«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2003-02-19 | #33, 2003-02-20 | #34, 2003-02-21


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՀՀՇԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻՆ

Հայաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է։ Ընդ որում, ընտրողների ակտիվ մասնակցությամբ։ Նախքան ընտրություններըՙ փետրվարի 17-ին «Ազգը» «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ թշնամանքը պայմանավորված է որոշ թեկնածուների միջազգային աջակցության ակնկալիքներով» խորագրի տակ հրապարակել էր Անկարայում գործող Հայկական հետազոտությունների ինստիտուտի ինտերնետային սայթից մեջբերված նախադասություններ։ Դրանք համեմատելով նախագահության որոշ թեկնածուների նախընտրական ելույթներում տեղ գտած արտահայտությունների հետ, կարծիք էր հայտնել, որ վերջիններս Ռոբերտ Քոչարյանի տապալման հարցում տուրք են տալիս Թուրքիայում հայերի եւ Հայ դատի դեմ պայքարելու պետական առաջադրանքով ստեղծված այդ ինստիտուտին։

Ընտրությունից հետո արդեն սկսեց մեր թեկնածուների նկրտումներին տուրք տալ ադրբեջանական «Զերկալո» թերթը, որի թերեւս գլխավոր առանձնահատկությունը Հայաստանի նկատմամբ ընդգծված ատելությունն է։ Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ այս թերթի փետրվարի 20-ի համարում հրապարակված «Ռոբերտ Քոչարյանը վերստին Հայաստանի նախագահ» հոդվածին, որն ունի հետեւյալ ենթավերնագիրը. «Սակայն շուտով Լեւոն Տեր¬Պետրոսյանը կարող է դառնալ հայ հասարակության համար միակ ընդունելի գործիչը»։

Վերնագիրը ադրբեջանական մտահոգությունների արտահայտությունն է, իսկ ենթավերնագիրըՙ կարոտախտով համեմված անզուսպ ցանկություն։ «Զերկալոյի» մտահոգությունը ցանկության հետ համադրելիս մենք ակամա հանգում ենք ինքնամխիթարանքի եզրակացությանը։ Այդ ընթացքում պարզորոշ է դառնում, թե ընդդիմադիր թեւը նախընտրական շրջանում «վերընտրությունից 6¬7 ամիս հետո Ռ. Քոչարյանի անխուսափելի հրաժարականի» մասին ստահոդ լուրերն ո՞ւմ հրահանգով էր տարածում։

«Զերկալոն» վերջին ընտրությունների հետ կապված ադրբեջանցիների ուշադրությունը հրավիրում է «Հանուն մեծ Հայաստանի» ջանքերը միավորելու նախագահության մյուս թեկնածուներին հասցեագրված Ռոբերտ Քոչարյանի կոչի վրա։ Այնուհետեւ գոհունակությամբ է արձանագրվում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նախազգուշացումը. «Խախտումները 5 տոկոսի սահմաններն անցնելու դեպքում Վաշինգտոնը չի ճանաչի նախագահի օրինականությունը»։

Դրան է հետեւում Ս. Դեմիրճյանի, Ա. Գեղամյանի, Վ. Մանուկյանի, Ա. Կարապետյանի համատեղ հայտարարության մեջբերումը, թե «ազատ, արդար նախագահական ընտրությունները եւ պետության միջազգային հեղինակությունը Հայաստանում սպառնալիքի տակ են դրված»։ Սա ոչ այլ ինչ է, քան ցանկալին որպես իրողություն ներկայացնելու նկրտում, որպեսզի Քոչարյանի ընտրությունը հնարավորություն տա ադրբեջանական թերթին բացականչելուՙ «Էքստրեմիստները վերստին իշխանության եկան»։ Հարցը, սակայն, սոսկ բացականչությունը չէ, այլ էքստրեմիզմի մասին հետեւության այս բացականչությամբ հիմնավորումը։ Այլապես «Զերկալոն» չէր գրի. «Ընտրությունները Հայաստանում ամրապնդեցին ղարաբաղյան հակամարտությանը ուժային լուծում առաջադրողների դիրքերը»։

Հատկանշական է, որ վերոհիշյալ հետեւության հիմնավորման անհրաժեշտությունն էլ հանգեցնում է Լեւոն Տեր¬Պետրոսյանի նկատմամբ կարոտախտի։ Այսպիսով «Զերկալոն», նրա հրաժարականի դրդապատճառներին անդրադառնալիս, արտահայտվում է նաեւ ղարաբաղյան հիմնահարցում վերջինի «կառուցողական» դիրքորոշման վկայությունը հանդիսացող ծրագրի մասին։ Ըստ երեւույթին, այս ծրագիրը չափազանց հոգեհարազատ է ադրբեջանցիներին, որ «Զերկալոն» Տեր¬Պետրոսյանին Հայաստանում ոտնձգություններից պաշտպանում էՙ առանց կարեկցանքի մասին մոռանալու։

«Ընտրությունները, գրում է «Զերկալոն», Հայաստանում ամրապնդել են ղարաբաղյան հակամարտությանն ուժային լուծում առաջադրողների դիրքերը։ Հենց պատերազմի քաղաքականությունից հրաժարվելը Տեր¬Պետրոսյանին ստիպեց հեռանալ իշխանությունից։ Հիշենք, որ 1997 թ. աշնանը Տեր¬Պետրոսյանը հանդես եկավ ղարաբաղյան կարգավորման նոր ծրագրով։ Խոսքն իրականում Ղարաբաղի աննախադեպ բարձր ինքնավարության մասին էր, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դե յուրե պահպանելու պայմանով։ Տեր¬Պետրոսյանի մոտեցումը գնահատվեց որպես «պարտվողական» եւ «ազգային շահերի դավաճանություն» համարվեց»։

«Զերկալոն» Տեր¬Պետրոսյանին համարում է դեռեւս Հայաստանի միակ պրագմատիկ գործիչը, ավելացնելով, «Նա երբեք բացահայտ չհայտարարեց, բայց եւ այնպես, կատեգորիկ չհերքեց մեծ քաղաքականություն վերադառնալու իր մտադրությունը»։ Ըստ «Զերկալոյի», Տեր¬Պետրոսյանը հայ հասարակության համար կարող է ընդունելի դեմք դառնալ։ Ո՞ր դեպքում։ Այդ հարցին ադրբեջանական թերթը պատասխանում է. «Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը վերստին գլխավորեց Հայաստանը։ Սակայն որոշ ժամանակ անց, երբ նա ի զորու չի լինի արդարանալ երկրում չլուծված սոցիալ-տնտեսական եւ այլ խնդիրներիՙ այդ թվում ղարաբաղյան խնդրի համար, Ադրբեջանի տնտեսական աճի ֆոնին նորից օրակարգ կմտնի նրա հրաժարականի հարցը»։ Սա չարաբաստիկ կանխագուշակում է։ Կանխագուշակման առումով ավելի քան չարաբաստիկ պետք է համարել «Զերկալոյի» եզրակացությունը. «Ռ. Քոչարյանի երկրորդ ընտրությունն իրականում իր «աստեղային ժամին» սպասող Տեր¬Պետրոսյանին է պետք»։

Ինչպես երեւում է, Տեր¬Պետրոսյանն էլ Ադրբեջանին է պետք լինելու։ Ուրեմն, «Զերկալոն» ադրբեջանցիներին ոչ միայն մխիթարում, այլեւ նրանց հույս է տալիս։ Թերեւս այդ հույսն է պատճառը, որ հհշական թափթփուկների եւ նախագահի որոշ թեկնածուների միավորմանը նպաստելիս, նրանց միավորում է ադրբեջանցիների հետ։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4