Ադրբեջանի Մարդու իրավունքների կենտրոնը տեղեկացնում է, որ Բաքվի իշխանությունները ծրագրել են ապրիլի 1-ից ոչնչացնել Նարիմանովյան գերեզմանատան մի մասը, որտեղով անցնելու է նոր ճանապարհ։ Պաշտոնապես դա հիմնավորվում է նրանով, որ գերեզմանները 12 տարուց ավելի մնացել են անտեր եւ (ըստ խորհրդային տարիների մի հրահանգի) կարող են ոչնչացվել։
Հանգուցյալների ազգականները մինչեւ ապրիլի 1-ը կարող են դիմել գերեզմաններն իրենց ներկայությամբ տեղափոխելու խնդրանքով։ Բայց նկատի ունենալով, որ գերեզմանատունը քրիստոնեական է, այստեղ թաղված հայերից եւ ռուսներից շատերի հարազատները չեն հասցնի դա անել կամ տեղյակ էլ չեն, չխոսելով արդեն հայերի Բաքու գալու դժվարության մասին։
Սակայն չի բացառվում Բաքվի իշխանությունների վրա միջազգային կազմակերպությունների ազդեցության հնարավորությունը։ Թերեւս Կարմիր խաչը կարողանա օգնել, որ հայ հանգուցյալները վերաթաղվեն Հայաստանում եւ Ռուսաստանում։ Իսկ շինարարությունը հնարավոր կլիներ միառժամանակ հետաձգել։