Կանադայի Զորյան ինստիտուտից ստացած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ 2002 թվականի ընթացքում իր գոյության 20-ամյակի առթիվ եւ առ ի գնահատանք իր կատարած հսկայական աշխատանքների, սփյուռքի տարբեր կազմակերպություններից եւ անհատներից ստացել է ընդհանուր առմամբ 695 հազար դոլար։
«Այս նվիրատվությունները շոշափելի գնահատականն էին այն աշխատանքի, որ մենք կատարում ենք», այս առթիվ հայտարարել է տնօրենների վարչության նախագահ պրոֆ. Վարուժ Այվազյանը։ «Ես ոգեւորված եմ այն փաստով, որ այդ գումարը մեզ հնարավորություն է տալու շարունակելու մեր ծրագրերը, որոնք միտված են Ցեղասպանության հարցերով զբաղվող գիտաշխատողների նոր սերնդի պատրաստմանը», ավելացրել է ինստիտուտի մարդու իրավունքների բաժնի տնօրեն պրոֆ. Ռոջեր Սմիթը։
Իսկ ականավոր դերասանուհի Արսինե Խանջյանը, որը տնօրենների վարչության անդամ է, նշել է. «Ես հաստատ համոզված եմ, որ ինստիտուտը գիտական ուսումնասիրությունների եւ համեմատական վերլուծությունների կենտրոն է, եւ ուրախալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ պաշտպանում նրա առաքելությունը»։
Զորյան ինստիտուտի հիմնադիրներից այժմ նախագահ Գուրգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին եւ առ ի երախտագիտությունՙ հայտարարել բոլորի անունները։
Հ. Ծ.