ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի Սահմանադրական դատարանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները ընտրությունների արդյունքների հնարավոր վիճարկման դեպքում իրավականորեն անթերի որոշում կայացնելու համար։ Այս մասին փետրվարի 19-ին Ավանի թիվ 170 դպրոցում տեղակայված թիվ 0014/1 ընտրատարածքում քվեարկելուց հետո լրագրողներին հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
«Ես պաշտոնապես դիմել եմ Եվրախորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ուղարկվեն ընտրական վեճերի հարցերով մասնագիտացած դատական փորձագետներ»,- նշեց նա։ Հարությունյանի հավաստմամբ, վերջիններիս մասնակցությամբ հնարավոր կլինի օբյեկտիվ ուսումնասիրություն կատարել գործի նախապատրաստման փուլում եւ ավելի լուրջ քննություն կազմակերպել։ Նշվեց նաեւ, որ թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող են վիճարկել արդյունքների վերջնական ամփոփումից հետո 7-օրյա ժամկետում։
Իսկ նախընտրական արշավի ընթացքը, Գագիկ Հարությունյանի կարծիքով, ուներ ինչպես ուրախացնող, այնպես էլ մտահոգիչ կողմեր։ Ուրախացնողն այն է, որ «կարծես թե ժողովուրդն արթնացել է թմբիրից եւ իրեն զգում է իշխանության կրող»։ Բացի այդ, ըստ նրա, կայացավ նաեւ ակտիվ բացախոսություն, եւ թեկնածուներն իրենց ասելիքն ասելու հնարավորություն ունեցան։ Որպես մտահոգիչ որակվեց այն փաստը, որ շատ ցածր է իրավական եւ քաղաքական կուլտուրան, բացի այդ, քաղաքական համակարգը դեռեւս կայացած չէ, իսկ թույնն ու անհանդուրժողականությունը շատ են։ Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ այդ ատելության կուտակումը վտանգավոր է։