կարող ապահովել երկրի համակողմանի զարգացումը, ինչքան էլ նորանոր բարենորոգչական օրենքներ ընդունվեն։ Իսկ ԼՂՀ-ի համար սոցիալ-տնտեսական զարգացումը շատ կարեւոր է նաեւ միջազգային ճանաչման առումով։ Քաղաքական կռվաններին զուգահեռՙ տնտեսական կռվանը մենք, ցավոք, շատ չենք կարեւորում, կամ այդ կարեւորումը ավելի շատ դեկլարատիվ բնույթ ունի։ Ըստ իս, Արցախի տնտեսական հզորացումը մեր տասնհինգամյա գոյապայքարի հերթական փուլն է, նույն նշանակությամբ, ինչ ասենքՙ 92¬94 թվականներին։

Անդրադառնալով սերնդափոխության խնդրին, կարծում եմ, տեղին է այն կապել այսօր հանրապետությունում վարվող կադրային քաղաքականությանը։ Միջնորդավորվածությունը եւ անձնական համակրանքով մոտեցումը կադրային հարցում վնասակար են, որովհետեւ դրանից տուժում է հասարակության չերեւակված ներուժը։ 88-ի հզոր ալիքը, իր հետագա մակընթացություններով, հսկայական կենսափորձ ու ներուժ է բերել։ Նաեւ, ինչպես բոլոր մակընթացությունների ժամանակ, կյանքի ծովն աղբը շպրտել է ափ։ Ժամանակն է ազատվել ոչ պիտանի արտանետումներից ու մեր փրկության ափըՙ ազատ եւ անկախ Արցախը, դարձնել մեր բոլորի իղձերի իրականացման հավերժական հանգրվան։ Հենվելո՛վ այդ կենսափորձով իմաստնացած նոր, պատասխանատու եւ պատրաստակամ սերնդի վրա։ Դա է, թերեւս, գոյապայքարի պարտադիր դասը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4