«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2003-02-21 | #35, 2003-02-22 | #36, 2003-02-25


ՊՐՈՖ. ԱՈՒՐՈՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նույն «Պրո-Արմենիա» խորհրդաժողովի թեմային է անդրադառնում ճանաչված հրեա գիտնական Յաիր Աուրոնը «Հետեւողականության կարեւորությունը» հոդվածում, որն էլ. փոստով մեզ է ուղարկել Զորյան ինստիտուտը։ Դրանում նա գրում է.

«Հունվարի 31-ին, երբ ես պատրաստվում էի ինքնաթիռ բարձրանալ Փարիզ ուղեւորվելու եւ «Պրո-Արմենիա» խորհրդաժողովին մասնակցելու (հրավերը ստացել էի անցյալ նոյեմբերին), հանկարծ կազմակերպիչները հեռախոսազանգով ինձ հաղորդեցին, որ չմեկնեմ։ Պատճառաբանությունը, որ ներկայացրին ինձ, զայրացուցիչ էր։ Ինձ հայտնեցին, որ Լիբանանից եւ մյուս արաբական երկրներից խորհրդաժողովին մասնակցող քաղաքացիներին իբր այդ երկրների կառավարությունները կարգադրել են իսրայելցիների ներկայությամբ որեւէ միջոցառման չմասնակցել։

Անմիջապես բողոքի նամակ ուղարկեցի, որն Իվ Թեռնոնը կարդաց խորհրդաժողովի առաջին նիստի ընթացքումՙ կազմակերպիչների համաձայնությամբ։ Թեռնոնը նաեւ հոդված գրեց այդ առթիվ փարիզյան «Յառաջ» թերթի փետրվարի 6-ի համարում։ Զորյան ինստիտուտը հայտարարություն հրապարակեցՙ քննադատելով երեւույթը եւ բացատրություն պահանջելով։

Կազմակերպիչները բացատրեցին, թե Միջին Արեւելքի անկայուն վիճակը եւ պատերազմի հավանականությունը հաշվի առնելովՙ խոհեմություն են համարել բացառել իսրայելցու ներկայությունը։ Բարեբախտաբար, նրանք ընդունեցին իրենց պատճառաբանության թույլ լինելը եւ ափսոսանք հայտնեցին պատահածի համար։ Խոստացան իմ զեկուցումը հրապարակել խորհրդաժողովի ինտերնետային սայթում եւ նույնիսկ կազմակերպել, որ Հայաստանում հանդես գամ դասախոսություններով։

Երախտապարտ եմ Իվ Թեռնոնին, Իսրայել Չառնիին եւ Զորյան ինստիտուտինՙ հարցին հրապարակային հնչեղություն տալու համար։ Զգացված եմ նաեւ իմ գործընկերների եւ այլ գիտնականների զորակցական արտահայտություններից։ Հասկանում եմ, որ ինձ հետ պատահածը սխալ դատողության հետեւանք է։ Այնուամենայնիվ, խորը մտահոգություն պետք է հայտնեմ դրա հետեւանքների վերաբերյալ։ Ես դրա հակազդեցությունն եմ տեսնում այլ ուղղություններով։ Նամակներ եւ խմբագրականներ են գրվում հայերի եւ հրեաների կողմից, որտեղ նրանք դատապարտում են հակասեմական դրսեւորումները հայերի շրջանում, կարծես վերջիններս միաձույլ մի հավաքականություն լինեն եւ յուրաքանչյուր անդամ մեղավոր լինի դրանում։ Իսրայելցիներին եւ հրեաներին պաշտպանելու իրենց փութաջանության մեջ նրանք աղաղակող ռասիզմ են քարոզում։

Բոլոր մարդիկ սխալական են։ Եվ մենք դատապարտելով լուրջ սխալները, պետք է պատրաստ լինենք ներելու, երբ առկա է զղջումը։

Հակասեմիտիզմն ու ընդհանրապես ռասիզմը գոյություն ունեն ամբողջ աշխարհում, ամեն հասարակության մեջ։ Ոչ մի ազգ, ժողովուրդ դրանից զուրկ չէ։ Այդ երեւույթը կա ինչպես հայերի, այնպես էլ հրեաների մեջ։ Բայց մենք պետք է հետեւողական լինենք։ Չենք կարող դատապարտել ռասիզմը մի խմբավորման մեջ եւ թույլ տալ նույնի գոյությունը մի այլ խմբավորման մեջ։

Ես հաստատ կանգնած եմ Հայոց ցեղասպանությունը ժխտողների դեմ պայքարելու իմ վճռական դիրքում։ Դա իմ պարտականությունն է որպես մարդ, որպես հրեա եւ որպես Հոլոքոսթի հետեւանք ստեղծված պետությանՙ Իսրայելի քաղաքացի։

Եթե մեկն ու մեկը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ապա նա մթնոլորտ է ստեղծում, որտեղ հնարավոր է դառնում նաեւ ժխտել Հոլոքոսթը։ Յուրաքանչյուր ցեղասպանության ժխտումը ճշմարտության եւ մարդկային արժանապատվության վրա կատարված գրոհ է։ Որպես մարդ, հրեա եւ իսրայելցի, ես պետք է հետեւողական լինեմ։ Մենք բոլորս պարտավոր ենք հետեւողական լինել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4