Այս նախագահական ընտրությունների հետ կապվածՙ կարելի է արձանագրել հեռուստաեթերային մի գեղեցիկ ավանդույթի հաստատումը։ Ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ Գյումրիում գործող «Շանթ», «Ցայգ» եւ Շիրակի հանրային հեռուստատեսությունների այդ օրվա ծրագրերը հաճախակի տեղեկատվական թողարկումներից բացի հագեցած էին նաեւ համերգային ու այլ ուրախ հաղորդումներով, որն անշուշտ բարձրացնում էր մարդկանց տրամադրությունը, օրվան պատշաճ տոնականություն հաղորդում։ Տեղի իշխանությունների, ընտրական հանձնաժողովների եւ սպասարկող օղակների կողմից աշխատանք էր կատարվել համապետական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու, ընտրողի ընտրական իրավունքի իրացմանն օգնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա նախնական տպավորությամբ կարելի է ասել, որ դրանք մարզում անցել են հիմնականում հանգիստ, առանց էական խախտումների։ Համենայն դեպս այդպիսի տեղեկություններ մինչեւ քվեարկության ավարտը չկային։ Գյումրու ընտրատեղամասերից մեկում մի երիտասարդ փորձ է արել քվեարկելու ուրիշի անձնագրով, որը կանխվել է։ Մեկ այլ տեղ քաղաքացին ներկայացել է ռուսական անձնագրով։ Շարունակվել են դժգոհությունները ընտրացուցակներից, որոնցում դարձյալ քիչ չեն եղել մահացածների անունները։ Փոխարենը ամբողջ մարզում իր ընտրական իրավունքը դատական կարգով վերականգնել է մոտ 680 մարդ, որից 528-ըՙ Գյումրիում։ Ի դեպՙ այս թիվը զգալիորեն պակաս է նախորդՙ ՏԻՄ ընտրությունների օրվա (մոտ 2000 մարդ) ցուցանիշից։
Շիրակի մարզում ժամը 19-19.30-ի տվյալներով քվեարկությանը մասնակցել էր ընտրողների ընդհանուր թվի մոտ 52 տոկոսը։ Արթիկում այդ թիվը կազմել է մոտ 58, Մարալիկումՙ 65 տոկոս։
Փետրվարի 19-ին առաջին անգամ Գյումրիում քվեարկեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանն իր ընտանիքով։
Գ. Մ.