Ընտրեցին մտավորականները
Նախընտրական մեկ ամսվա ընթացքում տհաճ խոսակցություններ եղան, վատ խոսքեր լսվեցին ոչ միայն քաղաքական գործիչների, այլեւ արվեստի մարդկանց հասցեին։ Իմ բարեկամ արվեստագետներից մեկը նույնիսկ դժգոհեց. «Այ մարդ, չգիտես ի՞նչ անես, պաշտպանում ես երկրի նախագահության թեկնածուներից մեկին, անմիջապես հարձակվում են հակադիր կողմից եւ մրոտում քեզ։ Չես ցանկանում խոսել, ասում ենՙ մենք մտավորականություն չունենք, մեր մտավորականներին երկրի ճակատագիրը չի հետաքրքրում»։
Հասկանում եմ բարեկամիս։
Այնուամենայնիվ, մեր մտավորականներն անչափ ակտիվ գտնվեցին այս վերջին մեկ ամսվա ընթացքում։ Շատերը հստակ արտահայտեցին իրենց կարծիքը, անկախ այն բանից, թե նախագահական որ թեկնածուին են պաշտպանում։ Ցանկացած ելույթ, ցանկացած կարծիք տպագրվեց «Ազգում» (եթե, իհարկե, իրենքՙ մտավորականները հոժարակամ եղան)։
Այդպես էր նաեւ երեկՙ փետրվարի 19-ին, ընտրության օրը։ Թեեւ արդեն այսօր իրենց իսկ ցանկությամբ կարելի էր հայտարարել նրանց ընտրյալի անունը, սակայն ձեռնպահ մնացինք գոնե նախագահի որեւէ թեկնածուի անուն հայտնելուց։
Եվ այսպես.
ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «Նախընտրական շրջանում ես բազմիցս հարձակումների ենթարկվեցի որոշ մարդկանց կողմից, երբ հայտարարեցի, թե պաշտպանում եմ գործող նախագահի թեկնածությունը։ Սակայն այդ հարձակումներն ինձ համար որեւէ էական նշանակություն չունեն, որովհետեւ իմ հավատամքն է իմ ժողովրդի լավ ու ճոխ ապրելու, ամուր երկիր ունենալու գաղափարը։ Ես չեմ ուզում, որ այսպես շարունակվի, ես չեմ ուզում, որ իմ երկրում 5¬6 մարդ լավ ապրի, իսկ մյուսներըՙ հազիվ կարողանան իրենց գոյությունը քարշ տալ։ Ես քվեարկում եմ գործող նախագահի օգտին, թեեւ նախագահության մյուս թեկնածուներից շատերին չեմ թերագնահատում։ Ես նախ եւ առաջ քվեարկում եմ իմ զավակների, իմ թոռների, մեր բոլորի երեխաների վաղվա օրվա համար։ Իմ ցանկությունն այն է, որ ժողովուրդս լավ ապրի»։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ-Ստանիսլավսկու անվան Երեւանի ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար. «Այս ընտրարշավն ինձ պատկերանում է ֆուտբոլային թիմի խաղ. 11 մարդ էր մտել խաղադաշտ, երկուսը դուրս եկան խաղից, մնացած 9-ից անմիջապես ջոկվում է կենտրոնական հարձակվողը։ Ես, ահա, այս կենտրոնական հարձակվողի օգտին եմ քվեարկելու։ Իհարկե, մեծ հույսեր եմ կապում մեր վաղվա օրվա հետ։ Այս ընտրություններն ավելի քան երբեւէ ճշմարիտ ու արդար են ընթանում, գոնե մեր տեղամասում այդպես է։ Աննախադեպ աշխուժություն եմ նկատում։ Նշանակում է, մարդիկ անչափ կարեւորում են այս ընտրությունները։ Ով էլ որ նախագահ ընտրվի, կուզենայի, որ հավատը չմեռնի մեր մեջ»։
ԼԵՎՈՆ ԹՈՒԽԻԿՅԱՆ-Երեւանի դրամատիկական թատրոնի արտիստ. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը տարիներ, դարեր շարունակ հող ու տարածք է կորցրել։ Եվ միայն վերջին տարիներին է, որ մեր կորցրածը կարողանում ենք ոչ միայն հետ բերել, այլեւ պահել։ Ես ընտրեցի այն մարդուն, ում ջանքերի շնորհիվ կարողացանք հետ բերել մեր կորցրած տարածքների գոնե մի փոքրիկ մասը»։
ՎՐԵԺ ՀԱԿՈԲՅԱՆ- Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն. «Թույլ տվեք չասել, թե ում օգտին եմ քվեարկել։ Կասեմ միայն, որ կողմ եմ մեր երկրի պատմության խաղաղ շարունակությանը, մեր երեխաների, մեր թոռների խաղաղության եւ ապահովության համար, այսինքնՙ այն քաղաքականության համար, որ այսօր վարվում է»։
«Ազգի» վերջին ամսվա համարներում բազմաթիվ հարցազրույցներ են տպագրվել արվեստի, մշակույթի մեր ճանաչված ներկայացուցիչների հետ եւ երեկ նրանց հետ կրկին հարցազրույց վարելու անհրաժեշտությունը չտեսանք։
Ամեն դեպքում, մեր մտավորականները, հատկապես ճանաչված մարդիկ ակտիվ եղան այս ընտրությունների ժամանակ ու հստակ խոսեցին իրենց կողմնորոշումների եւ թեկնածուների մասին։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ