«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2003-02-19 | #33, 2003-02-20 | #34, 2003-02-21


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Նախագահը սառնասրտորեն ընկալեց երկրորդ փուլի իրողությունը, տրամադրված է մարտականորեն եւ լայն ծավալով շարունակելու է իր նախընտրական աշխատանքը», հայտարարեց նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հրավիրած մամլո ասուլիսում։ Պրն Սարգսյանը հայտարարեց նաեւ, որ 707 հազար ընտրողների քվեն, որ տրվել է Ռոբերտ Քոչարյանին, ամուր նախադրյալներ է ստեղծում երկրորդ փուլում նրա հաղթանակի համար։ Հենց դրանով էլ, փաստորեն, շտաբի ղեկավարը պայմանավորեց իր այն համոզումը, որ երկրորդ փուլում իրենց թեկնածուն անպայման հաղթելու է։

Մինչ ընտրության առաջին փուլի կայանալը, թեկնածուի կողմնակիցները եւ մասնավորապես Սերժ Սարգսյանը համոզված էին նաեւ, որ նախագահ Ռ. Քոչարյանը հաղթելու է առաջին փուլում։ Սակայն հաշվարկներն իրենց չարդարացրին, քանի որ, ըստ Ս. Սարգսյանի, ամբողջովին հաշվի չեն առնվել ողջ իրողություններըՙ հիմնականում հակառակորդների կիրառած տեխնոլոգիաները։ Որպես այդպիսիք նա նշեց ինչպես քաղաքական գործընթացներում ընդունելի, այնպես էլ անընդունելի տեխնոլոգիաները։ Իսկ ընդհանրապես, Սերժ Սարգսյանը համոզված է, որ ընտրապայքարում խախտվել էր կոռեկտությունը։ Երկրորդ փուլում այդ իրողություններն անպայմանորեն հաշվի կառնվեն։ Մինչեւ հաջորդ փուլը երկշաբաթյա ժամանակ կա, եւ այդ ընթացքում Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբը կփորձի նոր մոտեցումներով կազմակերպել իր աշխատանքները։

Հնարավոր է, որ դրան խանգարեն ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն իրենց ծայրահեղական քայլերով, սակայն անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը համոզված է, որ եթե երկրորդ փուլում Ռ. Քոչարյանն ընտրվի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններով եւ եթե որեւէ մեկը նման ծայրահեղ միջոցների դիմելովՙ փորձի այլ քայլերի դիմել, ապա խախտած կլինի օրենքը եւ, ըստ այդմ, պատասխանատվության կենթարկվի։ Ըստ Սարգսյանի, եթե իրենց թեկնածուն հավաքած լիներ 54, 56 տոկոս ձայներ, ապա այդ դեպքում էլ որեւէ խնդիր չէր լինի։ Իսկ ընդհանրապես որպես երկրի անվտանգության պատասխանատու, նա հայտարարեց, որ Հայաստանի իրավապահները պատրաստ են եղել, պատրաստ են եւ միշտ պատրաստ են լինելու ապահովելու երկրի ներքին անվտանգությունն ու կարգ ու կանոնը։

Հարց հնչեց, թե ինչպես է Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբը բացատրում ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ եւ ԱՊՀ խմբերի իրարամերժ գնահատականները։ Շտաբի ղեկավարը, ըստ էության, խուսափելով պատասխանից, նշեց, թե ավելի լավ է գնահատականներ տալ ըստ սեփական աչքերի։ Իրենք գտնում են, որ էական ընտրակեղծիքներ չեն եղել, իսկ մասնավորապես Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իրեն նման դեպքեր հայտնի չեն։

Անդրադառնալով ընդդիմության ձեռնարկած քայլերին եւ մարտավարությանը, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց խորին համոզմամբՙ ընդդիմությանը չի հաջողվի երկրորդ փուլում հանդես գալ միասնական թեկնածուով, թեեւ այդ հարցն ուսումնասիրման առարկա է։ Նա չմասնավորեց, թե ինչով է բացատրվում իրենց նման դիրքորոշումը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4