Շախմատի Լինարեսի ավանդական մրցաշարն ամեն տարի բավական ուժեղ կազմ է հավաքում։ Բացառություն չի կազմի նաեւ փետրվարի 22-ից մարտի 9-ը կայանալիք հերթական սուպերմրցաշարը, որը ՖԻԴԵ-ի 20-րդ կարգին է դասվում։ Երկու շրջանով անցկացվելիք մրցաշարում հանդես կգան ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում առաջին երեք տեղերը զբաղեցնող Գարրի Կասպարովը (2847), դասական շախմատի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (2807) եւ Վիշվանաթան Անանդը (2753), շախմատի աշխարհի միացյալ մրցամարտի կիսաեզրափակիչում Կրամնիկի մրցակից հունգարացի Պետեր Լեկոն, որն աշխարհում 5-րդ վարկանիշն ունի (2736)։ Պայքարի մեջ կներգրավվեն նաեւ ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովը (2734), իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոն (2629) եւ ադրբեջանցի պատանի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը (2624), որն առաջին անգամ է մասնակցելու Լինարեսի մրցամարտին։