Հանրահավաք Մատենադարանի դիմաց
Ժամը 14-ին մարդիկ շարունակում էին հավաքվել Մատենադարանի դիմաց դեռեւս ընտրություններից երկու օր առաջ հայտարարված հանրահավաքին։ Այն, սակայն, այդ ժամին արտոնված չէր, հանրահավաքի արտոնությունը տրվել էր ժամը 16¬18-ի համար։ Կարծես նախապես իմանալով քվեարկության արդյունքները, ընդդիմությունը երեկվա հանրահավաքի կոչը դեռեւս փետրվարի 17-ին էր հնչեցրել։ Մեքենան, որ պետք է բերեր բարձրախոսները, ուշանում էր (սա եւս իշխանությունների կողմից սադրանք համարվեց), եւ արդեն հավաքված մարդկանց միանում էին նորերը։ Դժվարանալով ստույգ նշել հավաքվածների թիվն, ասենք, որ խոսքը հազարավոր մարդկանց մասին է։
Ժողովուրդը հնարավորություն ուներ տեսնել նախագահի մի քանի թեկնածուներին միասինՙ Ստեփան Դեմիրճյան, Արամ Գասպարի Սարգսյան, Արամ Կարապետյան, հանրահավաքի բանախոսներից էին նաեւ Արամ Զավենի Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը։ Բազեյան, Սադոյան, Շավարշ Քոչարյան խումբը եւս այստեղ էր։ Ելույթ ունեցողների հետեւում երեւում էր Վահան Շիրխանյանը, իսկ միտինգավորների առաջին շարքերումՙ ՀՀՇ¬ական դեմքեր։ Ընդդիմադիր թեկնածուներից չկար Արտաշես Գեղամյանը, սակայն ժողովուրդը պահանջում էր նրանՙ կասկածներ հայտնելով, թե չի՞ լքել է ընդդիմադիր բանակը։
Բարձրախոսը վերջապես բերեցին, եւ հանրահավաքը սկսվեց։ Ելույթ ունեցողները նշում էին, որ նախորդ օրվա ընտրություններն անցել են լուրջ կեղծիքներով եւ իրականում ձայների մեծամասնությունը Ստեփան Դեմիրճյանն է ստացել։ Հնչում էին կոչեր առաջիկա օրերին շտկելու իրավիճակը։ Դարձյալ բանախոսները հավատարիմ էին իրենց ոճին, եւ իշխանությունների հասցեին հնչեցին արդեն սովորական դարձած վիրավորանքներ. «...Քոսոտները չեն կարող կանգնել ժողովրդի կամքի դեմ, Քոչարյանը հաղթել է միայն Նուբարաշենի եւ այլ գերեզմանոցներում»։ Պահանջն այն էր, որ արդեն հայտարարված նախնական տվյալները չեղյալ հայտարարվեն, ստուգումներ կազմակերպվեն քվեարկության իրական արդյունքները բացահայտելու համար։
«100 հազար մեր հայրենակիցներ մայրաքաղաքից այժմ միացել են մեզ, շատերն էլ մարզերում են սպասում մեր վճռին», խոսքերով համախմբման եւ ընտրությունների հայտարարված արդյունքների դեմ պայքարելու կոչեր էին արվում։ Նշենք, որ հավաքվածների մի մասն ավտոբուսներով մարզերից էին բերվել։
Րաֆֆի Հովհաննիսյանը Ստեփան Դեմիրճյանին համաժողովրդական թեկնածու էր անվանում, իսկ Արամ Կարապետյաննՙ առիթն օգտագործելով, արդարացնում իրեն տրված քիչ ձայների փաստըՙ նշելով, որ ինչքան իր վարկանիշը ցածր է ներկայացվում, այնքան իր գործերը լավ են ընթանում։
Ընդդիմությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուղղված իր պահանջըՙ հրապարակած արդյունքները չեղյալ համարել, բարձրաձայն ընթերցեց եւ ժողովրդին կոչ արեց գնալ դեպի ԿԸՀ¬ի շենք։ Հանրահավաքի մասնակիցներն այնուհետեւ հավաքվեցին ոստիկանության կողմից արդեն շրջապատված շենքի դիմաց եւ այնտեղ մնացին մոտ 1 ժամ, մինչեւ ԿԸՀ¬ի նախագահն ընդունեց հանրահավաքի կազմակերպիչներից մի քանիսին եւ նրան հանձնվեց ԿԸՀ-ին ուղղված գրավոր պահանջը։ Բարեբախտաբար, մարդկանց ու ոստիկանության հնարավոր բախումներից հաջողվեց խուսափել։
Հանրահավաքի մասնակիցներն այնուհետեւ մարդկանց կոչ արեցին շարժվել դեպի Հանրապետության հրապարակ։ Սակայն քաղաքի այս մասում միջադեպերից չհաջողվեց խուսափելՙ Նալբանդյան փողոցում մի քանի խանութների վրա հարձակում եղավ, որտեղ Քոչարյանի պաստառներն էին փակցված։
Հանրահավաքի կազմակերպիչներն իրենց կոչերը ժողովրդի անունից էին հնչեցնումՙ դրանք հիմնավորելով բացառապես ժողովրդի շահերով։ Հետաքրքրական էՙ արդյոք նույն կազմակերպիչները գիտակցո՞ւմ էին, որ նույն ժողովրդին այսօր ակնհայտ վտանգի են ենթարկում, իսկ ապագայումՙ առավել եւս։
Մ. Հ.