«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2003-02-19 | #33, 2003-02-20 | #34, 2003-02-21


ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԿԼԻՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ.

Ռոբերտ Քոչարյան եւ Ստեփան Դեմիրճյան

Երեկ, ժամը 17.45-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը նախ ներողություն խնդրեց, որ օրվա ընթացքում լրահոսք չի եղել եւ դա պատճառաբանեց նրանով, որ մասնավորապես Սյունիքում, Գեղարքունիքում, թիվ 20 եւ թիվ 19 ընտրատարածքներում ձնաբքերի պատճառով տվյալները ստացել են ուշացումով։ Օրվա առաջին կեսի տվյալներով ընտրություններին մասնակցության թիվը կազմել էր մոտ 1 մլն 463 հազար։ Ժամը 14¬15-ին ԿԸՀ-ն շարունակել է ստանալ տվյալներ։ Արտակ Սահրադյանը նշեց, որ իրեն զարմացրել է «ուշացող» տարածաշրջաններից հատկապես Արարատի մարզը, որտեղ բուք չի եղել։

Ըստ 17.45-ի տվյալների, Արտաշես Գեղամյանն ուներ 241 հազար 822 ձայն (17 տոկոս), Ստեփան Դեմիրճյանըՙ 392 հազար 636 (27,7), Ռոբերտ Քոչարյանըՙ 709 հազար 260 ձայն (49,8 տոկոս)։ Այս տվյալների հիման վրա ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ 49,8 տոկոսը չի բավարարում առաջին փուլով ավարտվելու պահանջներին եւ տանում է երկրորդ փուլ։ Արտակ Սահրադյանը նշեց նաեւ, որ հանրապետության ղեկավարությունը դեռեւս ցերեկը տեղեկացվել էր երկրորդ փուլի հավանականության մասին։

Երկրորդ փուլով ընտրության օրը պետք է որոշվի քվեարկությունից հետո 14-րդ օրը։

Ժամը 18.00-ին ԿԸՀ-ն գումարեց նիստՙ օրակարգում ունենալով մեկ հարց հանրապետության նախագահի ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման մասին։ Պատրաստվել էր մեկ որոշման նախագիծ։ Օրակարգը միաձայն հաստատելուց հետո Արտակ Սահրադյանը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմՙ քվեարկությանը մասնակցել է 1 մլն 464 հազար 93 ընտրող։ Այդ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Ռուբեն Ավագյան 5073

2. Արտաշես Գեղամյան 247360 (17,4 տոկոս)

3. Ստեփան Դեմիրճյան 400846 (28,3 տոկոս)

4. Արամ Կարապետյան 41683

5. Արամ Հարությունյան 1218

6. Վազգեն Մանուկյան 12988

7. Գառնիկ Մարգարյան 855

8. Արամ Գ. Սարգսյան 1633

9. Ռոբերտ Քոչարյան 707155 (49,8 տոկոս)

Ավելացնենք, որ ԿԸՀ նախնական արդյունքների ամփոփիչ արձանագրությունը չէր ներառում անճշտությունների չափը։

Հրապարակված տվյալների հիման վրա ԿԸՀ-ն որոշեց. 2003 մարտի 5-ին անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը, որին կմասնակցեն թեկնածուներ Ստեփան Դեմիրճյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4