Մինչեւ երեկվա հանրահավաքի սկսվելը այնպիսի տպավորություն կար, որ ամեն ինչ որոշվելու է հենց փետրվարի 26-ին, այսինքնՙ ամեն ինչ պետք է հստակեցվի։ Առավել եւս, որ արդեն հայտնի էին նախագահական ընտրությունների արդյունքները եւ հայտարարվել էր երկրորդ փուլ անցկացնելու մասին։ Անշուշտ, անչափ կարեւոր էր լինելու երկրորդ փուլ անցած ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի կողմնորոշումը։ Բայց ամեն ինչի մասին իր հերթին։
Մատենադարանի մոտ հրավիրված ընդդիմության միտինգը նախորդներից նվազ բազմամարդ էր, թեեւ ստույգ թիվ ասել չենք կարող, որովհետեւ կավիճ չունեինք եւ չէինք կարող մեկ քառակուսի մետր տարածություն գծել, այդ տարածքում տեղավորել մարդկանց ու բազմապատկումներ անել։ Անկեղծ ասած, միտինգավորների մեջ չտեսանք ոչ թմրամոլների, ոչ հարբած կանանց։ Մատենադարանից մինչեւ Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած տարածքում հավաքված մարդկանց մոտ ու նրանց շուրջ չտեսանք նաեւ ոստիկանների, ինչը, հասկանալի է, կգրգռեր մարդկանց։
Միտինգավար, սոցիալիստական ուժերի համակարգող Վարդան Խաչատրյանը խոսքը տվեց ե՛ւ Արամ Գ. Սարգսյանին, ե՛ւ Արամ Զ. Սարգսյանին, ե՛ւ Արշակ Սադոյանին եւ ուրիշ մի քանիսին, որոնք, իհարկե, մեղադրեցին իշխանություններինՙ ընտրությունների ժամանակ կեղծիքներ թույլ տալու համար։ Ելույթ ունեցողների մեծ մասն անհանգստացած խոսում էր ընտրությունները զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանման որակի մասին։ Նրանք հատկապես դժգոհ են հեռուստատեսային մեկնաբանություններից, հատկապեսՙ Հանրային հեռուստատեսությունից։
Դիմելով միտինգի մասնակիցներին, Արշակ Սադոյանն ասաց.
¬ Սիրելի հայրենակիցներ, լավ, ո՞նց կարելի է հանդուրժել այն սուտն ու կեղծիքը, որ սփռվում է Հանրային հեռուստատեսության եթերում։ Գործը նույնիսկ հասել է այնտեղ, որ թվերի մեջ են խաբում։
Արշակ Սադոյանը բացատրեց, որ խոսքը նախորդ հանրահավաքի մասնակիցների թվի մասին է։ Ինքը հատուկ հաշվարկել է ու տեսել, որ Հանրային հեռուստատեսության ներկայացրած թիվը իրականությանը չի համապատասխանում։
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Զ. Սարգսյանին էլ մտահոգել էր ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների սխալ հաշվարկը։ «Եթե ձեզ մոտ թվաբանության մասնագետներ չկան, մենք կարող ենք տրամադրել», իշխանություններին դիմեց Արամ Զ. Սարգսյանը։
Մյուս բոլոր ելույթ ունեցողների խոսքը ընտրություններն անվավեր ճանաչելն էր, այսինքնՙ այն, ինչ նախորդ օրերին արդեն պահանջել էր ՀՀ նախագահության մեկ ուրիշ թեկնածուՙ Արտաշես Գեղամյանը։ Նա, իհարկե, չէր մասնակցում միտինգին, որովհետեւ նախորդ օրերին հստակեցրել էր իր դիրքորոշումը. չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, բայց չի մասնակցելու միտինգներինՙ դրանք համարելով պայքարի ոչ արդյունավետ ձեւ։
Միտինգի բոլոր մասնակիցներն անհամբերությամբ սպասում էին Ստեփան Դեմիրճյանի խոսքին, որը բառացիորեն ասաց հետեւյալը.
¬ Այսօր իշխանությունները խոսում են բանավեճերի մասին։ Իբր քաղաքակիրթ ընտրություններ ենք անցկացրել եւ պետք է գնանք քաղաքակիրթ բանավեճերի։ Այս կապակցությամբ ես ուզում եմ իմ հստակ պատասխանը տալ։ Ես որեւէ խնդիր չունեմ որեւէ բանավեճի մասնակցելու, որովհետեւ վստահ եմ, որ բանավեճում հաղթելու եմ, ինչպես հաղթանակեցի ընտրություններում։ Բայց ես չեմ կարող բանավեճի գնալ մի մարդու հետ, որը հովանավորում է հանցագործներին, կեղծարարներին եւ որեւէ մեկին պատասխանատվության չի ենթարկում։ Երբ որ այս ամենը կանիՙ պատասխանատվության կենթարկի ու կպատժի, խնդրեմ, գնանք բանավիճենք։
Միտինգավորներից շատերին հետաքրքրում էր այն հարցը, թե այսօր, երբ արդեն հայտնի են փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները եւ որոշվել է անցկացնել ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ինքըՙ Ստեփան Դեմիրճյանը, այնուամենայնիվ, մասնակցելո՞ւ է երկրորդ փուլին։ Հարցի պատասխանը գուցե տար միտինգի մասնակիցների ուշադրությանը ներկայացվող հայտարարությունը, որը, ինչպես հաղորդվեց, ընդունել էին միտինգից անմիջապես առաջ, ժամը 15.30-ին Ստեփան Դեմիրճյանին սատարող 13 կուսակցությունները։ Ըստ այդ հայտարարության, ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել զանգվածային օրինախախտումներ, որոնց պատճառով քվեարկության արդյունքները պետք է համարել անվավեր։
Ստեփան Դեմիրճյանին սատարող քաղաքական ուժերը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից պահանջում ենՙ «պաշտոնանկ անել նախարարներ Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Անդրանիկ Մանուկյանին, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, անհապաղ վերջ տալ քաղաքական հետապնդումներին եւ ազատ արձակել վարչական կալանքի տակ գտնվող բոլոր մարդկանց, արդարադատության խորհրդում քննել այն բոլոր դատավորների լիազորությունների դադարեցման հարցը, ովքեր դռնփակ, ապօրինի որոշումներ են կայացրել, առանց փաստաբանների ներկայության, պահանջել ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի հրաժարականը եւ հանձնարարել ՀՀ դատախազությանըՙ գործ հարուցել նրա դեմ, քրեական գործեր հարուցել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ընտրակեղծիքներ են իրագործել, պահանջել Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հրաժարականը»։ «Հանրապետություն», Հայաստանի կոմունիստական կուսակցությունների, Ազգային ժողովրդավարական միության, ԳիԱրՔՄ-ի, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (Ջորջ Հակոբյանի թեւ), Հայաստանի դեմոկրատական կուսակցության, Ազգային ժողովրդավարների դաշինքի, Ազգային ժողովրդավարական կուսակցության, Սոցիալիստական ուժերի եւ մտավորականության, Սահմանադրական իրավունք միության, Ժողովրդավարական հայրենիք միության, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության, ինչպես նաեւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Կարապետյանի ստորագրած հայտարարությամբ պահանջվում է նշված առաջարկությունների անհապաղ կատարում։ Այլապես Ռոբերտ Քոչարյանը պետք է հրաժարական տա։
Մատենադարանի մոտ տեղի ունեցած հավաքն այսպիսով վերջացավ եւ միտինգի մասնակիցները դիմեցին ՀՀ նախագահի նստավայրՙ Ռոբերտ Քոչարյանին այս վերջնագիրը ներկայացնելու։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ