Դեկտեմբերի 19¬26-ը լրագրողների մի փոքրիկ խումբ, որի կազմում էին Պուշկին Սերոբյանը, Թեոֆանա Վարդանյանը, Կարեն Ազատյանը եւ «Ազգ»-ի աշխատակիցը, մեկնեց Երեւանից Կահիրե ԵԱՀ կառավարության հրավերով։ Դժվար է առանց զգացմունքային զեղումների գրել մի երկրի, քաղաքի մասին, որտեղ ծնվել ես, հասակ առել եւ պատանեկությունդ անցկացրել։ Սակայն կփորձեմ հնարավորինս օբյեկտիվ լինել։
Նեղոսի ջուրն ըմպողը
Ըստ եգիպտական շատ տարածված մի ասացվածքիՙ «Նեղոսի ջուրն ըմպողն անպայման վերադառնալու է Եգիպտոս»։ Հավատալով հանդերձ դրա իսկությանը, ինձ համար դժվար իրականանալի մի երազ էր թվում դա։ Բայց Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության (ԵԱՀ) լիազոր դեսպան դոկտ. Բաքրի Ռուշդի էլ Ամմարիի նախաձեռնությամբ եւ ԵԱՀ արտգործնախարարության ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի նյութական աջակցությամբ ընդգրկվեցի մի փոքր խմբի մեջ, որը մեկ շաբաթովՙ դեկտեմբերի 19-26-ը Երեւանից մեկնեց Կահիրեՙ Մոսկվայի վրայով։ Պետք է ուղեւորվեինք հարավՙ Եգիպտոս, նախապես թռչելով դեպի... հյուսիս։
Եթե չեմ սխալվում, երկու անգամ փորձ արվել է Երեւան-Կահիրե ինքնաթիռային ուղիղ գիծ հաստատելու, բայց մեկ-երկու թռիչքից հետո փակվել է ուղեւորների անբավարար քանակի պատճառով։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի եւ Եգիպտոսի բարեկամական ու տնտեսական կապերի ներկա վիճակը չի գոհացնում կողմերին։ Լավ հարաբերությունների դարավոր պատմությունն ավելի սերտ կապեր է ենթադրում կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Ուղիղ թռիչքային գիծ բացելն առանց այդ ոլորտներում որոշակի ենթակառուցվածքային հիմքերի անմիտ ու անարդյունավետ կլինի։ Եվ նախորդ փորձերի անհաջողությունը հենց դրանով երեւի պետք է բացատրել։ Տարվա կտրվածքով բավականաչափ քանակի ուղեւորներ ապահովելու համար կառավարականի ու խորհրդարանականի կողքին անհրաժեշտ են նաեւ գործնական կապերՙ տնտեսական, առեւտրական, առողջապահական, մարզական, բանկային, արդյունաբերական, օրենսդրական եւ գիտական ոլորտներում։ Խմբի խնդիրներից էր աշխուժացնել այս ոլորտներում գոյություն ունեցող հարաբերությունները եւ որոնել համագործակցության նոր ուղիներ։
Հանդիպումներ
Այս առումով խիստ հագեցած էր խմբի ծրագիրը։ Եգիպտոսի արտգործնախարարությունը, հատկապես դրա ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի բաժինը (ՏՀՀ) եւ մեր խմբին կցված ներկայացուցիչ դոկտ. Ադել Մեքքի Մահմուդը խնամքով պատրաստել էին մեկ շաբաթվա հագեցած մի ծրագիր, որի ընթացքում մենք հանդիպումներ ունեցանք ինչպես երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, զբոսաշրջության խթանման վարչության նախագահի, ՏՀՀ-ի գլխավոր քարտուղարի, այնպես էլ պատմական հուշարձանների գերագույն խորհրդի ներկայացուցչի, տեղեկատվության գլխավոր վարչության նախագահի, ռադիոհեռուստատեսության միության նախագահի, Կահիրեի համալսարանի ասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի, ներդրումների գլխավոր վարչության նախագահի, «Ալ Ահրամ» օրաթերթին կից գործող քաղաքական եւ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրենի հետ։ Տպավորիչ էին եւ հիշարժան, հատկապես, մեր հանդիպումները արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ դոկտ. Մուսթաֆա էլ Ֆաքհիի, ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամի գլխավոր քարտուղար դոկտ. Օմար էլ Ֆարուք Հասանի (որը հակառակ իր բազմազբաղ վիճակին մի քանի անգամ ուղեկցեց մեզ), Ասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն դոկտ. Մուհամեդ Աս-Սայիդ Սալիմի եւ «ինֆորմացիայի արտադրության» քաղաքումՙ դոկտ. Ամին Բասիունիի եւ տեղեկատվության գլխավոր վարչության նախագահ դոկտ. Նաբիլ Օսմանի հետ։ Անխտիր բոլոր գրասենյակներում նկատելի էին գործնական մոտեցումն ու նպատակասլացությունը աշխատանքի հանդեպ։ Առկա էր տվյալ վարչության գործունեության մասին պատմող որոշակի գրականությունՙ տարբեր լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն եւ այլն), որը մեզ տրամադրվում էր հանդիպումների ավարտին։ Սա այլազգի պատվիրակությունների հետ համագործակցելու կազմակերպված պատրաստակամության նշան է, որը, մեր կարծիքով, ուսանելի է եւ պետք է կիրառվի մեզանում։ Մեծ մասամբ բոլոր վայրերում տեղյակ էին մեր հիմնախնդիրներին եւ բարյացակամՙ մեր առաջարկների հանդեպ։ Այնտեղ գտնվելու օրերին, անգամ, ձեռք բերվեցին շոշափելի արդյունքներ։ Նախնական համաձայնությամբ ընդունվեցին ինչպես եգիպտա-հայկական բարեկամության ընկերություն, այնպես էլ խորհրդարանում եգիպտա-հայկական հարաբերությունների հանձնախումբ ստեղծելու վերաբերյալ մեր առաջարկները։ Այդ հարցում իր զգալի ներդրումն ունեցավ ԵԱՀ-ում ՀՀ դեսպանատունը եւ անձամբ լիազոր դեսպան պրն Սերգեյ Մանասարյանը, որը ներկա եղավ մեր մի քանի, իսկ խորհրդական տիկին Անահիտ Թովմասյանըՙ մեր բոլոր հանդիպումներին։ Խրախուսելի մի քայլ, որն անպայման իր դրական ազդեցությունը կունենա հետագայում երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։
Կտոր մը Հայաստան
Չափազանց գեղեցիկ ու տպավորիչ էր ՀՀ դեսպանատունը ինչպես արտաքին ձեւավորմամբ, այնպես էլ ներքին կահավորմամբ։ Բակում բարձրացված հայկական դրոշով, գողտրիկ աշխատասենյակներով, նվիրատվություններով գոյացած գրադարանով եւ, մանավանդ, ջերմ հյուրասիրության մթնոլորտով հիշեցնում էր... կտոր մը Հայաստան։ Ակնածանքով ու հպարտությամբ մտանք այդ տարածքը, որտեղ մեզ համար հանդիպում էր կազմակերպված հայկական թերթերի խմբագիրների հետ։ Ներկա էին «Արեւ» օրաթերթի, «Ջահակիր» շաբաթաթերթի եւ ՀԲԸՄ-ի «Տեղեկատու» պարբերականի խմբագիրները եւ հայ համայնքի այլ ներկայացուցիչներ, որոնց հետ զրույցը չափազանց հետաքրքրական էր, բայց, դժբախտաբար, կարճՙ ժամանակի սղության պատճառով։ Ցավալի էր, որ չհանդիպեցինք «Յուսաբեր» օրաթերթի խմբագրի հետ։ Բայց անակնկալ եւ չափազանց ուրախալի էր տեսակցել այնտեղ հայ ժողովրդի պատմության եւ հատկապես Հայ դատի ուսումնասիրության նվիրյալ արաբ ականավոր պատմաբան դոկտ. Մուհամեդ Ռիֆաաթ էլ Իմամի հետ, որի «Հայկական դատը Օսմանյան կայսրության մեջ 1878¬1923 թթ.» ուսումնասիրությունը ժամանակին ներկայացրել ենք մեր ընթերցողների ուշադրությանը (տե՛ս «Ազգ»-ի 2002 թ. հունիսի 5-ի համարը)։ Տաղանդավոր երիտասարդ հեղինակը գլխավոր խմբագիրն է Կահիրեի «Արեւ» օրաթերթի արաբերեն հավելվածի, որի առաքելությանն ու արժանիքներին քանիցս անդրադարձել ենք «Ազգ»-ի էջերում։ Նա նաեւ տնօրենն է «Արդի Եգիպտոս» պարբերականի, որը լույս է տեսնում Կահիրեում «Գրքերի եւ ազգային փաստաթղթերի» հրատարակչատան կողմից։ Գիտնականը ներկայումս հրատարակության է պատրաստում «Ցեղասպանությունը 20-րդ դարի ոճրագործություն» աշխատությունը, որի 50 էջանոց համառոտ բովանդակությունը տպագրվել է Միջին Արեւելքում խոշորագույն «Միջազգային քաղաքականություն» քաղաքական պարբերականի անցյալ տարվա հունվարյան համարում։ Հարկ է, որ բեղուն գործունեություն ծավալած այս համեստ անձնավորությունը հարմար առիթով իրեն ուղղված անձնական հրավերով այցելի Հայաստան։
Կահիրեում կտոր մը Հայաստանի մաս էր կազմում նաեւ հայկական եկեղեցին։ Մեր այցելությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի վառ հիշողություններ արթնացրեց իմ մեջ հայ համայնքի բարգավաճ անցյալի վերաբերյալ։ Տխուր էր նկատել կիրակնօրյա պատարագին ընդամենը մի քանի մեծահասակների ներկայությունը։ Եկեղեցու բակում հայրական օրհնությամբ մեր խմբին եւ մեզ ընկերակցող ՀՀ դեսպանին ընդունեց եւ բարի գալուստ մաղթեց եգիպտահայոց առաջնորդ գերաշնորհ տեր Զավեն արք. Չինչինյանը, որն այնուհետեւ առաջնորդարանում հյուրընկալ սեղանի շուրջ մեզ ծանոթացրեց եկեղեցու եւ համայնքի պատմությանը։ Նշենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին եգիպտահայ թեմի ազգային իշխանությունների նախաձեռնությամբ եւ կազմակերպությամբ հոբելյանական մեծարանքի հանդիսություններ էին տեղի ունեցել սրբազան հոր քահանայական ձեռնադրության հիսնամյակի եւ եգիպտահայ թեմում նրա գործունեության քառասնամյակի զույգ առիթներով։ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից նրան էր շնորհվել Սբ. Ներսես Շնորհալի շքանշանը։
Ընդհանուր տպավորություններ
Արեւելյան կոլորիտը պահպանելով հանդերձ, արեւմտյան քաղաքներին հատուկ եռուզեռով ու աշխուժությամբ քաղաք է դարձել Կահիրեն, որի բնակչության արագ աճը պատճառ է դարձել, որ կառուցվեն երկհարկանի փողոցներ։ Դրանց վրայով, բառիս բուն իմաստով, սլանում են անթիվ-անհամար մեքենաներ, փողոցներն անցնելը դարձնելով բավականին դժվար։ Պիկ ժամերին երթեւեկության խցանումներն անխուսափելի են։ Հին շենքերի կողքին բարձրացել են գերարդիական շինություններ։ Վեր են խոյացել միջազգային մակարդակի հոյակապ հյուրանոցներ եւ առեւտրական կենտրոններ։ Նախկին վերգետնյա միագիծ մետրոյի փոխարեն կառուցվել է ստորգետնյա բազմագիծ մետրո։ Փոփոխությունների այս հսկայական մասշտաբները, ցավոք, երբեմն մթագնել են որոշ հրապարակների փառավոր տեսքը, օրինակՙ երկաթգծի «Բաբ էլ Հադիդ» հրապարակի, որտեղ տեղակայված Ռամզեսի հսկայական արձանն այժմ հազիվ նշմարելի էր։ Նույնը կարելի է ասել նաեւ «Էլ-Թահրիր» հրապարակի մասին։ Նախկին հանդարտ ու հանգիստ մթնոլորտին փոխարինելու է եկել ժամանակակից արագընթաց կյանքը։
Իհարկե, բնական էր, որ տարիներ անց փոփոխություններ պետք է լինեին։ Բայց զարգացման այս աստիճանը, պետք է խոստովանեմ, ցնցող էր։ Կահիրեն մեծացել ¬ հասել էր մինչեւ... բուրգերի ստորոտը։ Ժամանակին մոտ մի ժամվա անապատային ճանապարհ էր դեպի Գիզայի բուրգերը։ Այժմ բնակելի շենքերը հասել են մինչեւ այդ տարածքը։ Առաջընթաց նկատվում էր բոլոր բնագավառներում։ Չէր փոխվել միայն արաբ ժողովրդի հյուրասիրության, սրտաբացության հատկանիշը։ Նաեւ հայ ժողովրդի հանդեպ սիրալիր ու բարեկամական վերաբերմունքը։ Հասարակ մարդկանց շրջանում նկատվում էր արաբական եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում Եգիպտոսի դերի ու նշանակության բարձրացման վերաբերյալ գիտակցության արմատականացումը։ Հավատ կար հաղթանակների ու ձեռքբերումների նկատմամբ։
Երկրում չափազանց մեծ ուշադրություն է դարձվում զբոսաշրջությանը, եւ դա հասկանալի է, քանի որ բյուջեի եկամուտների զգալի մասը գոյանում է դրանից։ Զբոսաշրջիկների անվտանգությունը ապահովող ոստիկանների ներկայությունը նկատելի էր հատկապես հյուրանոցներով լի կենտրոնական մասերում։ Բայց պետք է ավելացնել, որ բացի հյուրանոցներից, զբոսաշրջիկներին մատուցվում են այլ ծառայություններ, սկսած հանգստավետ ավտոբուսներից եւ վերջացրած հուշանվերների, ուղեցույցների եւ այլ տեղեկատու նյութերի առատությամբ, այն էլ ցանկացած լեզվով։ Այսինքնՙ ստեղծված է մի ուրույն արդյունաբերություն, որն իր համապատասխան ծառայությունները մատակարարելով, հսկայական եկամուտներ է բերում երկրին։
Ակամա զուգահեռ անցկացնելով, ցավով պիտի նշեմ, որ Հայաստանում դեռեւս զբոսաշրջությունը դիտվում է լոկ հյուրանոցաշինության շրջանակներում։ Մոռացության են տրվում սպասարկման մյուս ծառայությունները, որոնք նույնքան, եթե ոչ ավելի, կարեւոր են։ Թանգարանների, հուշահամալիրների վերաբերյալ համապատասխան գրականության առկայությունը բավականաչափ քանակով զբոսաշրջության խթանման պարտադիր պայման է, նաեւ եկամուտի աղբյուր։ Ուրախալի է, որ վերջին շրջանում Երեւանում բացվել են հուշանվերների մի քանի խանութներ, բայց դրանք հեռու են բավարար լինելուց։ Իսկ այս կամ այն հյուրանոցի կամ տեսարժան վայրի մասին գոյություն ունեցող բրոշյուրները (առնվազնՙ ինձ ծանոթ դրանց անգլերեն տարբերակները) անգրագիտության լավ նմուշներ են։
Մի նկատառում եւս. Կահիրեում մեր այցելած թանգարաններն ու հուշահամալիրներն ունեին մուտքի հատուկ սակագներ տեղացիների, ուսանողների եւ զբոսաշրջիկների համար։ Ընդ որում, վերջինների համար սահմանված գինը երբեմն քսան անգամ գերազանցում էր մյուսներին։ Որոշ տեղերում հավելյալ գումար էր պահանջվում ներսում լուսանկարելու թույլտվության համար։ Սրանք, մեր կարծիքով, պետք է արժանանան մեր համապատասխան մարմինների ուշադրությանը։
Այլ այցելություններ եւ երախտիքի խոսք
Հակառակ որ այցելություններին քիչ ժամանակ էր տրամադրված, այնուամենայնիվ, Լուքսոր այցը հիշարժան էր։ Մեծապես տպավորիչ էին հատկապես դեպի «Հոկտեմբերի 6-ի համայնապատկեր» կենտրոն, «Եգիպտական Հոլիվուդ» ստուդիա եւ «Ինֆորմացիայի արտադրության» քաղաք կատարված այցելությունները, որոնց հավանաբար հարմար առիթներով կանդրադառնամ հետագայում առանձին-առանձին։
Մինչ այդ ցանկանում եմ խորին շնորհակալության խոսքեր ուղղել Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության լիազոր դեսպան դոկտ. Բաքրի Ռուշդի էլ Ամմարիին, Եգիպտոսի արտգործնախարարությանը եւ դրա ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության հիմնադրամին ու նրա գլխավոր քարտուղարին, ինչպես նաեւ Եգիպտոսում ՀՀ դեսպանությանը եւ նրա աշխատակիցներինՙ մեր այցելությունը կազմակերպելու, եւ արդյունավետ դարձնելու համար։
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ