«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2003-02-18 | #32, 2003-02-19 | #33, 2003-02-20


«ԶՎԱՐԹՈՒՆՔԸ» ԶՎԱՐԹՈՒՆՆԵՐԻՆ

Մեր օրերում, երբ մի շարք մանկապատանեկան թերթեր ու ամսագրեր կանգնած են լուրջ դժվարությունների առջեւ, մի քանիսն էլ դադարել են լույս տեսնել, ուրախալի անակնկալ է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ-ի հայորդաց տների «Զվարթունք» մանկապատանեկան հանդեսի ծնունդը։ Այն լույս տեսավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հոգածությամբ, եւ նախատեսվում է հրատարակել 2 ամիսը մեկ անգամ։

Միշտ էլ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կարեւորագույն նպատակներից է եղել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործը։ Այս նպատակով ստեղծվել ու շարունակում են կյանք առնել կրթօջախներ, ուր իրագործվում է այս նվիրական ծրագիրը։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ ՀԲԸՄ-ի հիմնած հայորդաց տներում այսօր, բացի արվեստի եւ արհեստի այս կամ այն ճյուղին տիրապետելուց, երեխաները ստանում են նաեւ հոգեւոր կրթություն, ուսումնասիրում արվեստի պատմություն, իսկ վերջերս էլ, հուրախություն ամենքի, հնարավորություն ընձեռվեց բոլոր սաներին ու մանկավարժներին անցնել նաեւ համակարգչային դասընթացներ...

Գաղտնիք չէ, որ այսօր դպրոցականներն ընթերցանության փոխարեն գերադասում են ժամանակի մեծ մասն անցկացնել հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ։ Մինչդեռ երեխաների բազմակողմանի կրթությունն ու զարգացումն ամբողջանում են հատկապես ընթերցանությամբՙ գիր ու գրականության հետ կապով, որը կարծես աչքաթող է արված։ Թերեւս այս մտահոգությամբ Վեհափառը կարեւորեց մանկապատանեկան հոգեւոր հանդեսի հրատարակումը։ Ինչպես խոստովանեցին ընթերցող երեխաները, իր գոյության առաջին իսկ օրից հանդեսը գրավեց նրանց ուշադրությունըՙ ոչ միայն գունագեղությամբ, այլեւ բովանդակությամբ։ Սուրբգրային պատմություններն ու հոգեւոր զրույցներն էլ մատչելի են յուրաքանչյուրին։ Այս հանդեսն է, որ պատրաստ է պատասխանել այնքան հարցասեր երեխաների «ինչուներին»ՙ ինչո՞ւ չի կարելի ստել, ինչո՞ւ են եկեղեցում կատարվում ծեսեր, ինչո՞ւ են բարկությունն ու անհնազանդությունը վատ եւ այլն։ Հայորդաց տների առօրյան լուսաբանող էջերով, հետաքրքիր անձանց հետ հանդիպումներով, մանկական թոթովանքներով ու սրբերի կյանքից զարմանահրաշ պատմություններով է լի հանդեսի առաջին համարը։ «Անչափ ուրախալի է, որ կրթօջախների սաներն այժմ հնարավորություն են ստանում «Զվարթունքի» էջերում նաեւ հանդես գալ իրենց ստեղծագործական աշխատանքներով ու դրսեւորել իրենց ինքնարտահայտման ձգտումը», իր օրհնության խոսքում նշել է Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Զվարթունքը» կօգնի, որ բազմաթիվ երեխաներ տեղեկանան Հայ եկեղեցու պատմության հետաքրքրական էջերին, տոներին, սրբերի վարքին, ծանոթանան հայ ոսկեղենիկ մատյաններում տեղ գտած գրական գոհարներին։ Դժվար է պատկերացնել այս ամենին հաղորդակցվող մի երեխայի, ում հոգում չարմատավորվեն հայրենասիրությունը, քրիստոնեական բարոյականությունը, բարին ու գեղեցիկը։

Զվարթունք կամ զվարթուններ, ասել է թեՙ հրեշտակներ... Դրանք էակներ են, որոնք ապրում են երկնային արքայությունում եւ միշտ զվարթ են, որովհետեւ իրենց հետ մշտապես ունեն Աստծո լույսը։ Այդ լույսը պահ է տրված նաեւ մեր երեխաների սրտերում, եւ շատ կարեւոր է միշտ վառ պահել այն, ինչին կոչված է «Զվարթունքը»։

ՄԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4