«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2003-02-20 | #34, 2003-02-21 | #35, 2003-02-22


ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱՄ ԹՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ

«Ազգի» խմբագրատուն էր այցելել քաղաքացի Կարպիս Գեւորգյանը, որը ներկայացրեց իր դիտարկումներըՙ կապված ՀՀ նախագահական ընտրություններին թեկնածուների ստացած ձայների քանակի թվագիտական վերլուծական նյութերի հետ։ Եվ այսպես, առավել ձայներ ստացած 4 թեկնածուների ձայների թվանշանների գումարներն ունեն հետեւյալ տեսքը.

Ռ. Քոչարյան 707155 7+0+7+1+5+5=25

Ս. Դեմիրճյան 400846 4+0+0+8+4+6=22

Ա. Գեղամյան 247360 2+4+7+3+6+0=22

Ա. Կարապետյան 41683 4+1+6+8+3=22

Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալներիՙ Ռ. Քոչարյանի ստացած ձայների թվանշանների գումարից ստացված «25» թվանշանը խորհրդանշում է երկու անգամվա հաղթանակՙ 2 եւ 5 (5 հաղթանակի նշան է), մանավանդ երկրորդ փուլի ընտրությունները կայանալու են մարտի 5-ին։ Այստեղ ունենք երկրորդ հաղթական համընկնումը։

Առավել հետաքրքրական է մնացած երեք թեկնածուների ձայների թվանշանների գումարից ստացված թիվըՙ 22, բացառապես համընկնում են (նման պատահականություններ կարո՞ղ են լինել), որը նշանակում է 2 անգամ ունենալ նույն արդյունքը։ Եթե վերլուծենք «22» թիվը մեկ այլ տեսանկյունից, երկու 11 թվերի գումար է, իսկ 11 թվերի առատությունը, մեղմ ասած, լավ արդյունքի չի բերում։ Որպես ասվածի ապացույց հիշենք 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի ողբերգությունը, որը տասնյակ «11» թվանշանների համընկնում էր.

1. 11 սեպտեմբերի։

2. Սեպտեմբերի 11-ը տարվա 245-րդ օրն էՙ 2+4+5=11։

3. Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկու շենքերի վրա հարձակված ինքնաթիռներից մեկի մեջ եղել է 65 մարդ (6+5=11), մյուսի մեջՙ 83 (8+3=11)։

4. Զոհվեց 2801 մարդ (2+8+0+1=11)։

5. Այն նահանգը, որտեղ գտնվում է Նյու Յորքը, 11-րդն է մտել ԱՄՆ-ի կազմի մեջ։

6. Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկու միանման շենքերը հիշեցնում էին գիգանտ «11» թիվը եւ այլն։

Վերադառնալով ՀՀ նախագահական ընտրություններինՙ ունենք եւս մեկ համընկնումՙ մարտի 5-ը տարվա 64-րդ օրն է, իսկ արդյունքների ամփոփման օրըՙ մարտի 6-ը, տարվա 65-րդ օրն է (6+5=11)։

Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի եւ Արամ Կարապետյանի համար 3-րդ «11» թվի համընկնում է, որն իրենց որեւէ լավ բան չի խոստանում ըստ թվագիտության։

Ինչպես տեսնում ենք, թվագիտության կյանքին մոտ լինելը կարող ենք ստուգել մոտ ապագայում, մեկ անգամ եւսՙ 2003 թ. մարտի 5-ին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4