Փետրվարի 20-ին, ժամը 18։00-ին խմբագրությունն ահազանգ ստացավ, որ մոտ 500 հոգանոց մի խաժամուժ, որը մասնակցել է Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքին (տեսՙ էջ3), Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցով բարձրացել են մինչեւ Սայաթ-Նովայի փողոցՙ այդ ընթացքում վանկարկելով «Քոչարյան, հեռացիր, մեր նախագահը Դեմիրճյանն է», ու ձնագնդերով հարվածել են փողոցի աջ եւ ձախ մասերում տեղակայված մասնավոր խանութների, գործակալությունների եւ այլ հիմնարկ-ձեռնարկությունների ապակիներին ու պահանջել հանել նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գովազդային պլակատները եւ նկարները։ Ամբոխն իր արշավն ավարտել է Սայաթ-Նովայի փողոցում գտնվող Ռ. Քոչարյանի շտաբի մոտ։ Բազմաթիվ անբարո ու անպատիվ լուտանքներ թափելով գործող նախագահի հասցեին, քաշքշել ու ծեծկռտուք են սկսվել։ Ես շրջայց կատարեցի նշված հատվածով եւ պարզվեց, որ որեւէ տեղ Քոչարյանի պլակատներից չէր մնացել։ Իսկ մի քանի ականատեսների հետ զրույցից պարզվեց, որ աշխատողներն ամբոխից ահաբեկվածՙ իրենք էլ են պոկել պլակատները, որ չկոտրեն ցուցափեղկերն ու շտապ փակել են խանութները։ Այդ քայլարշավի ընթացքում եղել են, ըստ ականատեսների, նաեւ քաշքշուկներ, ծեծկռտուք երիտասարդների միջեւ։ Նշված հատվածում նախագահի մյուս թեկնածուների պաստառներն իրենց տեղում էին։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ