ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովը համաձայնել է աշխարհի առաջնության ընտրական մրցափուլում մրցել Գարրի Կասպարովի հետ։ Մրցախաղի հետ կապված հարցերը կճշտվեն փետրվարի 22-23-ը Բուխարեստում կայանալիք ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստում։ Մրցախաղը տեղի կունենա հունիսի 19-ից հուլիսի 7-ը Բուենոս Այրեսումՙ Արգենտինայի նախագահ, շախմատի մեծ սիրահար Էդուարդո Դուալդեի հովանու ներքո։ Մրցանակային հիմնադրամը կկազմի մոտ 1մլն դոլար։ Ի դեպ, արգենտինացի հովանավորներն առաջարկում են աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղը եւս անցկացնել Բուենոս Այրեսում։ Մրցանակային հիմնադրամը կկազմի 2 մլն դոլար։ Համաձայնությունը ձեռք է բերվել Մոսկվայում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա են գտնվել ՖԻԴԵ-ի գործադիր տնօրեն Էմանուել Օմունկուն եւ Ուկրաինայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վիկտոր Պետրովը։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ մյուս զույգը կկազմեն Վլադիմիր Կրամնիկն ու Պետեր Լեկոն։