Փետրվարի 12-ին «Նոյյան տապան» գործակալությունը հաղորդագրությամբ մեր հասարակության ուշադրությունը հրավիրեց Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի նամակին։ Դա հասցեագրված էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուին։ Դրանով պատրիարք հայրը նախարարից պահանջում էր միջամտել, որպեսզի Թուրքիայի հայությունը նոր անձնագրեր ստանալիս դրա «կրոնական պատկանելություն» սյունակում «այլ քրիստոնյա» նշագրումը չկատարվի։
Մեսրոպ արքեպիսկոպոսը ուղերձի բնույթ կրող նամակում հիշեցնում էր, որ նախկինում թուրքահայերի անձնագրերում նշագրումները կատարվում էին միայն «քրիստոնյա» տարբերակով։ Ինչ վերաբերում է «այլ քրիստոնյա» տարբերակին, որը նշագրվում է նոր օրենքի համաձայն, ապա դա, պատրիարք հոր բնութագրմամբ, խտրականության դրսեւորում է եւ անհանգստության տեղիք է տվել հայերի շրջանում։ Պատրիարքին է հետեւել նրա խորհրդականըՙ նախազգուշացնելով, որ պահանջը չբավարարելու դեպքում կդիմեն Եվրոպայի մարդու իրավունքների դատարան։
Ակամա հարց է ծագումՙ ինչո՞վ է պայմանավորված «այլ քրիստոնյա» նշագրումից բխող մտահոգությունը։ Մինչ հարցին անդրադառնալն ասենք, որ այս ձեւակերպման առնչությամբ պատրիարքից առաջ մտահոգություն էր հայտնել Ստամբուլում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթը եւ պարզաբանումների պահանջով դիմում էր հղել Անկարաՙ անձնագրային վարչություն։
Վարչության պետը, ինչպես այդ մասին նշում է հունվարի 24-ի համարում «Ակօսը», թյուրիմացություն է համարել անձնագրով հայերին այլ քրիստոնյաների շարքում դասելը, ընդգծելով, որ այս նշագրումն օգտագործվել է նրանց նկատմամբ, ովքեր չեն պատկանում Թուրքիայում վաղուց ի վեր ճանաչված քրիստոնյա խմբավորումներին։ Տվյալ դեպքում խոսքը պետք է վերաբերի հայերին եւ հույներին։ Սակայն կա մի հանգամանքՙ անձնագրային վարչության պետի նախանշած թյուրիմացությունը չի ուղղվել։ Այլապես «Ակօսի» նախազգուշացումից հետո Պոլսո հայոց պատրիարքը ներքին գործերի նախարարություն չէր դիմի։
Ուրեմն, Թուրքիայի հայությունն անձնագրերի փոխանակման ներկա փուլում գործ ունի միտումնավոր թյուրիմացության հետ։ Դա, ամենայն հավանականությամբ, բխում է Թուրքիայի հայերի ազգային իրավունքները ներքին կարգով սահմանափակելու կառավարական նկրտումներից։ Պայմանով, որ սահմանափակումը չհակասի 1923 թ. հուլիսի 24-ին մի կողմից Թուրքիայի, մյուս կողմիցՙ Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ռումինիայի, Հարավսլավիայի եւ Ճապոնիայի միջեւ ստորագրված Լոզանի պայմանագրին։
Ինչպես հայտնի է, այս պայմանագիրը, ընդունելով հանդերձ Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու պետական անկախությունը, երկրում բնակվող հայերին, հույներին եւ հրեաներին շնորհել է ազգային փոքրամասնության կարգավիճակ։ Այլ կերպՙ հայերի եւ հույների կարգավիճակը նրանց տարբերակում էր Թուրքիայի ասորիներից, բուլղարներից, ինչպես նաեւ լեւանտինցիներից։ Վերջիններս, չունենալով այդ կարգավիճակը, հայերի եւ հույների նկատմամբ «այլ քրիստոնյա» էին դառնում։
Դասել հայերին «այլ քրիստոնյաների» շարքըՙ ենթադրում է նրանց նույնացնել Թուրքիայում ազգային փոքրամասնության կարգավիճակից զուրկ կրոնական խմբավորումների հետ, որպեսզի այդ կարգավիճակն անտեսվի, եւ անտեսման պայմաններում թուրքահայերն իրենք դառնան կրոնական փոքրամասնություն հենց երկրի քրիստոնյաների մեջ։ Քանի որ Թուրքիայի բնակչության 90 տոկոսը մահմեդական է, հետեւաբար քրիստոնյաներն արդեն փոքրամասնություն են։
Ուրեմն անձնագրում «այլ քրիստոնյա» նշագրումը հայերին փոքրամասնության մեջ փոքրամասնություն է դարձնում, ընդ որումՙ կրոնական։ Մինչդեռ Լոզանի պայմանագրի շնորհած ազգային փոքրամասնության կարգավիճակով նրանք ոչ միայն տարբերվել են այդ կարգավիճակից զուրկ քրիստոնյաներից, այլեւ որպես փոքրամասնություն են դիտարկվել երկրի թուրք բնակչության նկատմամբ։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ