«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2003-02-22 | #36, 2003-02-25 | #37, 2003-02-26


Ա1+ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋՈՒՄ ԿԵՂԾՈ՞ՒՄ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

«Ազգը» բազմիցս եւ հաճախակի է նամակներ ստանում իր ընթերցողներից։ Նամակներն, իհարկե, տարաբնույթ ու բազմաբովանդակ են լինում։ Մասնավորապես փետրվարի 24-ին «Ազգի» էլեկտրոնային հասցեով ստացվել է մի նամակ, որում հեղինակ Գեւորգ Պողոսյանն իր հետաքրքրական դիտարկումներն է ներկայացնում Ա1+-ի ինտերնետային էջում անցկացված էլեկտրոնային քվեարկության արդյունքների մասին։ Քվեարկությունն անցկացվում է «Ո՞ւմ կտաք ձեր ձայնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում» թեմայով։

Ինչպես նշում է Գեւորգ Պողոսյանը, իր կարծիքով եւ եզրակացությամբ, էլեկտրոնային նշված քվեարկության մեջ կեղծումներ են տեղի ունենում հօգուտ Դեմիրճյանի։ Համադրելով ինտերնետային էջ մտած անհատական համակարգիչների եւ դրանց կատարած քվեարկության քանակական տվյալները, պրն Պողոսյանը եզրակացնում է, որ կեղծվել է մոտ 1500 ձայն, այն դեպքում, երբ տվյալները հետեւյալն են. 2061 քվեարկածներից 1561 ձայնՙ հօգուտ Դեմիրճյանի, 432 ձայնՙ Քոչարյանի։ Բայց քանի որ ինտերնետային էջն անգամ այդքան այցելու չի ունեցել, եւ բոլոր այցելուները չէ, որ քվեարկում են, ապա նվազագույնը, ըստ Գեւորգ Պողոսյանի, 2061 ձայնից ավելորդ է 1000-ը։

Հասկանալի է, որ նշված կեղծումները չեն արվել հօգուտ Քոչարյանի, քանի որ վերջինիս ստացած ձայները 432-ն են։

Նամակագիրը գրում է, որ հակված չէ կեղծումներում մեղադրելու Ա1+-ի անձնակազմին, մինչդեռ կարծում է, որ դեմիրճյանական էլեկտորատն է ավելի հակված կեղծումների։ Հետաքրքրական է, որ իր նման եզրակացությունները Գեւորգ Պողոսյանն ընդհանրական է համարում փետրվարի 19-ի քվեարկության հետ, նշելով, որ, օրինակ, ԵԱՀԿ դիտորդական առաքելության հիշատակած քվեատուփերի լցոնման դեպքերում հստակ չէ, թե ում կողմից է դա արվել։

Գեւորգ Պողոսյանը նշում է, որ կեղծումներ կատարվել են երկուստեք, եւ հարցն այն է, թե ով ինչքան է կեղծել։ Եվ որպես այս կեղծիքներից ելքՙ նամակագիրն առաջարկում է քվեարկել բոլորին դեմՙ տրամաբանական համարելով Հայաստանում խորհրդարանական կառավարման ձեւին անցնելը։ Հենց այս կապակցությամբ էլ պրն Պողոսյանը համարում է, որ հիմնարար հայկական կուսակցությունները, մասնավորապես ռամկավարները, լինելով հայկական մտավորականության կուսակցություն, կարող են համախմբել ժողովրդին եւ սատարել «բոլորին դեմ» թեկնածուին։

Եվս մեկ շեշտադրում է կատարում նամակագիրըՙ խոսելով Քոչարյանին դեմ քվեարկածների հետ։ Գեւորգ Պողոսյանը զարմանում է, որ մարդիկ «սովետական հիվանդություն» ունեն, քանի որ Քոչարյանին դեմ լինելով գտնում են, որ պետք է քվեարկեն Դեմիրճյանի օգտին։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4