«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2003-02-18 | #32, 2003-02-19 | #33, 2003-02-20


ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՐԵԿ ԻՐԵՆՑ ԹԵՐԹԻԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԷԻՆ ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԻՆ

Շենգավիթի համայնքի առաջին ընտրատեղամասը, որտեղ եղանք երեկ, կոչված էր սպասարկելու 1685 ընտրողի։ Ժամը 14.00-ի դրությամբ թիվ 178 դպրոցում տեղակայված 0258/12 տեղամասում արդեն քվեարկել էր 508 մարդ։

Ինչպես տեղեկացանք տեղամասային հանձնաժողովի նախագահ Արմեն Աբրահամյանից, այդ պահի դրությամբ հինգ քաղաքացի, չգտնելով իրենց անուններն ընտրացուցակներում, գնացել էին իրենց ընտրական իրավունքը դատարանում վերականգնելու։ Երեքն արդեն վերադարձել եւ քվեարկել էին։

Տեղամասում ներկաՙ Ստեփան Դեմիրճյանի, Արամ Գ. Սարգսյանի, Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի, Արամ Կարապետյանի վստահված անձինք մեկ առ մեկ պնդեցին, որ այդ ժամի դրությամբ իրենք որեւէ խախտում չեն գրանցել։

«Քվեաթերթիկները պահարանից հարյուր-հարյուր են դուրս բերվում։ Եվ երբ երեք հարյուր քվեաթերթիկ տրվել էր ընտրողներին, մենք հաշվեցինք ընտրացուցակներում լրացված ստորագրությունները, մեկ ստորագրություն էր պակասում, հավանաբար, թյուրիմացաբար», մեզ հետ զրույցում ասաց Արամ Կարապետյանի վստահված անձ Խաչիկ Բաղդասարյանը։

Թիվ 31 դպրոցում տեղավորված թիվ 0259 ընտրատեղամասում էլ 1745 ընտրողներից ժամը 14.30-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքը կատարել էին 528-ը։ Ընտրատեղամասում փակցված ընտրացուցակների մոտ մեր քսան րոպեանոց հետախուզության ընթացքում մի քաղաքացի հայտնաբերեց իր եղբորորդու անունը, որ չորս տարի առաջ դուրս է եկել երեւանյան գրանցումից։

Այստեղ եւս, այդ ժամի տվյալներով հինգ քաղաքացիներ ուղեւորվել էին դատարանՙ իրենց անունները ընտրացուցակներում չգտնելու պատճառով։ Տեղամասում ներկաՙ Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի, Արամ Կարապետյանի վստահված անձինք, ինչպես վերոհիշյալ տեղամասի իրենց գործընկերներն, ընտրողների թվի չափովՙ նախօրոք համարակալված թղթերի վրա նշում էին յուրաքանչյուր քվեարկողին, որպեսզի քվեարկությունից հետո ձայների հաշվառման ժամանակ ընտրացուցակների ու քվեատուփերի տվյալները համեմատեն իրենց նշումների հետ։

Մեր այցելած երրորդՙ թիվ 298 մանկապարտեզում տեղակայված թիվ 0282113 ընտրատեղամասի վստահված անձանց մոտ էլ, բացի թվագրված այդ թերթիկներից, տեսանք նաեւ Ռոբերտ Քոչարյան, Ստեփան Դեմիրճյան, Արտաշես Գեղամյան, այլ թեկնածուներ, անվավեր բաժիններով թերթիկներ։ Սրանցում նախագահի թեկնածուների վստահյալներն արդեն քվեների հաշվառման ժամանակ պիտի նշումներ անենՙ վերահսկելու համար իրական եւ հրապարակվելիք արդյունքների նույնությունը։ Ժամը 15.00-ի դրությամբ 1975 ընտրողներից 660-ն արդեն այցելել էին տեղամաս։

«Ունեցել ենք երկու դեպք, երբ քաղաքացիները ստիպված են եղել գնալու դատարան։ Եվ երեք դեպք ենք ունեցել, երբ մարդիկ ինձ բողոքել են Հայաստանից բացակայող իրենց հարազատների անունները ցուցակում գտնելու պատճառով», մեզ տեղեկացրեց տեղամասային հանձնաժողովի նախագահ Գյուլնարա Գասպարյանը։ «Արդյոք միայն երե՞ք դեպք է եղել», մեր հարցին տկն Գասպարյանը պատասխանեց, թե, համենայն դեպս, իրեն այլ դիմողներ չեն եղել։

Տեղամասում Արտաշես Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Գ. Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վստահված անձինք որեւէ խախտում չնշեցին։ Ռուբեն Ավագյանի վստահված անձ Նոնա Ագաբալովան էլ ասաց, թե ժամը 13.30-ի սահմաններում մի մարդ մտել է տեղամաս, աղմուկ բարձրացրել եւ փորձել խանգարել հանձնաժողովի աշխատանքը, բայց նրան դուրս են հրավիրել։

Մեզանից առաջ տեղամասում եղել էին «Հայաստան-երիտասարդական ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության եւ «Հայ օգնության միության» դիտորդները։

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4