Այսպիսին էին նախագահական ընտրությունները Հայաստանում ԱՊՀ դիտորդների գնահատմամբ
Այս մասին երեկ հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղար Յուրի Յարովը եւ կոչ արեց բոլոր միջազգային դիտորդներին միանալ այդ հայտարարությանը։ Այդ կոչը թերեւս պատահական չէր, քանի որ արդեն մամուլի ասուլիսի վերջում ԱՊՀ գործադիր քարտուղարը հնարավոր համարեց ԵԱՀԿ եւ ԱՊՀ դիտորդների միասնական հայտարարությամբ հանդես գալը։
Մինչ այդ տեղեկացվեց, որ ԱՊՀ առաքելությունը Հայաստանում գործում է հունվարի 20-ից։ Այստեղ ընդգրկված են 11 երկրների 60-ից ավելի ներկայացուցիչներ, այդ թվումՙ դիտորդներ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, Ռուսաստան-Բելառուս միջխորհրդարանական միությունից, տարբեր երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։ Դիտորդներն ընտրությունների ժամանակ եղել են 277 ընտրական տեղամասերում, հանդիպել քաղաքական ուժերի ներկայացուցիչների, նախագահի թեկնածուների, զրուցել բազմաթիվ ընտրողների, ընտրական տեղամասերի ղեկավարների, թեկնածուների վստահված անձանց հետ։ Կարծիքներ եւ գնահատականներ են փոխանակվել այլ միջազգային դիտորդների հետ։
ԱՊՀ դիտորդական առաքելությունն այն եզրակացության է հանգել, որ Հայաստանի ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, որ ընտրողներն ազատորեն իրենց կամքն են արտահայտել, իսկ առանձին խախտումները լուրջ ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքների վրա։ Դրանց թվում Յուրի Յարովը նշեց թերություններն ընտրացուցակներում, 15-ից ավելի մարդկանց կուտակումները տեղամասերում եւ դրանցից 50 մետրից մոտ տարածքում։ Սակայն, Յուրի Յարովի հավաստմամբ, ընդդիմադիր թեկնածուների ներկայացուցիչները գոհ են եղել քվեարկությունների ընթացքից եւ ասել, որ եթե այդպես էլ ավարտվեն, ապա իրենք կճանաչեն հաղթող թեկնածուին։ Սակայն երեկ նախագահի 6 թեկնածուներ հայտարարել են, որ տեղի են ունեցել ընտրախախտումներ, եւ իրենք չեն ճանաչի ընտրությունների արդյունքները։ Պատասխանելով լրագրողների հարցին, Յուրի Յարովն ասաց, որ այդ հայտարարությանն իրենք ծանոթ են։ Սակայն դրանում տեսնում են ավելի շատ քաղաքական հայտարարություն առանց փաստերի, որոնց մասին ասվում է։ Մինչդեռ դրան կից հավելվածներ չեն եղել, իսկ հայտարարությունն արվել է ժամը 17¬18-ի շրջանում, երբ ընտրությունները դեռեւս ընթանում էին եւ արդյունքներն անհայտ էին։
ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավարներից Կոնստանտին Մարկելովն անդրադարձավ նախօրեին հայտնաբերված 500 քվեաթերթիկներին, որոնց մասին իրենք տեղեկացել են Արամ Սարգսյանից։ Նա հայտնեց, որ դրանք եղել են մաքուր քվեաթերթիկներ, եւ դեռեւս հայտնի չէՙ պատճենահանվա՞ծ են եղել, թե՞ տպագրված։ Ամեն դեպքում այս կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմության դիրքորոշմանը, ապա Կոնստանտին Մարկելովը նշեց, որ դեռ մինչեւ դրանց հայտնի լինելը, նախագահի թեկնածուներից Արամ Կարապետյանն իր հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ձայների կեսից ավելին հավաքելու դեպքում այդ ընտրությունները կեղծված են, եւ ընդդիմությունը «դրանից շատ կվրդովվի»։ Իսկ երեկվա հանրահավաքն էլ, վկայակոչելով Արտաշես Գեղամյանին, Կոնստանտին Մարկելովը հայտնեց, որ նշանակված է եղել քվեարկությունից մեկ օր առաջ։
Դիտորդական առաքելության մեկ այլ ներկայացուցիչ Վլադիմիր Վիտաեւը նույնպես հավաստելով, որ ընտրություններն անցել են խաղաղ մթնոլորտում եւ դիտորդների հսկողության ներքո, անդրադարձավ զինվորականների քվեարկության հարցին։ Նա հայտնեց, որ ինքը եղել է երկու տեղամասում, որտեղ քվեարկել են զինվորականները, եւ միայն մեկ դեպք է եղել, երբ զինվորներից մեկը փորձել է քվեարկել իր կարմիր գրիչով։ Դա չի թույլատրվել։ Իսկ ընդհանուր առմամբ այդ տեղամասերում զինվորականների քվեարկությունը եւս անցել է առանց լուրջ միջադեպերի։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ