«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2003-02-20 | #34, 2003-02-21 | #35, 2003-02-22


ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՎԵՑ, ՔԱՆԻ ՈՐ...

Իմ սիրելի, իմաստուն, բազմաչարչար, բայց կենսախինդ հայ ժողովուրդ։

Գրում եմ այս տողերը մեծ մտահոգությամբ, բայց ոչ ցասումով։

Ես Երեւանում ծնված, դաստիարակված կարսեցու զավակ եմ, կինսՙ վանեցու։ Մասնագիտությամբ ինժեներ եմ, կինսՙ մանկավարժ։

Արդեն շուրջ 7 տարի անցել ենք հոգեւոր ծառայության Երեւանի Ավետարանական եկեղեցում։

Մենք անկուսակցական եղել ենք եւ այսօր այդպիսին էլ մնում ենք։ Սակայն ունենք մեր կողմնորոշվածությունը, մտահոգությունները մեր ազգի, հայրենիքի այսօրվա նախագահական ընտրությունների, ներկայումս հասարակության մեջ թափանցած թշնամական տրամադրությունների հարցում։

Հիշենք, որ երբեմնի ամենահզոր պետությունըՙ հռոմեական կայսրությունը, կործանվեց երկրի ներքին հակասություններից, թշնամական մթնոլորտից, արտաքին բարբարոսների հարձակումներից։

Այս գրության առիթ ծառայեց փետրվարի 20-ին Մատենադարանի մոտի հանրահավաքի ժամաինակ լսածս երկխոսությունը։ Կողքիս կանգնած հարեւաններիցս մեկը ծխախոտը վառելով եւ հոգոց հանելով ասաց. «...հո նորից ղարաբաղցին չի՞ նստելու թագավոր», իսկ մյուս տարեցը, թեՙ «դու թուրքի սրտից խոսեցիր, ախպեր»։

Սիրելիներս, ձեր սրտում տեղ մի տվեք նման խոսակցություններին, թե որտեղացի է հայը։ Լավ հայը լավն է, իսկ վատըՙ վատ, որտեղից էլ նա լինի։ Հիշո՞ւմ եք Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Զուրաբյանին։ Ռուսաստանցի էր, բայց հայրենասեր հայորդի էր։ Ո՞վ է ասում, թե հայաստանցի, պարսկաստանցի, լիբանանցի, ամերիկացի, ֆրանսիացի կամ այլուրցի հայերի մեջ տարբերություն պետք է դնել։

Մեր եկեղեցու հովիվ Լեւոն Պարտագճյանի եւ Հայաստանի գործարարների միության նախագահ Հովսեփ Սեֆերյանի միջեւ շատ ուսանելի երկխոսություն ծավալվեց «Ավետիս» հեռուստաալիքով։ Երկուսն էլ սփյուռքից են։ Բայց պետք է լսեիք երկուսի մտահոգությունը եւ գործնական առաջարկությունները Հայաստանի բարգավաճման, մարդկանց հոգիների խաղաղեցման եւ այլ ազգանպաստ հարցերի մասին։

«Աղավնին չի թռչի, եթե երկու թեւերով չգործի։ Հայի համար այդ թեւերից մեկը Հայաստանն է, մյուսըՙ սփյուռքը։

Ճիշտ է, Ղարաբաղը սփյուռք չէ, բայց ժամանակավորապես հայրենիքից մասնատված մեր Արցախն է»։

Նախագահի բոլոր թեկնածուները մեր ժողովրդի ծոցից դուրս եկած զավակներ են։

Չլինենք ապերախտ, թերուս, մեկին նախապատվություն տալիս մյուսին նվաստացնենք, նրա հասցեին հերյուրանքներ տարածենքՙ անտեղյակ նրա կատարած ծառայություններին ազգի եւ հայրենիքի հանդեպ։

Ժողովուրդը պիտի թույլ չտա թշնամական տրամադրությունների սերմանում ինչպես նրանց միջեւ, այնպես էլ, ցավոք, մեր միջեւ։

Հիշենք մեր պատմությունը եւ դաս առնենք այդ պատմությունից։ Չէ՞ որ ներքին հակասություններն ու թշնամանքներն են, որ փոքրացրել են մեր հայրենիքը։

Առավել քան երբեք, այսօր պետք է զգույշ լինենք մեր թե՛ գրավոր, թե՛ բանավոր արտահայտությունների մեջ։

Սուրբ գրքի 34։15 սաղմոսը մեզ սովորեցնում է. «Քու լեզուդ չարութենե պահե ու շրթունքներդՙ նենգություն խոսելե»։

Այսօր նախագահի մեր թեկնածուները բոլորն էլ մարդ են, ամեն մեկն ունի իր լավ ու վատ կողմերը։ Ամեն մեկն ունի իր ճիշտ եւ սխալ դիրքորոշումները։

Հիմա ի՞նչ անենք։ Միայն սխալները հաշվի առնենք եւ ոչ մեկին չընտրե՞նք։ Կամ մեկին ընտրենք, մյուսներին սկսենք քարկոծե՞լ իր սխալների համար։

Երբ հրեաներն աղաղակեցին, որ թագավոր են ուզում ունենալ, Տերը Սամուել մարգարեի միջոցով նրանց համար առաջին թագավոր օծեց Սավուղին։ Նրանից հետո Դավթին, հետոՙ Սողոմոնին (որին իմաստնություն շնորհեց) եւ այլն։ Ամեն մեկին նա օգնում էր իր ունեցած հավատքի չափով եւ իր հետ ունեցած հաղորդակցման չափով։ Հենց հեռանում էին նրանից, թագավորությունը վերցնում էր։

Այնպես որ, ով էլ ընտրվի այսօր Հայաստանի նախագահ, եթե հավատք ունի առ Աստվածՙ կայուն կլինի նրա իշխանությունը միայն ժողովրդով։

Մեզ մնում է հավատքով, աղոթքով եւ ոչ թե չարախոսությամբ ու թշնամություն սերմանելով պատրաստվենք եւ կատարենք մեր քաղաքացիական պարտքըՙ հայրենիքի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, ի փառս Աստծո, ի սեր մեր հայրենիքի։

ԱՇՈՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4