«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2003-02-19 | #33, 2003-02-20 | #34, 2003-02-21


ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ՆՎԱՃԵՑ ԲՈԼՈԳԱՆԸ

Մոսկվայում ավարտվեց Աերոֆլոտի հովանու ներքո անցկացված շախմատային փառատոնը։ 3 մրցաշարերում ընդհանուր առմամբ խաղարկվում էին դրամական 106 մրցանակներ, որոնցից անմասն չմնացին նաեւ հայ շախմատիստները։ Նախՙ տեղեկացնենք, որ մրցաշարի պաշտոնական սայթի տվյալների համաձայն, «C» խմբում Լեւոն Բաբուջյանը 7 հնարավորից վաստակելով 6 միավոր, գրավել է «մաքուր» 2-րդ տեղըՙ արժանանալով 1500 դոլարի։ Ինչ խոսք, սա հայ շախմատիստի համար մեծ նվաճում է, եթե հաշվի առնենք նաեւ, որ վարկանիշով Լեւոնը զիջում էր մասնակիցներից շատերին։ Իսկ հաղթողն ուկրաինացի Բայրախնին էր (6,5 միավոր), որն արժանացավ գլխավոր մրցանակին (3000 դոլար)։ 3-րդ տեղում է վիետնամցի Դանգը (5,5 միավոր), որը ստացավ 1200 դոլար։ Մեր մյուս մասնակիցները մնացին առանց պարգեւների։ Հայկ Վարդանյանը 4 միավորով 36-րդ տեղում է, նույնքան միավորով Ռուսաստանը ներկայացնող Տոնոյանը 39-րդ տեղում է, իսկ Վարդգես Սարգսյանը 3,5 միավորով զբաղեցրել է 55-րդ հորիզոնականը։ «C» խմբում հանդես եկան 104 շախմատիստներ։

Իսկ այժմ անդրադառնանք «A» եւ «B» խմբերի մրցաշարերին։ Վերջին տուրից առաջ աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորող բելառուսցի գրոսմայստերներ Ալեքսեյ Ֆյոդորովն ու Ալեքսեյ Ալեքսանդրովը որոշեցին ռիսկի չդիմել եւ արդեն 8-րդ քայլում միմյանց հետ խաղաղ դաշն կնքեցին։ Մոլդովացի Վիորել Բոլոգանը հաղթեց Պերուի չեմպիոն Գրանդա Զունիգային, իսկ Պյոտր Սվիդլերը պարտության մատնեց Գրեգորի Կայդանովին։ Արդյունքում Բոլոգանը, Ալեքսանդրովը, Ֆյոդորովն ու Սվիդլերը վաստակեցին 7-ական միավոր։ Լրացուցիչ գործակիցներով մասնակիցները նշված հերթականությամբ էլ զբաղեցրին 1¬4-րդ տեղերը։ Բոլոգանը ստացավ 25 հազար դոլար, 2¬3-րդ տեղերը զբաղեցրածներըՙ համապատասխանաբար 15 եւ 10 հազար դոլար։

Ցավոք, վերջին տուրերում այնքան էլ հաջող հանդես չեկան հայ շախմատիստները։ «A» խմբի մասնակից 10 շախմատիստներից ոչ մեկը դրամական մրցանակի չարժանացավՙ ցույց տալով համեստ արդյունքներ։ Լավագույն արդյունքն ունեցող Աշոտ Անաստասյանը, Լեւոն Արոնյանը եւ Ռաֆայել Վահանյանը (5-ական միավոր) համապատասխանաբար զբաղեցրել են 69-րդ, 71-րդ եւ 76-րդ տեղերը։ Մյուս շախմատիստների ցուցանիշներն ենՙ 103, Արտաշես Մինասյանՙ 4,5, 108, Գաբրիել Սարգսյանՙ 4,5, 134, Տիգրան Պետրոսյանՙ 4, 153. Հովհաննես Դանիելյանՙ 4, 170. Արա Մինասյանՙ 3,5, 175, Տիգրան Նալբանդյանՙ 3,5, 193, Աշոտ Նադանյանՙ 2,5։

Իսկ ահա «B» խմբում հայ շախմատիստների ելույթներն առավել հաջող էին։ Լավագույն արդյունքը ցույց տվեց Տիգրան Քոթանջյանը (6,5 միավոր)։ Ցավոք, վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել եւ դժվար է առայժմ Տիգրանի կոնկրետ տեղը նշել։ Նա 6,5 միավորով բաժանել է 5¬14-րդ տեղերըՙ արժանանալով դրամական պարգեւի։ 5,5-ական միավոր վաստակած Դավիթ Պետրոսյանն ու Էլինա Դանիելյանը բաժանել են 31¬51-րդ տեղերը։ 5 միավոր վաստակեցին Արթուր Չիբուխչյանն ու Դավիթ Հարությունյանը, կես միավոր պակաս է վաստակել Վարդան Դանիելյանը, իսկ Ջեյրանյանն ունի 3,5 միավոր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4