«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2003-02-19 | #33, 2003-02-20 | #34, 2003-02-21


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Երեկ ժուռնալիստի տան կլոր սեղանի հյուրերըՙ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը եւ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը ներկայացրին Հայաստանում նախագահական ընտրությունների լուսաբանման մոնիտորինգի նախնական հաշվետվությունները, որն ընթացել է նախընտրական ողջ ժամանակաշրջանում։ Մոնիտորինգն ընդգրկել է 9 հեռուստաընկերություն, 1 ռադիոընկերություն, 17 թերթ։ Քաղաքական քարոզչության համար եթերաժամ եւ թերթային տարածք տրամադրելու քանակական ցուցանիշներին, գովազդային նյութերի մատուցմանն առնչվող օրենսդրության էական խախտումներ չեն գրանցվել։ Իսկ հեռարձակող ԶԼՄ-ներն ընդհանուր առմամբ չապահովեցին ընտրարշավի հավասարակշռված լուսաբանումը։ Տպագիր ԶԼՄ-ներն ամբողջությամբ ապահովեցին նախընտրական արշավի լուսաբանման պլյուրալիզմը։ Նրանցից յուրաքանչյուրը հանդես էր գալիս որոշակի քաղաքական դիրքերից։ Զանգվածային լրատվամիջոցների նշանակալի մասն ընտրարշավը պասսիվ է լուսաբանել եւ նախընտրական պայքարի լուսաբանման հիմնական ծանրությունը բաժին էր ընկել հեռարձակվող լրատվամիջոցներին։ Իսկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի անցկացրած մոնիտորինգը եկել էր այն եզրահանգման, որ «ընտրությունների լուսաբանումն անաչառ, հավասարակշռված, արդարացի եւ անկողմնակալ ճանաչել չի կարելի։ Քարոզարշավի լուսաբանումը ցույց տվեց, որ հայաստանյան լրատվամիջոցներն իրենց լսարանին առաջարկում էին խմբագրական մեկնաբանություններով ուղեկցվող նորություններ։ Հեռուստադիտողները, ռադիոլսողները եւ ընթերցողները ստանում էին տեղեկատվություն, որն ուղեկցվում էր ցուցումներով»։ Մոնիտորինգի խումբը փաստում է, որ 2003 թ. նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանումը միջազգային չափանիշներին չի համապատասխանում։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4