ՀՀՇ-ի անակնկալն անսկզբունքայինների բանակին
ՀՀՇ-ն դեռ ընտրությունների առաջին փուլից 4 օր առաջ որոշակիացրեց, թե ում է տալու նախապատվությունը։ Այնպես որ, վերջին ասուլիսի ընթացքում Դավիթ Շահնազարյանն այս տեսակետից ոչինչ ավելին չասաց։ Ըստ էության այս «ընտրության» մեջ տարօրինակ ոչինչ չկար, եթե նկատի առնենք ՀՀՇ-ի բացահայտ ռեւանշիստական նկրտումները։ Այս կուսակցությանն անհրաժեշտ էր առնվազն այնպիսի թեկնածու, որը հեշտությամբ կապահովեր ստվերային կարգով իրենց ներթափանցումն իշխանական աստիճանահարթակՙ լայն հասարակայնության համար որպես «պաշտպանաշերտ» ունենալով այդ թեկնածուի այսպես կոչված լեգիտիմությունը կամ համաժողովրդական սերը։ Սակայն ինչո՞ւ հենց Ստեփան Դեմիրճյանը եւ ոչ, ասենք, ընդդիմության մեկ այլ թեկնածու։
Իր ամբողջ քարոզարշավի ընթացքում ՀԺԿ առաջնորդը որեւէ անգամ չփորձեց հանրության համար բացահայտելՙ ինչ ծրագրերով է առաջնորդվելու առաջիկա 5 տարվա ընթացքում, ինչ առաջնահերթություններ է դնում իր առջեւ եւ ինչպես է դրանք իրականացնելու։ Միակ բանը, որ այսքան ժամանակ հաջողվել է պարզել Դեմիրճյանի քարոզարշավիցՙ երկրի վարչատարածքային բաժանումը փոփոխության ենթարկելու թեկնածուի նպատակադրվածությունն է։ Դեմիրճյանը մինչեւ վերջ խուսափում է որեւէ մակարդակով նախընտրական բանավեճերին մասնակցելուցՙ փորձելով այդ կեցվածքը բացատրել խաղի կանոններն իր կողմից թելադրելու պատճառաբանությամբ։ Այլ կերպ չի կարելի բացատրել այս թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանի հիմնավորումները, թե իրենց թեկնածուն բանավեճի կգնա միայն իրենց հարմար թեմաների շուրջ, եւ որեւէ հեռուստաընկերություն իրավունք չունի այդ տեսակետից բանավեճերի սեփական թեմաներ առաջարկել։ Թե այդ որ իրավական ակտով է լրատվամիջոցներին Գ. Հարությունյանը հարցազրույցների համար թեմաներ առաջադրել, որն, ի դեպ, հենց լրատվամիջոցների խնդիրն է, թերեւս միայն Ս. Դեմիրճյանի նախընտրական շտաբում գիտեն։
ՀՀՇ շրջանակները չէին կարող չնկատել այդ թեկնածուի ծրագրային հենքից զուրկ քարոզարշավի իրականացումը, ինչը խոսում է Ստեփան Դեմիրճյանի հեշտ կառավարելիության հնարավորության մասին։ Ի դեպ, չմոռանանք, որ այս թեկնածուին հովանավորելու մասին շշուկները նոր չեն, դրանց մասին խոսակցությունները սկսվեցին դեռ այն ժամանակ, երբ Ստեփան Դեմիրճյանը մեկնեց ԱՄՆ եւ Եվրոպա։
Իսկ ընդհանրապես Կարեն Դեմիրճյան ֆենոմենի օգտագործման հանգամանքը (ինչից օգտվում է նաեւ նրա որդին) առկա է եղել դեռեւս այդ գործչիՙ քաղաքական բեմահարթակ վերադառնալու ժամանակ։ Այդ մասին հիշողություններ ունի ժամանակին Կարեն Դեմիրճյանի, ներկայումս Արտաշես Գեղամյանի «հավատարիմ զինակից», Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ըստ որի դեռ այն ժամանակ ՀՀՇ-ն Կարեն Դեմիրճյանից խնդրում էր հնարավորություն ընձեռել ներթափանցել նոր ստեղծվող Ժողովրդական կուսակցության շարքերը։ Ավելինՙ Հովհաննիսյանն անգամ հրապարակեց ՀԺԿ անդամ, ներկայումս արմատական ընդդիմադիր Ստեփան Զաքարյանի անունը, որպես նախկինների ներկայացուցիչն այդ կուսակցության մեջ։ Սակայն նույն աղբյուրը տեղեկացնում էր նաեւ, որ Կարեն Դեմիրճյանը սկզբունքորեն մերժել էր առաջարկըՙ պատճառաբանելով ՀԺԿ-ի բացառապես նոր, թարմ, չվարկաբեկված ուժ լինելու հանգամանքը։ Մինչդեռ հիմա ՀՀՇ-ի ակնհայտ սատարման վերաբերյալ նրա որդին զարմանալի լռություն է պահպանումՙ չբացելով խաղաթղթերը։
Այս տեսակետից կարելի է ասել, ՀՀՇ-ն իսկական պարտիզանի գործ կատարեց։ Թվում էր, թե այս կուսակցությունը, իր համագումարից հետո կանգնելով փաստի առաջ, կատարյալ չեզոքություն կպահպանի։ Սակայն պարզվում է, որ անցնող ժամանակը ՀՀՇ-ն օգտագործում էր քաղաքական գործընթացների տրամաբանությունը, նախագահի թեկնածուների կեցվածքները, նրանց հանդեպ ընտրողների վերաբերմունքն ուսումնասիրելով։ Հազիվ թե այս կուսակցությունն իր գոնե արտաքուստ հանգստությունը խախտեր միայն հայտարարելու համար, թե պաշտպանելու են միայն ՀՀ քաղաքացուՙ դրանով իսկ բացելով արդեն մոռացված քաղաքացիության հին շահարկումների կծիկը, ինչը կարող էր ասել, ասենք, իր որեւէ ներկայացուցչի մասնավոր հարցազրույցի միջոցով։ Իրականում ՀՀՇ-ին անհրաժեշտ էր ցույց տալ, որ ինքը քաղաքական գործընթացներից անմասն չէ, եւ առհասարակ նման դիրք գրավելու մտադրություն չունի։ Եվ չնայած դրան, կուսակցությունը չի կարող միաժամանակ հստակորեն հայտարարել, թե իրենք սատարելու են հենց Ստեփան Դեմիրճյանինՙ վերջինիս ժողովրդականությանը չհարվածելու համար։ ՀՀՇ-ն չի կարող հաշվի չառնել, որ Ստեփան Դեմիրճյանին վստահող էլեկտորատը հիմնականում այն զանգվածն է, որն ընդհանրապես չի ուզում լսել նախկինների անունները եւ շատ զգացմունքային է։
Գրավելով միջանկյալ դիրք եւ ընդամենը հասկացնելով, որ իր նախընտրած թեկնածուն Ստեփան Դեմիրճյանն է, ՀՀՇ-ն փաստորեն ՀԺԿ-ին «հենում է պատին»ՙ նրան չտալով մանեւրելու հնարավորություն։ Այժմ արդեն ՀԺԿ-ն այլընտրանք չունի, այսինքնՙ իր նորահայտ սատարողի «ծառայություններից» հրաժարվել չի կարող, չի կարող նաեւ ժխտել, որ իր թիկունքում ռեւանշիստներն են, քանի որ դրա համար քաղաքական հայտարարություն պետք է անիՙ ցրելու առաջացած եւ աստիճանաբար հիմնավորվող կասկածները, իսկ դրա համար քաղաքական կամք չունի։
Միաժամանակ ՀՀՇ-ն ՀԺԿ-ի հետ փաստի առաջ է կանգնեցրել նաեւ Ստեփան Դեմիրճյանին սատարող մյուս ուժերին։ Բանն այն է, որ նրանցից շատերը, ինչպես օրինակ, ՀԴԿ-ն, ԱԺԿ-ն կամ Արշակ Սադոյանի ԱԺԴ-ն, այլ դեպքերում որեւէ կերպ չեն հաշտվի նախկինների հետ նույն հարթությունում որպես համագործակցող ուժեր հանդես գալու իրողությանը։ Սակայն այս իրավիճակում նրանք ուղղակի պարտադրված են դա անելՙ խաղից դուրս չմնալու համար։ Նրանցից ոչ ոք քաղաքական սկզբունքայնություն չհայտնեց նոր իրավիճակի կապակցությամբ եւ թերեւս չի էլ հայտնի։ Եվ կստացվի մի իրավիճակ, երբ, օգտագործելով այս «համախմբվածների» անսկզբունքայնությունը, ինչի մասին ՀՀՇ-ական շրջանակները մեկ անգամ չէ, որ արտահայտվել են, կհայտնվեն գլխավոր գործող անձի կարգավիճակում։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ