Ընդամենը 3 տարի առաջ լրատվամիջոցները մեծ աղմուկ բարձրացրին սիգ ձկան պաշարներին սպառնացող վտանգի վերաբերյալ։ Ձկնաբանները նախազգուշացնում էին, թե սիգ ձկանն էլ սպասում է իշխանի ճակատագիրը, եթե դրան էլ վերաբերվենք այնպես, ինչպես իշխանին։ Ժամանակ անցավ, լրագրողները հետեւողական չեղան, եւ սիգը կրկին մոռացվեց։
Այսօր նույնիսկ գիտնականները դժվարանում են ենթադրություններ անել սիգ ձկան ներկա վիճակի մասին։ ՀՀ ԳԱԱ ձկնաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն, ձկնաբան Բորիս Գաբրիելյանի վկայությամբ, արդեն 3-րդ տարին է ձկան պաշարների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով ամենամյա ուսումնասիրությունները չեն ֆինանսավորվում։ Վերջին հետազոտությունը եղել է 1999 թվականին։ Նպատակը, ի վերջո, ձկան պաշարների մասին նախարարությանը գիտական եզրահանգումների, նաեւ հաջորդ տարվա վերաբերյալ կանխագուշակումների տրամադրումն է։ Դրանք անհրաժեշտ են ամենից առաջ ամենամյա որսարգելքի ժամանակ ճիշտ քաղաքականություն ուրվագծելու համար։
Գիտնականների համոզմամբ, լոկ տեսական հաշվարկներով, սիգի պաշարներն անկասելիորեն դեպի անկում են գնում։ Այսօր սիգն էլի առատ է շուկաներում, փողոցային վաճառակետերում։ Մի հսկա մարզի բնակչության համար ապրուստի միջոց դարձած ձկանՙ նկատելի խոշոր չափերն ավելի հաճախ են հանդիպում։ Եվ վաճառվում են անհամեմատ ավելի թանկ, քան 1,2 տարի առաջ, հատըՙ 150¬170 դրամ։ Սակայն, ըստ Բորիս Գաբրիելյանի, խոշոր չափերով ձկան հայտնությունը մեր վաճառակետերում ահազանգում է այլ իրողության մասին։ Ձկնորսները զանգվածաբար սկսել են օգտագործել բոլոր չափերի, նաեւ մեծ խորշերով ուռկաններ, եւ Սեւանը, փաստորեն, քամվում է։ Մի քանի տարի առաջ որսասպանդից փրկված սիգերը, որոնք այսօր 3¬4 տարեկան են, հիմա որսվում են։ Ձկնագետի համոզմամբ, դա խիստ վտանգավոր գործընթաց է, քանի որ կորստյան վտանգի առջեւ հայտնվել է մայրական կազմը։ Մինչ այժմ, արդեն 3¬4 տարի մանր ցանցերի միջոցով ձկնորսները որսում էին հիմնականում ոչ հասուն, մանր տեսակները։
Իհարկե, ինչպես ամեն տարի, այս աշնանն էլ սիգի ձվադրման շրջանումՙ նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը որսարգելք սահմանվեց։ Միջոցառման իմաստը ձվադրող վտառները պահպանելու խնդիրն է, որոնք արդեն սեպտեմբերի վերջից սկսում են կազմավորվել։ Ընդհանրապես, ձկնաբանները համոզված են, որ սիգի որսի երկու երրորդը պետք է կատարվի գարնանը, եւ միայն մեկ երրորդըՙ աշնանը։ Մեզանում, իհարկե, ձուկ ավելի շատ սիրում են ուտել աշնան ու ձմռան ամիսներին։ Այսինքնՙ ձվադրման պիկը եւս հայտնվում է եռուն որսի գրաֆիկում։ Վկան ամեն քայլափոխի առաջարկվող ձուկն է ու կիլոգրամներով ձկնկիթը։
Ծանոթ բնապահպաններից մեկը պատմեց, որ անցած դեկտեմբերին, Ամանորի նախաշեմին եղել է Թբիլիսիում։ Այցելել է մի քանի շուկա եւ ապշել վաճառքի ներկայացված սիգ ձկան առատությունից։ Ընդ որում, վաճառվել է հնգապատիկ թանկ, քան Երեւանումՙ 700¬800 դրամին համարժեք լարիով։
Ձկնաբանների հաշվարկներով, սիգի ամենամեծ պաշարներ արձանագրվել են 1989¬1991 թթ.։ Հենց այդ տարիներին սիգի խելահեղ որս եղավ, քանի որ դարձել էր սպիտակուցային միակ մատչելի սնունդը սրընթաց աղքատացող հասարակության մի մեծ շերտի համար։ Երկրորդ նման փորձությանը սիգը էլ չի դիմանա։ Բորիս Գաբրիելյանի հավաստմամբ, արդեն 3 տարի առաջվա հետազոտությունները սիգի պաշարներիՙ 5¬6 անգամ անկման ցուցանիշներ արձանագրեցին։ Իհարկե, ձկնաբաններն այսօր էլ ժամանակ առ ժամանակ սեփական նախաձեռնությամբ փորձագիտական որս են կազմակերպումՙ փորձելով գոնե պարզագույն ու կոպիտ հնարքներով (որսագործիքի արդյունագործական գործակիցը հաշվվում է 1 ցանցի «որսած» ձկների միջին քանակով), պարզաբանել այն միտումները, որ այսօր բնորոշում են, սիգի հետագա ճակատագիրը։ «Սիգի փրկության միակ ելքը միայն գիտականորեն հիմնավորված որսի թույլտվությունն է, եւ իհարկե, վերահսկումը, որ սահմանված քանակից ավելի որս չլինի», ասում է Բորիս Գաբրիելյանը։
Արդեն 3 տարի, այս տարի էլ որսարգելքի սեզոնում նշվեց թույլատրելի որսի նույն քանակըՙ 600 տ։ Դա 1999թ. ձկնաբանների վերջին ուսումնասիրության արդյունքում հանձնարարված չափաքանակն է։ Այս տարի էլ այն չփոխվեց, բայց ի՞նչ հիմնավորմամբ, ի՞նչ կանխատեսումների հենվելով, հայտնի չէ։
Այս տարի բյուջեից մասնակի հատկացում եղավ միայն ձվադրող վտառի հետազոտման համար։ Պարզվեց մի հետաքրքրական երեւույթ եւս. սիգի աճի տեմպերը բարձրացել են։ Գիտնականները համոզված են, որ այս փաստը միայն հուսադրում է սիգի պաշարների անկման վերաբերյալ իրենց մռայլ կանխատեսումները։ Դա նշանակում է, որ սիգի տեսակակազմը խիստ նոսրացել է, եւ լճում առկա կերային բազան շատ ավելին է, քան անհրաժեշտ է առկա պաշարների համար։ Կերային բազայի եւ առկա պաշարների միջեւ հավասարակշռություն ստեղծելու համար արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակի սահմանումը հենց գիտական ուսումնասիրությունների հիմնական առաքելությունն է։ Գործընթացը մոռացվել է հենց այնպես, առանց բացատրությունների...
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ