Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր անկարողության պատճառով ի վիճակի չգտնվեց ՖԻՖԱ-ի կողմից հատուկ սահմանված երկու խաղային օրերին միջազգային ընկերական հանդիպումներ կազմակերպել։ Արդյունքում միայն երրորդ օրըՙ փետրվարի 12-ին, կարողացավ կազմակերպել ընկերական հանդիպում Իսրայելի հավաքականի հետՙ վտանգի տակ դնելով Հայաստանի ազգային հավաքականի անդամների կյանքը եւ անվտանգությունը։
Ելնելով անվտանգության հանգամանքներիցՙ արդեն երկու տարի է, ինչ ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես արտահայտել է իր լիովին ըմբռնումը եւ համաձայնությունը այն եվրոպական ակումբների հետ, որոնք հրաժարվել են հանդիպումներ անցկացնել Իսրայելի տարածքում։ Միեւնույն ժամանակ, անգամ Իսրայելի ազգային հավաքականը եւ Եվրոպայի գավաթների խաղարկությանը մասնակցող իսրայելական թիմերը այդ ժամանակից ի վեր իրենց հանդիպումներն անցկացնում են չեզոք տարածքներումՙ մասնավորապես Կիպրոսում։ Հետեւաբար, «Արարատ» ֆուտբոլային ակումբի որոշման հիմքում ընկած է ոչ թե Իսրայել-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը իր ֆուտբոլիստների մասնակցության հարցում դժկամություն ցուցաբերելը, այլ ՈՒԵՖԱ-ի կողմից ընդունելի այն հանգամանքը, համաձայն որի սեփական խաղացողներին չպետք է վտանգել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, դեմագոգիկ կերպով շահարկելով ազգային զգացմունքները, չընդունելով «Արարատ» ՖԱ-ի փաստարկները, կայացրեց կոշտ եւ ամոթալի որոշում. ակումբը մեկ տարի ժամանակով զրկվեց ՀՖՖ հովանու ներքո կազմակերպվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից, տուգանվեց 200 000 դրամով եւ Իսրայել-Հայաստան հանդիպմանը չմասնակցած հինգ արարատցիների հարցը տեղափոխվեց տրանսֆերային եւ ֆուտբոլիստների կարգավիճակի կոմիտեՙ ազատ կարգավիճակ տալու համար։ Մինչդեռ միեւնույն պատճառով Իսրայել-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը չմասնակցած տարբեր թիմերի այլ հինգ խաղացողների նկատմամբ ոչինչ չկիրառվեց։
Նման վարվելակերպով, այսպես կոչված ֆուտբոլի ֆեդերացիան ոչ միայն վարկաբեկեց Երեւանի «Արարատի» համբավը, պատմական նշանակությունը եւ հայկական ֆուտբոլի փառքը, այլ նաեւ նվազ հարգանք ցուցաբերեց ՈՒԵՖԱ-ի կողմից ընդունված որոշումների եւ միջազգային կանոնների հանդեպ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կայացված այս որոշումը ամենավերջինն է «Արարատ» ՖԱ-ի հանդեպ կիրառված խտրական որոշումների շղթայում, այն էՙ 2001-2002թթ. «Արարատ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Աղվան Մկրտչյանի անօրինական փոխադրումը «Փյունիկ» ՖԱ, հայկական ֆուտբոլի աստղ Արկադի Անդրեասյանի, ով «Արարատ» ՖԱ-ի փաստացի մարզիչն է, դեմ կայացրած մի շարք նվաստացուցիչ որոշումներ։ ՀՖՖ-ն վերջերս, առանց որեւէ բարոյական եւ իրավական հիմքերի, նրան ճանաչեց հայկական ֆուտբոլում «ոչ ցանկալի անձ»։
Հետաքրքիր է, թե որքան ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կթույլատրվի սպանել հայկական ֆուտբոլըՙ անընդհատ իրականացնելով կոշտ, անհաջող, անօրինական եւ կամայական ղեկավարում։
Սույնով մենք ցանկանում ենք Հայաստանի հարգարժան ժողովրդի եւ սփյուռքի ուշադրությունը հրավիրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության կողմից վարվող քաղաքականության եւ գործողությունների վրա, որի նպատակն է անընդհատ կամայական որոշումների եւ գործողությունների միջոցով, համակարգված կերպով թուլացնել, նվաստացնել եւ հեռացնել հայկական ֆուտբոլի մրցունակ թիմերին, որպեսզի «Փյունիկը», նախապես մշակված գործողությունների արդյունքում, դառնա Հայաստանի առաջնության հաղթող։ Այս սկանդալային իրավիճակը բխում է այն հանգամանքից, որ «Փյունիկի» տերը միեւնույն ժամանակ հանդիսանում է ՀՖՖ նախագահը։
Անընդհատ հանդիպելով այսպես կոչված ֆեդերացիայի խտրական եւ տոտալիտար քաղաքականությանը, «Արարատ» ՖԱ-ն այլ ակումբների հետ միասին ստիպված է նոր քայլեր ձեռնարկելՙ փրկելու եւ զարգացնելու համար հայկական ֆուտբոլը։
Ներկա դրությամբ Հայաստանի եւ սփյուռքի հարգարժան հայ ժողովրդին մենք կարող ենք վստահեցնել, որ Արցախից մինչեւ Գյումրի եւ Մեղրիից մինչեւ Լոռի, տարբեր թիմեր հնարավորություն կստանան մրցակցելու ոչ խտրական, ազնիվ ֆուտբոլային մրցաշարում, «Արդարացի խաղի» սկզբունքներով։ Այս առթիվ մի շարք հայտնի հովանավորներ եւ մասնագետներ արտերկրից եւ Հայաստանից արդեն հավաստել են իրենց համագործակցությունը։
Այս կապակցությամբ, ինչպես նաեւ իր վճռորոշությունը ցուցադրելու նպատակով, «Արարատ» ՖԱ-ն կրկնապատկել է ջանքերը ապագայում Հայաստան բերելու եւս 15 լեգեոներների, որպեսզի «Արարատ» ՖԱ-ն հասնի բարձր միջազգային մակարդակի։
Ոչ մի բիրտ ուժ չի կարող վնաս պատճառել Երեւանի առասպելական «Արարատին»։
Կեցցե «Արարատը» եւ նոր հայկական հաղթական ֆուտբոլը։