«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2003-02-19 | #33, 2003-02-20 | #34, 2003-02-21


ՄԵԿ ՕՐ ՄԱԵՍՏՐՈ ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

«Հայաստանի փոքրիկ երգիչների» ստուդիայում տոն է. երկարատեւ դադարից հետո վերականգնվել են փորձերը, եւ երեխաները նորից հանդիպել են միմյանց։ Ստուդիայի դուռը բացելուն պես քեզ ողողում է ջերմության եւ աշխույժ խանդավառության մի ալիք, որն այնքան ուժգին է, որ մի քանի րոպեից սկսում ես քեզ զգալ նրանցից մեկը... Կան ուրախության այլ առիթներ եւս. սաներից մեկի ծննդյան օրն է, մյուսը պաշտոնապես դարձել է երգչախմբի անդամ։

Դժվար է նկարագրել երեխաների ոգեւորությունը մաեստրոյի ամեն մի դիպուկ խոսքի կամ կատակի առթիվ։ Իսկ հետո տեղի է ունենում հետեւյալը. աշակերտներից մեկը, որ պատրաստվում է մեկ ամսով արտասահման մեկնել համերգների, հրաժեշտից առաջ երգչախմբի հետ երգում է մի երգՙ նվիրված մաեստրոյին։ Թվում էՙ երեխաները բոլորն էլ գիտեն այդ երգը, եւ զարմանալի բանՙ փոքրիկ երգիչներից շատերի աչքերում երեւացին արցունքներ, ոմանք աշխատում էին թաքցնել, ոմանք էլ բացեիբաց սրբում էին այտերը։ Դժվար է ասելՙ երջանկության թե երախտագիտության արցունքներ էին դրանք, սակայն մի բան հաստատ է. յուրաքանչյուրն այդ փոքրիկներից հոգի էր դնում այդ երգի մեջ եւ յուրաքանչյուրը պատրաստ էր դառնալ մի հնչյուն, մի նոտա, եւ միախառնվելով մյուսների հետ, դառնալ մեղեդի եւ նվիրվել մաեստրոյին, այն մարդուն, որը նրանց նվիրել է այնքան մեղեդիներ։

Նա ինքը հիմա նստած էՙ աչքերը հառած գետնին եւ, հավանաբար, չնկատելով, սակայն կռահելով այդ արցունքների մասին։ Անհնար է հասկանալ նրա դեմքից, թե ինչ մտքեր են այդ երջանիկ մարդու հանճարեղ գլխում։ Երջանիկ, որովհետեւ այդ մի քանի րոպեները բավական են մարդուն իր ողջ կյանքի ընթացքում երջանիկ զգալու համար։ Երջանիկ, որովհետեւ ինչպես երգում են երեխաները, ինքն է պարգեւել շատերին երջանիկ մանկություն։ Եվ եթե ճիշտ է այն միտքը, որ դիրիժորի ապրումները աշխատանքի ժամանակ հավասար են տիեզերագնացի ապրումներին թռիչքից առաջ, ապա հարց է առաջանում. որտեղի՞ց այդ մարդուն այդքան ուժ ու եռանդ ամեն օր զբաղվելու այդպիսի գործով, եւ այդքան ջերմություն մի քանի տասնյակ փոքրիկներին տալու համար։ Ահա թե որտեղից. այն նվիրվածությունը, ջերմությունը եւ սերը, որ նա ստանում է ոչ միայն այսպիսի րոպեներին, այլեւ փոքրիկների հետ շփվելու ամբողջ ընթացքում, փոխհատուցում են հոգեկան ապրումներն ու ֆիզիկական հոգնածությունը։ Բավական է միայն նայել այդ աչքերի մեջՙ ուղղված մեկ զույգ աչքերի եւ դրանց մեջ կարդալ յուրաքանչյուր հաջորդ հնչյունի նախաբանը։

Ահա այսպես է մաեստրոն սովորեցնում զգալ այն, ինչ ինքը, փոխանցում է փոքրիկ երգիչներինՙ իր զգացումների հարյուր տոկոսը, դեռ մի բան էլ ավելի, ինչպես մաեստրոն է ասում, որպեսզի գոնե ութսուն տոկոսն էլ հասնի դահլիճին։ Սակայն սա միայն արտաքին մասն է եւ աշխատանքային մեկ օրը, բնականաբար, եւ միայն մեկ տոկոսը նրա, ինչ Հայաստանի փոքրիկ երգիչները ստանում են իրենց մաեստրոյից...

Այդ երեկո մաեստրոն հաստատ կվերջացնի աշխատանքը շատ ուշ եւ երբ քուն մտնի, գուցե երազում տեսնի բազում ժպիտներ, թռչող նոտաներ եւ ծափահարություններ։ Ի՞նչ իմանասՙ ինչպիսի՞ն են այդքան տաղանդաշատ եւ պատվելի մարդու երազները։ Իսկ առավոտյան... առավոտյան կսկսի նոր օրՙ նման նախորդին եւ այնքան տարբեր, օր, որի ընթացքում կատարած աշխատանքը մյուս օրերի աշխատանքի հետ միասին կդառնա նախաբան մի նոր, փայլուն հաղթանակի։

ԼԻԼԻԹ ԴԱՎՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4