«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2003-02-19 | #33, 2003-02-20 | #34, 2003-02-21


ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է

Դժգոհ չեն, բայց գոհ էլ չեն

Ինչպես եւ սպասվում էր, միջազգային ընտրական դիտորդական առաքելության ներկայացուցիչները մամուլի ասուլիս էին հրավիրելՙ հայ հասարակությանն իրազեկելու իրենց նախնական տպավորությունները։ Երեկ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի, նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովիՙ 200 հոգուց բաղկացած առաքելությունը հրապարակեց նաեւ իր հայտարարությունը։

Առաքելության ներկայացուցիչները եղել են հանրապետության 1800 ընտրատեղամասերից 700-ում։ ԵԱՀԿ առաքելության ղեկավար Պիտեր Այքերը նախ թվարկեց ընտրաընթացքիՙ իրենց արձանագրած դրական դրսեւորումները։ Թեկնածուների առատությունը, ըստ իրենց, ընտրություններին հասարակության մասնակցության բարձր մակարդակ ապահովեց։ Ընթացավ ակտիվ քարոզարշավ, ընդդիմության ներկայացուցիչներն առանց երկմտության, առանց վախենալու քննադատում էին իշխանություններին։

Լորդ Ռասել Ջոնսթոնըՙ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավարը, տպավորվել էր ընտրական գործընթացին կանանց ակտիվ մասնակցությամբ։ Թեեւ ոչ ԿԸՀ-ում, սակայն տարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեծ էր կանանց ակտվիությունը։

Նախագահական ընտրությունների ընթացքը հիմնականում գնահատելով հանգիստ եւ կազմակերպված, դիտորդներն, այնուամենայնիվ, ընդգծեցին, որ հատկապես նախընտրական շատ իրադարձություններ չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին։ Նախՙ մթնոլորտը հագեցած էր սպառնալիքներով, քարոզարշավի խափանման եւ այդ ընթացքում բռնության դեպքեր եւս եղան։ Իսկ դրանք, ըստ Այքերի, ոչ մի եզր չունեն ժողովրդավարության հետ։ Առաքելության հրապարակած հայտարարությունը դժգոհություն է արտահայտում Հանրային հեռուստատեսության գործունեությունիցՙ լրատվության ու վերլուծական ծրագրերը կողմնակալ էին եւ սատարում էին գործող նախագահին։

Ըստ դիտորդների, ավելի կողմնակալ էին մասնավոր հեռուստաընկերությունները, մասնավորապես «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունը։ Տեղական չափանիշների ենթատեքստում բարձր էր նաեւ քաղաքական գովազդի 1 րոպեի գինըՙ 120 ԱՄՆ դոլար։ Տպագիր մամուլը, բազմաձայնություն արտահայտելով հանդերձ, նույնպես կողմնակալ է եղել այս կամ այն թեկնածուի հանդեպ։

Ռասել Ջոնսթոնը հայտնեց, որ ինքը եղել է 11 ընտրատեղամասում, եւ ընդհանուր առմամբ, տպավորությունները վատ չեն։ Սակայն լուրջ խախտումներ են նկատվել քվեները հաշվելու գործընթացումՙ ինչպես օրինակ, քվեատուփերը լցնելը։ «Դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են արատավորել գործընթացը եւ չեն թողնում, որ մարդիկ ազատ արտահայտեն իրենց կամքը։ Նրանք շատ չեն եւ չէին կարող որոշիչ լինել ընտրությունների ողջ ընթացքի համար, այնուամենայնիվ, փաստը մտահոգող է», ասաց Ռասել Ջոնսթոնը։ Ըստ նրա, խախտումների ընդգրկումների չափը որոշել դժվար է, բայց հաշվառման գործընթացում իրենք ընտրախախտումներ են հայտնաբերել թիվ 250, 219, 703, 122, 133, 390 տեղամասերում։ Դիտորդները հաշվառվել են նաեւ ընտրական մեքենայությունների փաստեր, ինչպես ընտրողների փոխարեն քվեարկելը եւ քվեներ ապահովելու համար դրդումները։ Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունների հետ կապված բողոքները կարող են բողոքարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, քանի որ Հայաստանը միացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։

Ըստ առաքելության դիտարկումների, քվեարկման գործընթացը համեմատաբար լավ էր կազմակերպված։ Բոլոր ընտրատեղամասերում ներկա էին թեկնածուների մեծ մասի լիազորված անձինք, հանգիստ գործում էին տեղական եւ միջազգային կազմակերպությունները։ Խախտումներն արձանագրվել են քվեարկման ընթացքումՙ Երեւանում, Արմավիրում, Կոտայքում, Շիրակում, Արարատում, Գեղարքունիքում, Լոռիում։

Եվրախորհրդի անդամ դառնալուց հետո այս ընտրություններն առաջինն էին Հայաստանում, եւ փաստորեն, ըստ լորդ Ռասելի, ժողովրդավար ընտրությունները Եվրախորհուրդ մտնելու պարտավորությունների մի մասն են կազմում։ Սակայն վերջնական գնահատական տալ այս ընտրություններին, դժվար է, քանի դեռ հաշվարկման գործընթացը եւ բողոքարկումների արդյունքները հայտնի չեն։ Այնուամենայնիվ, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը հույս հայտնեց, որ իրենց արձանագրած թերությունները գալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում չեն կրկնվի։

Այնուամենայնիվ, նկատենք, որ դիտորդական առաքելության ընդհանրական գնահատականը միանգամայն որոշակիորեն հակասական էր։ Ընտրությունները հիմնականում բնորոշելով հանգիստ եւ կազմակերպված, միաժամանակ նշվում է, որ որոշ գործընթացներ միջազգային չափանիշներին չէին համապատասխանում եւ... «դժվար է գործընթացն ընդհանուր առմամբ դրական գնահատել»։ Տպավորություն է ստեղծվում, որ դիտորդները ե՛ւ մուրճին, ե՛ւ սալին են խփում։ Եթե հայտարարությունը ձերբազատենք դիվանագիտական քաղաքավարության հանդերձներից, ապա ենթատեքստում փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին նրանց արձագանքը բավական կոշտ կարելի է գնահատել։ Ի դեպ, այն տրամագծորեն տարբեր է ԱՊՀ դիտորդների գնահատականից։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4