«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2003-02-22 | #36, 2003-02-25 | #37, 2003-02-26


ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

«Ազգ» օրաթերթի խմբագրությանը

Ս. թ. փետրվարի 25-ին Ձեր թերթում տպագրվել է «Գիտե՞ք ով է Արամ Կարապետյանը» վերտառությամբ մի հրապարակում, որում տողերի հեղինակն ու հայ հանրությանը «Հայ-հույ» մականունով հայտնի մի կիսաքրեական անձնավորություն ինձ մեղադրում են չեչենների «ստվերային լիդեր», «ռուսաստանաբնակ ադրբեջանցի» Հեյդար Ջեմալի հետ կասկածելի կապեր ունենալու մեջ եւ իմ ներկայությունը Հայաստանում համարում են վտանգավոր։

Հիշյալ դատողությունների կապակցությամբ հայտնում եմ հետեւյալը.

Նախՙ ես, որպես ՌԴ Պետդումայի անվտանգության խորհրդի հարավի հարցերի պատասխանատու, բազմաթիվ շփումներ եմ ունեցել, այսուհետեւ էլ ունենալու եմ ՌԴ, Հարավային Կովկասի եւ այլ երկրների քաղաքական վերնախավի ամենատարբեր դեմքերի եւ շրջանակների հետ։ Այդ թվումՙ Հեյդար Ջեմալի հետ, որը Ռուսաստանի Իսլամական կոնգրեսի նախագահն է եւ շատ հայտնի տեսաբան։ Իմ այս կապերի ու շփումների մասին դեռեւս ամիսներ առաջ հայտնել եմ «Իրավունք» թերթին տված հարցազրույցներից մեկում։

«Հայ-հույ» մականունով Ալեքսանդր Գեւոեւին հանդիպել եմ ընդամենը մեկ անգամՙ 20 րոպեով։ Պարզելով այս անձնավորության ով լինելը, անմիջապես հրաժարվել եմ նրա հետ առնչություն ունենալուց։ Նման տարրերից ոչ մի ակնկալիք չեմ ունեցել, չունեմ եւ ապագայում էլ չեմ ունենալու։

Սույն «Հայ-հույ» մականունով կիսաքրեական տարրն ինձ մեղադրում է հակապետական գործունեության մեջ։ Կոչ եմ անում թե՛ իրեն, թե՛ խմբագրությանը, թե՛ պատկան մարմիններին եւ թե՛ բոլոր այն շահագրգիռ անձանց, որոնք կանգնած են սույն անձի թիկունքում. ձեր ձեռքի տակ եղած տեղեկությունները (եթե կան այդպիսիք) ներկայացրեք Ազգային անվտանգության մարմիններին, գլխավոր դատախազությանն ու ոստիկանությանը եւ ստացեք պարզաբանումներ։

Գեւոեւի նման գործողությունները համարում եմ հակաօրինական եւ հակասահմանադրական։ Հայտնում եմ նաեւ, որ դիմելու եմ ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը, Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությանը (հաշվի առնելով Գեւոեւի ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը), որպեսզի հարուցվի քրեական գործ եւ կանխվեն սույն անձնավորության հակաօրինական գործողությունները ՀՀ տարածքում։ Քրեական գործի հարուցման պահանջով դիմելու եմ նաեւ ՀՀ պատկան մարմիններին։

ՀՀ նախագահի թեկնածու, ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4