ՀՀ նախագահն ընտրության էր եկել կնոջ եւ զավակների հետ
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
Ով ուզում ես եղիրՙ քաղաքացի թե գյուղացի, մոմավաճառ թե կաթնավաճառ, պիտի ընդունենք, որ փետրվար ամիսը մեզ համար ճակատագրական է։ 1988-ի փետրվարին ոտքի ելանք մեր իրավունքները պաշտպանելու, մեր հայությունը հաստատելու, Հայաստան-Ղարաբաղ անբաժանելի տարածքը հենց այդպիսին էլ տեսնելու եւ աշխարհին ապացուցելու մտադրությամբ։ 1998-ին քաղաքական միասնություն կնքեցին Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը։ Երեկՙ 2003 թ. փետրվարի 19-ին մենք ընտրեցինք Հայաստանի Հանրապետության նախագահ։ Եվ բնական էր, որ երեկ մեր երկիրը կրկին ու կրկին քաղաքական հզոր լիցքով էր պայմանավորված։ Ընտրություն կատարեցինք եւ կատարեցինք խղճի մտոք։
Չնայած տեղացած ձյանը, ընտրական տեղամասերում աշխուժություն էր։ Մինչեւ տեղամասեր հասնելը, հարեւան-ազգականի բարեւելիս, տրանսպորտ նստելիս զգում էիր, որ փետրվարի 19-ը, իրոք, կարեւոր օր է բոլորիս համար։
Ոչ միայն տեղացի, այլեւ արտասահմանցի բազմաթիվ ժուռնալիստներ վաղ առավոտից Երեւանի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոց-վարժարանում էին հավաքվել, ուր տեղավորված էր թիվ 0351 ընտրական տեղամասը։ Եվ դա բնական էր. այստեղ քվեարկում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ժամը 11-ին նախագահն ընտրական տեղամաս եկավ կնոջՙ տիկին Բելլայի, որդուՙ Սեդրակի եւ դստերՙ Գայանեի հետ։
Բոլորի տրամադրությունն էլ լավ էր։ Մի փոքր մռայլվեցին այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր մեկ օր առաջ կեղծ լուր էին տարածել, թե, իբր, Ռոբերտ Քոչարյանի զավակներին դուրս են հանել երկրից։ (Այս մասին «լուր» էր տպագրվել «Իրավունք» թերթում)։ Չէ, գործող նախագահի ընտրության իրավունք ունեցող երկու երեխաներն էլ ընտրեցին։
Իհարկե, քվեարկությունից հետո Ռոբերտ Քոչարյանըՙ ընտրատեղամասի 153-րդ ընտրողը, անմիջապես հայտնվեց ժուռնալիստների շրջափակման մեջ։ Թեեւ նախագահը որոշել էր որեւէ հարցազրույց չտալ, որեւէ հարցի չպատասխանել, այնուամենայնիվ, ժուռնալիստները համառ էին։ Ռուսաստանի NDW հեռուստաընկերության թղթակիցը քաջառողջություն մաղթեց հայ ժողովրդին եւ անձամբ Ռոբերտ Քոչարյանին, նաեւ հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ մակարդակով, եւ հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի։
¬ Երաշխավորվա՞ծ են արդար, թափանցիկ ընտրությունները, եւ Դուք համոզվա՞ծ եք, որ միջադեպեր չեն լինի,¬ հարցրեց մեր տեղացի ժուռնալիստներից մեկը։
¬ Դուք հնարավորություն ունեք ինքներդ համոզվելու, որ հենց այդպես էլ կլինի,¬ ասաց ՀՀ նախագահը։¬ Ամեն դեպքում մենք ամեն ինչ արել ենք, որ ընտրությունները հենց այդպես էլ լինենՙ արդար, թափանցիկ։ Հակառակ դեպքումՙ դա կվնասի մեզ։
Ռոբերտ Քոչարյանի համար փետրվարի 19-ը սկսվել էր շատ լավ։ Ընտրությունից հետո նա որոշել էր որոշ ժամանակ անցկացնել տանըՙ ընտանիքի հետ, իսկ երեկոյան լինելու էր իր ընտրական շտաբում։
Նախընտրական մեկ ամսում, նաեւ հատկապես փետրվարի 19-ին ակամա հիշում ես երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի խոսքը. «Մեզ հարկավոր է մուրճի զարկ, այլ ոչ թե ատամների կրճտոց, բարություն, այլ ոչ թե չարություն եւ նախանձ, կոնսոլիդացում, այլ ոչ թե հաշիվների մաքրում»։ Այս տրամաբանությամբ գործեց նաեւ ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով իր նախընտրական բոլոր հանդիպումների ժամանակ բացառեց հենց չարությունը։ «Չարությամբ չեն գալիս իշխանության, այլՙ միայն ու միայն բարությամբ», բազմիցս կրկնեց Ռոբերտ Քոչարյանը։ Համոզված ենք, որ այսպես կլինի նաեւ ընտրություններից հետո։
Ընտրություններին հետեւող դիտորդական խմբերից մեկիՙ «Եվրոպական իրավունք» կազմակերպության աշխատակիցները հաստատեցին, որ ինչպես այս տեղամասում, այնպես էլ մյուս տեղամասերում, որտեղ այցելել են իրենք, որեւէ կեղծիք կամ թերություն չի եղել։
Վարդան Օսկանյան. «Ես հավատում եմ ընտրությունների մեկ փուլին»
Նույն ընտրատեղամասում էր քվեարկում նաեւ ՀՀ արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանյանը։ Չգիտես ինչու, նույն համառությամբ նույն հարցը տրվեց նաեւ պրն Օսկանյանին. «Դուք համոզվա՞ծ եք, որ ընտրությունները կանցնեն նորմալ եւ տհաճ միջադեպեր չեն լինի»։
¬ Ես կարծում եմ, որ ընտրությունները նորմալ կանցնեն,¬ ասաց արտաքին գործոց նախարարը։¬ Ընդդիմությունը նախընտրական շրջանում հիմնական շեշտը դնում էր հենց միջադեպերի վրա։ Գործող նախագահին ընդդիմադիր ուժերը հայտարարում էին նաեւ, որ իրենք վստահում են իրենց ընտրողների ձայների իսկությանը։ Դա հրաշալի է, որովհետեւ նրանք այլեւս կասկածի տակ չեն դնելու ընտրությունների արդարացիությունը։
¬ Իսկ հավատո՞ւմ եք, որ ընտրությունները կավարտվեն մեկ փուլով։
¬ Միանշանակ հավատում եմ դրան եւ այս մասին մինչ օրս էլ հաճախ հայտարարել եմ։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդն այս ընտրություններին շատ լուրջ կվերաբերվի։ Համոզված եմ, մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր սկսած ճանապարհը շարունակություն ունենա։
Այս պատասխանից հետո, բնականաբար, ավելորդ էր դառնում հարցնել, թե ում օգտին է քվեարկել ՀՀ արտաքին գործոց նախարարը, թեեւ միամիտ ժուռնալիստուհիներից մեկին, այնուամենայնիվ, հիշեցրեց. «Քվեարկել եմ ՀՀ գործող նախագահի օգտին»։
Շատ թվով ժուռնալիստներ հավաքվեցին տարեց մի մարդու շուրջ, որը ներկայացավ Հասան անունով (ազգանունը չլսվեց մեր ոգեւորության պատճառով)։ Նա հյութեղ հայերենով ասաց. «Իսան ենք, չէ՞, ու լավ է, օր մըր ըղեղ մեր գլխի մեջ է։ Ուրեմն պիտի ըղեղով ընտրենք»։ Հավանաբար ազգությամբ եզդի էր, որի սիրտն ու ուղեղը ցավում է Հայաստանի վաղվա օրվա համար, որովհետեւ ասաց. «Կռիվ չեմ ուզում, ղալմաղալ չեմ ուզում, ուղիղ, ղորթ ու շիտակ, թաքուն ընտրություն կուզիմ»։