Ռ. Քոչարյանի շտաբի քարոզչության պատասխանատուի մամլո ասուլիսը
«Վաղ է գնահատական տալ ընտրությունների ընթացքին, այնուամենայնիվ, առաջին տպավորությունն այն է, որ ընտրություններն անցան բարեհաջող, առանց նկատելի խախտումների, որոնք կազդեն ընտրությունների արդյունքների վրա»։ Երեկՙ ճիշտ ժամը 20-ին, քվեարկության ավարտից անմիջապես հետո հրավիրած մամլո ասուլիսում հայտարարեց թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Վահագն Մկրտչյանը։ Անհարիր դեպքեր եւ օրենքի խախտումներ, այնուամենայնիվ, գրանցվել են, դրանց մասին առավել ամփոփ նախընտրական շտաբը տեղեկություններ կտրամադրի ավելի ուշ։ Առայժմ Վահագն Մկրտչյանը թվարկեց արձանագրված խախտումների որոշ դեպքեր։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատարածքներում խախտումների երկու դեպք է եղել. Ստեփան Դեմիրճյանի օգտին քվեարկող քաղաքացին փորձ է արել քվեարկել ուրիշի անձնագրով։
«Սեբաստիա» կրթահամալիրում Դեմիրճյանի շտաբի ներկայացուցիչները ճնշման գործադրման փորձ են արել։ Վահագն Մկրտչյանի տվյալներով, Ստեփան Դեմիրճյանի կողմնակից, ԱԺ պատգամավոր Սմբատ Եղիազարյանը իր շքախմբով շրջել է թիվ 42 ընտրատարածքումՙ խանգարելով հանձնաժողովների աշխատանքները եւ քարոզչություն իրականացնելով։ Քարոզչության դեպքեր են գրանցվել նաեւ Պուշկինի անվան դպրոցում գտնվող ընտրատեղամասում, այս անգամ, սակայն, Արտաշես Գեղամյանի կողմնակիցներից։ Վահագն Մկրտչյանի խոսքով, օրվա ընթացքում շրջել են նաեւ «կռված տղերքի» խմբեր, որոնք նույնպես ահաբեկել են տեղամասային հանձնաժողովների անդամներինՙ Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր համայնքներում։ Նրանք լուր են տարածել, թե իբր Քոչարյանի ընտանիքը մեկնել է հանրապետությունից։ Ըստ Մկրտչյանի, այս ձեռագիրը ծանոթ է. նմանատիպ ապատեղեկատվություն տպագրվել է նաեւ փետրվարի 18-ի «Իրավունքի» համարում։ «Իրավունքը», փաստորեն, խախտել է նաեւ օրենքըՙ արգելված օրը քարոզչություն իրականացնելով։ Խախտել է օրենքը նաեւ ԱԼՄ հեռուստաընկերությունըՙ եթեր տալով թեկնածու Գեղամյանի այն խոսքերը, թե իշխանությունները հոգեվարքի մեջ են։ Սա արվում է նրանց կողմից, ովքեր խոսում են օրենքի գերակայությունիցՙ իրենք իսկ խախտելով օրենքը։
Տեղի ունեցած միջադեպերից նշվեց նաեւ, որ Նոր Նորք համայնքի նախընտրական շտաբը երեկ 4 ժամ զրկված է եղել արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորությունից. մեծ թվով մարդիկ են հավաքվել շտաբի մոտ եւ խոչընդոտել աշխատանքները տարածված այն ապատեղեկատվությունից հետո, թե շտաբը 2 հազարական դրամ է բաժանում։ Նման սադրանք եղել է նաեւ այլ շտաբների նկատմամբ։
Վահագն Մկրտչյանն անդրադարձավ նաեւ այն տեղեկատվությանը, թե ընդդիմադիր թեկնածուները ստորագրել են հայտարարության տեքստ, ասելով, որ մեկնաբանություն կլինի, երբ այդ տեղեկությունները պաշտոնապես հաստատվեն։
Մ. Հ.