«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2003-02-18 | #32, 2003-02-19 | #33, 2003-02-20


ԸՆԴԳԾՎՈՒՄ ԷՐ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրական տեղամասերում ընտրությունների ամենաթեժ ժամերին ամեն ինչ խաղաղ էր։ Գոնե այն երեք տեղամասերում, որտեղ եղանք ժամը 12։00¬14։00 ընկած ժամանակահատվածում, արտառոց դեպքեր չէին գրանցվել։

0218/10 տեղամասի, որը Վահան Թեքեյանի անվան թ. 92 դպրոցում էր, ընտրական հանձնաժողովի նախագահ Վաչիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ժամը 12-ի դրությամբ քվեարկել էին ցուցակներում գրանցված 1935 ընտրողներից մոտ 230-ը, ինչը վկայում էր ընտրողների ակտիվության մասին։ Հանձնաժողովի նախագահն ասաց նաեւ, որ միջադեպեր չեն գրանցվել։ Նրա ասածի հավաստիությունը հաստատեցին նախագահի թեկնածուների վստահված անձինք։ Մասնավորապես ընտրախախտումների եւ այլ տհաճ դեպքերի բացակայության մասին նշեցին Արամ Կարապետյանի վստահված անձ Սվետա Տոնոյանը եւ Արտաշես Գեղամյանի վստահված անձ Հակոբ Ալոյանը։

Ընտրողների ակտիվությունն առավել ակնհայտ էր Դանիել Վարուժանի անվան թ. 89 դպրոցում գտնվող 0216/10 տեղամասում, որտեղ կուտակումներից խուսափելու համար հերթականությամբ էին ներս թողնում մարդկանց։ Ռոբերտ Քոչարյանի վստահված անձ Աշոտ Գեորգիսյանը, Արամ Սարգսյանի վստահված անձ Արմեն Մնացականյանը նույնպես նշեցին, որ ակտիվությունն այնքան բարձր է, որ չեն հասցնում ժողովրդին ներս թողնել։ Ինչպես վստահված անձինք, այնպես էլ տեղամասային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Առուստամյանը վկայեցին տվյալ պահի դրությամբ արտառոց դեպքերի բացակայությունը։ Գրիգոր Առուստամյանը հայտնեց, որ ժամը 13-ի դրությամբ մոտ 2000 ընտրվողներից քվեարկության իրավունքից օգտվել է 470-ը։ «Աշխատել ենք փոխզիջումային տարբերակով։ Ընդառաջել ենք վստահված անձանց անգամ այն առաջարկներին, որ օրենքով նախատեսված չեն։ Խնդրեցին պահարանը հանելՙ հանեցինք, խնդրեցին քվեատուփի մոտ իրենց ներկայացուցիչը լինիՙ ընդառաջեցինք, եւ այլն», նշեց հանձնաժողովի նախագահը։

«Խնդիրներ չկան։ Որեւէ արտակարգ դեպք շենքի ներսում կամ դրսում չի գրանցվել», 0217/10 տեղամասում ասացին Արամ Սարգսյանի վստահված անձ Պողոս Պողոսյանը եւ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Արարատ Զաքարյանը։ Նույնը կրկնեց ընտրական հանձնաժողովի նախագահ Վահան Մելքոնյանը, ավելացնելով, որ ժամը 13։20-ի դրությամբ ընտրողների 25 տոկոսն արդեն օգտվել էր ընտրելու իր իրավունքից։

«Հայկական համաշխարհային միություն» կազմակերպության ներկայացուցիչ Եսայի Չախչախչյանն ընդգծեց, որ ընտրությունների ընթացքին հետեւող դիտորդները հսկում են իրավիճակը եւ արձանագրում յուրաքանչյուր փաստ։ Ամեն ինչ տեղի է ունենում օրենքի սահմաններում։ Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ առավոտյան մոտ ժամը 8։10-ին այս տեղամաս են այցելել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը։ Նրանք զննել են տեղամասը եւ ասել, որ օրենքի խախտումներ չեն տեսել։

Մեր կողմից հարկ ենք համարում ավելացնել, որ ընտրացուցակները 1999 թ. համեմատ զգալի բարելավվել են, եւ իրենց անվան բացակայության պատճառով դժգոհ ընտրողների թիվը գոնե զանգվածային երեւույթ չէր դարձել։ Սակայն նկատեցինք տարիներ առաջ Հայաստանից արտերկիր մեկնած անձանց անուններ, ինչը ցուցակների լրացուցիչ ճշտման անհրաժեշտություն է առաջացնում։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հ. Գ. Երեկոյան ժամը 19։00-ի տվյալներով վերոնշյալ ընտրական տեղամասերում, մեր ստացած տեղեկությունների համաձայն, պատկերը հետեւյալն էր. 0218/10 տեղամասում ընտրողների թիվը մոտեցել էր 1000-ի, 0216/10 տեղամասում այդ թիվը կազմել էր 1180, իսկ 0217/10 տեղամասումՙ շուրջ 1200։ Ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահների հավաստմամբ, դիմումներ կամ բողոքներ արձանագրված խախտումների վերաբերյալ չեն եղել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4