«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2003-02-18 | #32, 2003-02-19 | #33, 2003-02-20


ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՇԱՆԱՎՈՐ «ԳԱՅԹԱԿՂԻՉՆԵՐԻ» ՇԱՐՔՈՒՄ

«Օծանելիքը միեւնույն ժամանակ ե՛ւ ամեն ինչ է, ե՛ւ ոչինչ։ Աշխարհում ամենաանպետքը եւ ամենաանհրաժեշտը միաժամանակ»։

Այսպիսի մտքերը, բնականաբար, ծնվում են նորաձեւության մայրաքաղաքումՙ Փարիզում։ Նրանց հեղինակը, սակայն, մեր հայրենակիցն էՙ պարֆյումեր Ֆրանսիս Քուրքջյանը։ Ֆրանսիական «Էքսպրես» շաբաթահանդեսը օծանելիքին նվիրված հավելվածում վերջինիս ներկայացնում է երկրի ութ ամենանշանավոր օծանելիք ստեղծողների շարքում։

Լինելով դասական պարերի դպրոցի սան, Ֆրանսիսը 13 տարեկանից թողնում է բալետը։ «Բայց օծանելիք ստեղծելու միտքը հղացա ավելի ուշ»։ Արդեն 15 տարեկանում նա սկսում է հետաքրքրվել «Իսիպկա»ՙ պարֆյումերներ պատրաստող ինստիտուտով։ Բայց քանի որ տարիքը չէր համապատասխանում, միայն 20 տարեկանում նա դարձավ հեղինակավոր այդ հաստատության ուսանող։ Ավարտելովՙ Ֆրանսիսը դառնում է դարձյալ մեծ ճանաչում վայելող «Քուեստ» օծանելիք ստեղծողների ընկերության անդամ։ Եվ գրեթե անմիջապես նրան վստահվում է Ժան-Պոլ Գոթիեիՙ տղամարդու օծանելիքի ստեղծումը։ Այսպես ծնվում է Քուրքջյանին համարում բերած «Լը Մալը» («Արու»)։ Այնուհետեւ հեղինակը, որ դեռ 13, 14 տարեկանում հոտավետ տարբեր յուղերի միախառնումից յուրահատուկ բուրմունքներ էր ստեղծում, սկսում է պատվերներ ստանալ այնպիսի հանրաճանաչ անուններից, ինչպիսիք են Իվ Սեն Լորանը, Ջիորջո Արմանին, Լանքոմը, Էլիզաբեթ Արդենը եւ ուրիշներ։ Անցյալ տարի, ըստ «Էքսպրեսի», Ֆրանսիս Քուրքջյանը հիմնել է սեփական օծանելիքային ընկերություն, եւ նրա պատվիրատուների ցանկն անընդհատ մեծանում է։ «Պիտի պահանջող դիրքերում լինել, այլապես կյանքը քեզ կուլ կտա», իր հաջողությունների մասին ասում է հայազգի պարֆյումերը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4