Հայաստանի օրակարգում նախագահական ընտրություններն են եւ դրա արդյունքների շուրջ իշխանության ու ընդդիմության միջեւ ծավալվող կատաղի պայքարը։ Թվում էր, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի ապազգային քաղաքականությունից բխող կարոտախտով պայմանավորված հակակրանքը եւ նախագահի թեկնածուների սանձարձակությունները, ինչպես նաեւ դրանց ծառայեցումը Հայաստանի ապակայունացման ՀՀՇ-ական նկրտումներին թուրքերին կշահագրգռեն, այսպիսով նախագահական ընտրությունները կհայտնվեն թուրքական թերթերի ուշադրության կենտրոնում։
Թուրքական քաղաքական շրջանակներիՙ Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից հեռացնելու շահագրգռությունները հայտնի են, Հայաստանի ապակայունացմանը նպաստելու պատրաստակամությունըՙ առավել եւս։ Հարկ է, սակայն, նշել, որ հակաիրաքյան պատերազմն էլ թուրք-ամերիկյան հարաբերություններն է սրել, ավելինՙ Վաշինգտոնին արձագանքել է Միջազգային արժութային հիմնադրամը, որի հետեւանքով ապակայունացման սպառնալիքի առջեւ է կանգնել Թուրքիայի առանց այդ էլ անկայուն տնտեսությունը։
«Ազգը» փետրվարի 19-ի համարում «Հակաիրաքյան պատերազմին Թուրքիայի մասնակցությունը սակարկության առարկա է դարձել» խորագրով անդրադարձել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ առկա տարաձայնություններին, ընդգծելով, որ թուրքերը մասնակցության դիմաց 26 մլրդ դոլար են պահանջում։ Խոսքը 6 մլրդ դոլար անհատույց ռազմական եւ 20 մլրդ դոլար տնտեսական օգնության մասին է, որի դիմաց թուրքական կառավարությունը պարտավորվում է Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի օրակարգում դնել «Երկրի տարածքում ամերիկյան զորքերի տեղաբաշխման եւ հակաիրաքյան պատերազմին թուրքական զինված ուժերի մասնակցության» մասին կառավարական հրամանագիրը։
Չնայած ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Պոլ Վոլֆովիցի «մասնակցության հարցում մինչեւ փետրվարի 18-ը վերջնականապես կողմնորոշվելու» նախազգուշացմանն ու պետքարտուղար Քոլին Փաուելի սպառնալիքներին, Աբդուլլահ Գյուլի կառավարությունն առ այսօր խուսափում է ընդառաջել ամերիկացիներին։ Այդ ընթացքում թուրքական կենտրոնական թերթերը, ըստ երեւույթին տուրք տալով Վաշինգտոնին, ոչ մի ջանք չեն խնայում, որպեսզի թուրք-ամերիկյան տարաձայնությունները պայմանավորվեն սոսկ ԱՄՆ-ից ակնկալվող ֆինանսական օգնությամբ։ Նման մոտեցմամբ տարաձայնությունների հիմքում ինքնաբերաբար դրվում են օգնության չափերի շուրջ ծավալվող սակարկությունները։
Իրաքի դեմ ԱՄՆ-ի պատերազմին հակադրվելու համար Թուրքիան շատ ավելի լուրջ պատճառներ ունի, քան տնտեսական օգնությունը։ Պարզապես ԱՄՆ¬ին մերժելու նրա հնարավորություններն են սահմանափակ։ Այլ կերպՙ նա անելանելի վիճակում է։ Պարզապես փորձում է գոնե սակարկության միջոցով բարձրացնել ռազմական գործողություններին մասնակցելու գինը։ Մինչեւ Վոլֆովիցի նախազգուշացումը, Վաշինգտոնը համաձայնել էր Թուրքիային տրամադրել ընդամենը 6 մլրդ դոլար, 2 մլրդնՙ որպես ռազմական անհատույց օգնություն։ Սակայն, բախվելով թուրքական կառավարության համառ դիմադրությանը, ամերիկացիները տեղի են տալիս եւ Անկարային տեղեկացնում են, որ մասնակցության հարցի արագ կարգավորման դեպքում պատրաստ են բավարարել պահանջը։ Նույնիսկ նախագահ Բուշն անձամբ ելույթ է ունենում եւ բանավոր խոստանում է 26 մլրդ դոլարի օգնություն։
Ի պատասխան դրան, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնում է, որ միջպետական հարաբերություններում բանավոր խոստումներն առանձին արժեք չեն ներկայացնում։ Ուստի գրավոր երաշխիք է պետք։ Ինչո՞վ է դա պատճառաբանվում։ Նրանով, որ Պարսից ծոցի պատերազմին ԱՄՆ-ը նույնպես օգնության բանավոր խոստում էր տվել, բայց խոստմանը հետամուտ չի եղել։ Ավելինՙ հակաաֆղանական պատերազմի համար Պակիստանին խոստացած ֆինանսական օգնությունն առ այսօր չի տրամադրել։
Էրդողանի վերոհիշյալ առարկումը բուռն հակազդեցություն է առաջ բերում Վաշինգտոնում։ Անկարայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Փիրսոնը, ինչպես այդ մասին փետրվարի 21-ի համարում «Զամանն» է նշում, հանդիմանում է թուրքերին, թե նախագահ Բուշի բանավոր խոսքով պետք է բավարարվել։ Ապա նա ավելացնում է. «Մեծարգո Էրդողանն Իրաքի դեմ ռազմական գործողությունների համար պարտադիր պայման է համարում ՄԱԿ-ի երկրորդ որոշման ընդունումն ու Թուրքիայի համար նախատեսվող օգնության փաթեթի հաստատումը Սենատում։ Մինչդեռ դա առնվազն 6 շաբաթ կտեւի։ Մենք այդքան ժամանակ չունենք, իսկ դուք Սենատի որոշման մասին մինչեւ հիմա չէիք պնդում»։
Թե ինչ ընթացք կունենան թուրք-ամերիկյան սակարկություններըՙ դժվար է ասել։ Բայց որ թուրքերը մտադիր են սակարկության հարցում մինչեւ վերջ համառել, ակնհայտ է։ Համենայն դեպս, փետրվարի 20-ին Էրդողանը հայտարարել է, որ կառավարությունը չի պատրաստվում ավելի շուտ, քան երեքշաբթի օրը Մեջլիսի քննարկմանը ներկայացնել «Երկրում ամերիկյան զորքերի տեղաբաշխման եւ հակաիրաքյան պատերազմին թուրքական զինված ուժերի մասնակցության» մասին կառավարական հրամանագիրը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ